Ովքեր Չինաստանի մասին գիտեն Ջաք Մաի Alibaba-ից, Xiaoami եւ Huawei էլեկտրոնիկայից կամ Ջեքի Չանի մարտաֆիլմերից անդին, վստահաբար լսել են, որ չինացիներն իրենց երկիրը հազարամյակներ շարունակ կոչել են «Անդրերկնային», քանի որ համոզված են եղել, թե Երկիրը բնակեցված է միայն իրենցով, եւ իրենցից վեր էլ միայն Երկինքն է։ Ըստ չինացիների՝ Երկնքի ներկայացուցիչը Երկրի վրա չինական կայսրն էր, եւ աշխարհի կենտրոնը չինական արքունիքն էր։
Դարերի ընթացքում ժամանակը, շփումներն այլ ազգերի հետ, հետզհետե չինացիներին համոզեցին, որ իրենք աշխարհի միայն մի մասն են, այդուհանդերձ, «Անդրերկնային» բառը չինացիները մոռացության չմատնեցին՝ գուցե դրանով արտահայտելով իրենց հարգանքն անցյալի եւ ավանդույթների հանդեպ։ Մերօրյա Չինաստանը, կարելի է ասել, մի կողմից հազարամյա ավանդույթների, իմացության եւ իմաստնության, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնիկայի նորարարությունների ու փորձարարության միահյուսում է։
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունն այս գարնանը նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ 2020-ի COVID-ի համավարակից հետո առաջին անգամ հայաստանցի լրագրողների այց կազմակերպելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ հնարավորություն ընձեռելով, որ հայաստանյան լրագրողները եւ բլոգերները, ընդհանուր թվով՝ վեց հոգի, հունիսի վերջին մեկշաբաթյա այցելությամբ լինեն մայրաքաղաք Պեկինում եւ արդյունաբերական Ցինդաո (Qingdao) քաղաքում՝ անձնապես շփվելու եւ տեսնելու ավանդականն ու նորարարականը մերօրյա Չինաստանում եւ այդ մասին հայաստանյան լսարանին պատմելու։ Ես լրագրողներից մեկն էի, ով հրավիրված էր այդ ճանապարհորդությանը։
Ծրագիրը նախատեսում էր Պեկինում, ի թիվս այլնի, այց Չինական մեծ պատ եւ Արգելված քաղաք, որ չինական կայսրերի արքունի նստավայրն է եղել 15-ից մինչեւ 20-րդ դար, ինչպես նաեւ Չինաստանի ԱԳՆ եւ Կոմունիստական կուսակցության թանգարան (չմոռանանք, որ Չինաստանում գործում են տարբեր կուսակցություններ, բայց 1949-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր երկիրը ղեկավարում է Կոմունիստական կուսակցությունը)։ Այնուհետեւ մեկնում Ցինդաո քաղաք՝ արագընթաց գնացքով, որը տեխնիկապես 500 կմ/ժ արագություն կարող է զարգացնել, բայց գործնականում սլանում է 300 կմ/ժ արագությամբ, այսինքն՝ ճիշտ նույն արագությամբ, ինչ, դիցուք, Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանը Բրյուսելի Brussels Midi կայարանին միացնող TGV գնացքները: Ցինդաոն արդեն Չինաստանի ժամանակակից տեխնիկական արդյունաբերական նվաճումներն ի ցույց դնող քաղաք է։ Ցինդաոյի ծովային նավահանգիստը, օրինակ, որ ամբողջությամբ սպասարկվում է հոսքագծերով, իր ավտոմատացված տերմինալներով ամենամեծն է Ասիա մայրցամաքում եւ տարեկան սպասարկում է ավելի քան 5 մլն TEU բեռնարկղ (TEU-ն 38 խմ ծավալով նավային բեռնարկղեր են՝ 6.10մ x 2.44մ x 2.59մ չափերով)։ Ցինդաոյում կար այցելություն Ավանդական չինական բժշկության կենտրոն եւ, իհարկե, ծրագրի բոլոր օրերին՝ չինական խոհանոց եւ ճաշկերույթներ։
Եվ այսպես․ երկրագնդի ամենահին եւ այսօր ամենահզոր երկրներից մեկը՝ Չինաստան։ Այս հոդվածում՝ ավանդական Չինաստանի մասին, հաջորդիվ՝ ժամանակակից։
Ամենայն չինականի էությունը՝ «Յին-Յան»
«Յան» (Yang), «Յին» (Yin), «Կի» (Qi)… եթե այս երեք բառերը երբեւէ չեք լսել, կարող եք համարել, որ Չինաստանի մասին առանձնապես չգիտեք։
Չեք կարող համարել, թե Չինաստանը գիտեք՝ նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ քայլել եք Չինական մեծ պատի վրայով, որը ոչ այնքան պատ է, որքան միջինը 7-8 մ բարձրությամբ, ամբողջ 21 կմ ձգվող ռազմական ամրություն՝ աշտարակներով, զինապահեստներով եւ այլ ներքին կառույցներով։ Մեծ պատի առաջին հատվածը կառուցվել է Ք․ծ․ա․ 7-րդ դարում՝ հյուսիսից ներխուժած տափաստանային բարբարոսներից պաշտպանվելու համար, սակայն հիմնական շինարարությունը սկսվել է Ք․ծ․ա․ 3-րդ դարից եւ ավարտվել 17-րդ դարում։ 2000 տարի շարունակ Մեծ պատը կառուցելու, ընդլայնելու, ամրացնելու անհրաժեշտություն է եղել, որովհետեւ հյուսիսից քոչվոր բարբարոսներն անվերջ ասպատակել են՝ սկզբում սկյութացիները, հետո՝ թյուրքերը, սելջուկները, մոնղոլները եւ այլն։ Սակայն Մեծ պատը միայն պաշտպանական դերակատարում չէ, որ ունեցել է։ Այն նաեւ պետական-տնտեսական գործառույթ է կատարել՝ ծառայել է որպես պետական սահման, որով անձանց տեղաշարժն է վերահսկվել, բեռների համար տուրքեր են գանձվել, այդ թվում՝ Մետաքսի ճանապարհով երթեւեկող առեւտրականներից։ 20-րդ դարում Մեծ պատն առավելապես մշակութային նշանակություն է ձեռք բերել եւ ընդգրկված է UNESCO-ի մշակութային ժառանագության ցանկում։ Այո, Մեծ պատը Չինաստանի այցեքարտն է, բայց այն տեսնելը դեռ չի երաշխավորում Չինաստան ընկալել։
Չեք կարող համարել, թե Չինաստանն ընկալում եք նաեւ չինական կայսրերի «Արգելված քաղաքում» շրջելուց հետո, որի մասին մասամբ պատմվում է Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» հրաշալի ֆիմում։ Օսկարակիր այդ ֆիլմն իտալացի ռեժիսորի գլուխգործոցներից է, որ ներկայացնում է Չինաստանի վերջին կայսրի եւ «Արգելված քաղաքի» վերջին տիրակալի կյանքի դրաման։ «Արգելված քաղաքը» թանգարանային համալիրի է վերածվել Չինաստանի վերջին կայսրի՝ Պյուիի արտաքսումից հետո՝ 1925-ին, իսկ դրա կառուցումը սկսվել է 1406-ին, երբ չինական կայսրության մայրաքաղաքը Նանջինից (Nanjing) տեղափոխվել է Պեկին (Beijing): Կայսեր եւ իր արքունիքի նստավայր հռչակված նոր քաղաք-համալիրը ծառայել է չինական 24 կայսրերի եւ զբաղեցրել է Վատիկանից 1,5 անգամ մեծ տարածք՝ 72 հեկտար՝ բազմաթիվ շինություններով եւ պարտեզներով։ «Արգելված քաղաքը», ասում են, 90 պալատ է ունեցել, 990 շինություն եւ 9,999 սենյակ կամ սրահ։ Ներկայիս կանգուն սենյակ-սրահները 8 հազար 888-ն են, եւ դրանցում պահվող թանգարանային ցուցանմուշների թիվը գերազանցում է 1 մլն 800 հազարը։ Հիրավի, չինական մասշտաբ եւ ծավալ․․․ Gugong Պալատական թանգարանի հավաքածուներում, որտեղ տարեկան 14 մլն այցելու է լինում, եւ հայաստանցի լրագրողների այցն էլ նախատեսված էր ծրագրի երկրորդ օրը, անթիվ ճենապակյա իրեր են, նկարներ, քանդակներ, զենքեր, գրենական պիտույքներ, թանկարժեք քարեր, զարդեր, ժամացույցներ, սպասք, կահույք, հանդերձներ, ծիսական առարկաներ եւ այլն եւ, իհարկե՝ փաստաթղթեր ու արխիվներ․․․
Այդուհանդերձ, այդքան մշակութային արժեքների ծանոթանալուց, անգամ Չինաստանի 20-րդ դարի քաղաքական վայրիվերումներին ծանոթանալուց եւ տարբեր առաջնորդներին դեմքով միմյանցից տարբերելուց, նույնիսկ Չինաստան զբոսաշրջության գնալուց հետո, ինչը, ի դեպ, Հայաստանի քաղաքացիների համար այն դյուրությունն ունի, որ ՀՀ քաղաքացիներից մուտքի վիզա չի պահանջվում, դարձյալ առանց Yang-ի, Yin-ի եւ Qi-ի, Չինաստանի միայն մակերեսային ընկալում կլինի՝ առանց էության։
Հետեւաբար, ինչ են «Յան»-ը (Yang), «Յին»-ը (Yin), եւ «Կի»-ն (Qi)…
«Կի»-ն մարդու մարմնում առկա կենսական էներգիան է, որի շնորհիվ գոյություն ունի մարդը։ Իսկ «Յան»-ը եւ «Յին»-ը երկու հակադիր բեւեռներն են՝ լույսի եւ խավարի, ակտիվության եւ պասիվության, սպիտակի եւ սեւի, երկնքի եւ երկրի, տղամարդկայինի եւ կանացիի․․․ Այս երկու հակադիր ուժերի միասնությունն է ծնունդ տալիս կյանքին, բոլոր էակներին, ամենայն ինչի՝ ըստ չինական աշխարհընկալման։ Այս հակադրությունների միասնությունն ու դրանց հարատեւ հաջորդականությունն է չինական աշխարհընկալման եւ ինքնաընկալման հիմքը՝ փիլիսոփայությունից մինչեւ բժշկություն, խոհանոց, ֆեն-շույ եւ ինչ ուզեք։
Փիլիսոփայություն, բժշկություն, խոհարարություն
Չինաստանն ընկալելու համար հիմնարար «Yin-Yang» կոնցեպտն արձանագրված է, որքան գիտեմ, չինական ամենահին գրավոր կոթողում, որ ռուսերենում հայտնի է «И Цзин», անգլերենում՝ «I Ching», իսկ չինարենից իմաստային թարգմանությամբ՝ «Փոփոխությունների գիրք» անվամբ։ Այդ գրքի առաջին խմբագրությունները, որ հասել են մեր օրերը, թվագրվում են շուրջ 1100 թ․ Ք․ծ․ա․։ Էության մեջ դա գուշակությունների գիրք է՝ 64 հեքսագրամների մեկնություններով։ Հեքսագրամները պատկերներ են՝ բաղկացած վեց զուգահեռ, ամբողջական կամ ընդհատումով գծիկներից։ Ամբողջական գծիկները ներկայացնում են Yang-ը, ընդհատված գծիկները՝ Yin-ը։ Կախված գծիկների գերակշռությունից՝ հեքսագրամը կամ «Յան»-ը սպիտակ գույն է խորհրդանշում, կամ «Յին»՝ սեւ գույն, որոնք հերթագայում են իրար։ Հեքսագրամները դասավորվում են՝ ինչպես շախմատի խաղատախտակը՝ ութ ուղղահայաց եւ ութ հորիզոնական շարքերով կազմվող 64 վանդակներում։ Առաջին անգամ I Ching-ի հեքսագրամների աղյուսակը տեսնելուց ի վեր ինձ երբեք չի լքում այդ միտքը, որ շախմատի խաղատախտակը կա՛մ I Ching-ից են փոխառել, կա՛մ էլ այդ խաղը հորինել են՝ I Ching-ի քարոզած «Yin-Yang» հակադրությունների միասնության եւ հավերժական շրջապտույտի վիզուալ պատկերը չմոռանալու համար։
Նույն այդ՝ «Յին-Յան» կոնցեպտն այնուհետ չինական փիլիսոփայության մեջ է արտահայտություն գտել՝ թե՛ դաոսիզմի, թե՛ կոնֆուցիականության։ Այլ հարց, որ կրոնի վերածված այդ փիլիսոփայությունները հետագայում անընդգրկելի խոհական-իմացական հորիզոններ են նվաճել։ Բայց չինական կրոն-փիլիսոփայությունների մասին՝ մեկ այլ առիթով, որովհետեւ եթե ամենահամառոտ շարադրմամբ անգամ միայն Լաո-ցի, Կոնֆուցիոս եւ Չժուան-ցի ներկայացվի, արդեն ամբողջ հոդված կստացվի։ Միայն մեկ բացառություն անեմ, որովհետեւ ինձ համար Չինաստանի թիվ մեկ այցեքարտը միշտ էլ եղել եւ այսօր էլ մնում է Կոնֆուցիոսը։ Եվ իր ասույթներից մեկը ես հատկապես շատ եմ սիրում, որովհետեւ այն լուծում է բարոյական դիլեմա, որը քրիստոնեությունը չի լուծում։ Երբ Կոնֆուցիոսին հարցնում են, թե ճի՞շտ է արդյոք, որ «պետք է քեզ ատողին բարությամբ վերաբերվել», կամ «չարությանը բարությամբ պատասխանել» (երկուսն էլ ձեւակերպումներ են դաոսիզմի հիմնարար “Dao de Jing“ տրակտատից, որի հեղինակությունը նվերագրվում է Լաո-ցիին), Կոնֆուցիոսի պատասխանը լինում է․ «Եթե չարությանը բարությամբ պատասխանենք, հապա բարությանն ինչո՞վ ենք պատասխանելու։ Բարությանը պետք է պատասխանել բարությամբ, իսկ չարությանը՝ արդարամտությամբ»։ Ահա՝ այդպիսի բացարձակ ճշմարտություն։
«Yin-Yang»-ի կոնցեպտն ու դրա կրոնափիլիսոփայական հետագա արտածումները ոչ միայն իմացաբանության, բարոյականության եւ նման այլ՝ ոչ նյութական հարթություններում են պատասխաններ տվել եւ ուղիներ հուշել, այլեւ շատ նյութական, ֆիզիոլոգիական, մարդկային կյանքի եւ առողջության հարցերում։ Չինական ավանդական բժշկությունը հենված է հենց «յան-յին» կոնցեպտի վրա՝ պլյուս «կի»-ն։
Շարունակելի