ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Մոսկվա։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը ս/թ․մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:
Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Կարապետյանից, որն արդեն վերադարձել է Հայաստան, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ռուսական կողմի հրավերով էր մեկնել Մոսկվա եւ հանդիպել ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հետ։
«Երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մեր կառավարության լրատվական ստորաբաժանման եւ ՌԴ նախագահի աշխատակազմի միջեւ։ Տեղի ունեցավ հանդիպում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, նաեւ գերատեսչություններում եղան հանդիպումներ։ Կարծում եմ, որ կարեւոր էր ներկայացնելու որոշ շեշտադրումներ Հայաստանի քաղաքականության, բարեփոխումների օրակարգի, այն շեշտադրումների մասին, որ կառավարության ղեկավարը խոսում է դրանք մեր գործընկերներին հասցնելու համար։ Հանդիպումներ եմ ունեցել կարծիք ձեւավորողների, Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության մեջ ներգրավված պատգամավորների, պատգամավորական խմբերի հետ, նաեւ՝ խմբագիրների եւ վերլուծաբանների հետ, որոնք ներգրավված են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քննարկումներում, վերլուծություններում եւ շատ ակտիվ են լրատվական դաշտում»,- մեզ հետ զրույցում արձագանքեց Վլադիմիր Կարապետյանը։
Ռուսական լրատվական դաշտում կային վերապահումներ, բացասական շեշտադրումներ թավշյա հեղափոխության, նրա արդյունքում ձեւավորված իշխանության նկատմամբ։ Որքանո՞վ հաջողվեց կոտրել այդ կարծրատիպը։
Վլադիմիր Կարապետյանը հակադարձում է․ «Ո՞վ է ասում, որ բացասական վերաբերմունք կա։ Ես գնացել, հանդիպել եմ մարդկանց հետ, ոտքից գլուխ դրական վերաբերմունք կա։ Իմ կարծիքով՝ Ձեր գնահատականներն են բացասական շեշտադրումներ պարունակում»։ Միաժամանակ նա հավելեց, որ ՌԴ-ում շատերն ուզում էին հասկանալ, թե ինչ փոփոխություններ են եղել, ոմանց համար անսպասելի էին ՀՀ-ում կատարված փոփոխությունները։
Նկատեցինք, որ ռուս որոշ վերլուծաբաններ, այնուամենայնիվ, վերապահումներ ունեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, նրան առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, իրենց տեսակետներն էին հայտնում նաեւ հայկական ԶԼՄ-ներում։
«Ես համարում եմ, որ չկա կարծրատիպ։ Դա Ձեր մեկնաբանությունն է, մի՛ փաթաթեք Ձեր մեկնաբանությունը հասարակության վրա։ Դուք բացասական ֆոն եք դնում Ձեր հարցի մեջ։ ՌԴ-ում կա մեծ ցանկություն՝ ուսումնասիրելու, հետեւելու, տեսնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մենք ամեն ինչ պետք է անենք այդ հետաքրքրությունը բավարարելու համար։ Եվ դա պետք է արվի պարբերական շփումներով, քննարկումներով, բարեկամական, գործընկերային հարաբերություններով»,- նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։