Հասարակություն

Շահերի բախում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհրդում

Շահերի բախում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհրդում

Հայաստանում, ինչպես գիտենք, գործում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որը ՀՀ առողջապահության նախարարությանը հաշվետու կազմակերպություն է, և որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված ազգային դեղաքաղաքականության իրագործումն է: 
Կենտրոնի հիմնական գործառույթներից են ՀՀ տարածքում դեղերի և բժշկական առարկաների ու սարքերի պետական գրանցման նպատակով փորձաքննության և արժևորվման իրականացումը, ՀՀ տարածք ներմուծվող և հանրապետությունից արտահանվող դեղերի հավաստագրման նպատակով փորձաքննության իրականացումը, ՀՀ տարածքում շրջանառվող դեղերի, դեղագործական այլ արտադրանքի որակի ապահովման, ինչպես նաև կեղծված դեղերի բացահայտման նպատակով դեղագործական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության մասնագիտական ուսումնասիրության իրականացումը, և այլն: Այլ կերպ ասած, Կենտրոնը կարգավորում և վերահսկում է դեղերի շուկան Հայաստանում: 

Այս տարվա դեկտեմբերին առողջապահության նախարարի հրամանով ձևավորվել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհուրդը: Ի թիվս այլոց, տնօրենների խորհրդի կազմում են ներգրավվել դեղ-արտադրողներ և դեղ-ներմուծողներ, մասնավորապես՝ Սերգեյ Մաթևոսյան՝ Լիկվոր ՓԲԸ տնօրեն, Ռուբեն Աստվածատրյան՝ Ռիխտեր-Լամբրոն ՍՊԸ-ից, Գագիկ Վելիջանյան՝ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն:
 Հարց՝ ինչպե՞ս կարող է դեղ-արտադրողը կամ դեղորայք ներմուծողը լինել այդ նույն՝ ներմուծվող և արտադրվող դեղորայքի վերահսկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում։ Երբևէ լսե՞լ եք «շահերի բախում» կամ, ինչպես անգլերեն են ասում, «conflict of interest» հասկացության մասին, Եթե լսել եք, արդյոք սա ուղղակի շահերի բախում չէ՞, Անկախ անձերից, ինչպե՞ս համոզված լինենք, որ տվյալ դեղ ներմուծողը կամ արտադրողը շահագրգռված չի լինի, օրինակ՝ իր արտադրանքի համար արտոնյալ պայմաններ ստեղծել շուկայում? Կամ իրենք իրենց են վերահսկելու, Վերահսկելո՞ւ են իրենք իրենց դեղի որակը։

 Տնօրենների խորհուրդ կազմելիս արդյոք խորհրդակցում եք իրավաբանների կամ այդ գործի գիտակ մարդկանց հետ, մանավանդ, երբ հարցը վերաբերվում է այնպիսի կարևոր ոլորտի ինչն է դեղորայքի անվտանգությունը։ Արդյոք այս ամենի մասին տեղյակ եք եղել, այսինքն՝ գիտակցված եք շահերի բախում ունեցող մարդկանց նշանակել տվյալ կենտրոնի տնօրենների խորհրդում, թե մտքներովդ էլ դա չի անցել, այլ կերպ ասած՝ ուղղակի սխալվել եք։

Վահրամ Ավագյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image