Հասարակություն

Փոխանակ 4-րդ կարգի անասնակեր ցորեն ներկրեք, աշնանացանով զբաղվեք

Փոխանակ 4-րդ կարգի անասնակեր ցորեն ներկրեք, աշնանացանով զբաղվեք

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2 040 816,8 հա, որից վարելահող՝ 440 591,8 հա։ Նույն նախարարության տվյալներով, ՀՀ-ում ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերը 156 հազար 500 հեկտար են։ Հայաստանում չոռոգվող հողատարածքներն արդյունավետ է օգտագործել աշնանացան ցորենի մշակության համար։ Հացահատիկի, հատկապես՝ ցորենի մշակությունը կարեւոր է Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից։ Արցախում մշակվող տասնյակ հազարավոր հեկտար ցորենի արտերի կորստից հետո ցորենով Հայաստանի ինքնաբավության ցուցանիշն ավելի է նվազել։ 

Վերջերս Ադրբեջանի, ապա Վրաստանի տարածքով, երկաթուղով Հայաստան ներկրվեց ղազախական ցորենի խմքաքանակ, սակայն պարզվեց, որ այն 4-րդ կարգի ցորեն է, պիտանի չէ հացի արտադրության համար։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը փոխանակ Այրում կայարանում դիմավորեր Ադրբեջանով ներկրված ղազախական անորակ ցորենի վագոնները, պետք է ի պաշտոնե նպաստի Հայաստանում աշնանացանի հեկտարների ավելացմանը։ Սակայն տարեցտարի աշնանացանի հեկտարները նվազում են։ 

Աշունն ավարտվեց, աշնանացանի համար լավագույն  ժամանակահատվածը՝ նույնպես։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզում ցանված աշնանացան ցորենի հեկտարների վերաբերյալ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Համայնքապետարանների կողմից ներկայացված տեղեկատվությունների համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ օպերատիվ տվյալներով՝ մարզում կատարվել է 1749,0 հա աշնանացան, այդ թվում՝ Բերդ համայնքում -777,2 հա, Նոյեմբերյան համայնքում -671,6 հա, Իջեւան համայնքում-  300,2 հա։ Աշնանացանի աշխատանքները շարունակվում են»։ 

Հիմա տեսնենք, թե անցյալում ինչպես է եղել. 2016 թվականին Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքերը կազմել են 5684 հեկտար։ Անցած 9 տարում Տավուշում աշնանացանի հեկտարները մեծ չափով նվազել են։ Այս տարի գործում է աշնանացան ցորենի մշակությանն աջակցության պետական ծրագիր, որով մշակվող ամեն հեկտար աշնանացանի դեպքում  մշակողին տրվում է 80 հազար դրամ աջակցություն։ Սակայն այդ օգնությունը հատկացվում է միայն պետական հավաստագիր ունեցող ցորեն ցանելու դեպքում։ 2023 թվականին պետական աջակցությամբ   աշնանացան ցորենի հեկտարի հաշվով պետական բյուջեից մշակողին 70 հազար դրամ էր տրվում, իսկ էլիտար սերմացուով ցանելու դեպքում՝ 120 հազար դրամ։ 

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար, այժմ Բերդի համայնքապետարանի մասնագետ Կամո Չոբանյանը տարիներ շարունակ զբաղվում է Ռուսաստանից որակյալ սերմացուի ներկրմամբ, հացահատիկի մշակությամբ։ Նա մեզ ասաց, որ անցյալ շաբաթ ինքը 150 տոննա սերմացու ցորեն է տրամադրել Իջեւան համայնքի Կիրանցի, Սարիգյուղի, Սեւքարի, Այգեհովտի, Աչաջրի, Վազաշենի ֆերմերներին։ Որակյալ ցորենի սերմացուն վաճառվում է կիլոգրամը 250 դրամով, մեկ հեկտար ցանելու համար պահանջվում է 200 կիլոգրամ ցորեն։ Կ․ Չոբանյանը հայտնեց, որ այս տարի ինքը հայրենի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ցանել է 8 հեկտար ցորեն, իսկ ամբողջ գյուղում ցանվել է շուրջ 150 հեկտար աշնանացան ցորեն։ Մեկ հեկտար վարի համար տրակտորիստին վճարում են 45 հազար դրամ, իսկ Բերդ համայնքում՝ 55 հազար դրամ։ Պետության կողմից ցորենի մշակության համար տրվող օգնությունը՝ մեկ հեկտարի հաշվով հատկացվող 80 հազար դրամը, չի բավարարում անգամ ցորենի սերմի ու աշնանացանի վարի համար վճարելուն։ Մինչդեռ հողագործը պետք է վճարի նաեւ արտհնձի ու հնձված ցորենը դաշտից տեղափոխելու համար։ Խնդիր է այն, որ Տավուշում ցանվող ցորենի դաշտերը չեն ոռոգվում, վերջին տարիներին ձմռանը ձյուն քիչ է տեղում, որի հետեւանքով ցորենը լավ չի աճում, բարձր բերք չի ստացվում։ Բացի այդ, ցորենի դաշտերը երկար տարիներ քիմիական բուժանյութերով եւ պարարտանյութերով չեն մշակվում, այդ պատճառով արտերը տարիներ շարունակ լի են մոլախոտերով, ցորենի դաշտերում բուն են դնում դաշտային մկներ, որոնք իրենց խոր բները լցնում են արտերի ցորենով։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղնախարարություն չկա, իր կազմում մի քանի գյուղատնտեսական վարչություններ ունեցող էկոնոմիկայի նախարարությունը եւ նախարար Գեւորգ Պապոյանը հետամուտ չեն բուսաբուծության, մասնավորապես՝ աշնանացանի մշակության գործում առկա հիմնախնդիրների լուծմանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image