Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանը չգիտի, թե որ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել. «Ասում են քաղաքապետարանում փող են կերել: Ես էլ ասում եմ՝ ուտողին դատեք, ի՞նչ կապ ունի ինքը: Բառացի ցուցմունքը հետեւյալն է եղել՝ փող հավաքագրողին ասում են. «Տղա ջան, փող հավաքե՞լ ես: Ասում ա հավաքել եմ, փողը ծախսել եմ այլ նպատակների վրա, Դանիելյանը տեղյակ էր: Հարցնում եմ. «Դանելյանին փող տված ունես, ասումա չէ»: «Դրանով իրենք գտնում են, որ Դանիելյանը փող ա կերել, բայց բողոքարկել եմ Արամ Դանիելյանի ձերբակալման որոշումը, եւ քիչ հետո կկայանա դատական նիստը»:
Այն հարցին, ի՞նչ է պատրաստվում անել, եթե դատարանը մերժի բողոքը, Սիրունյանը պատասխանեց. «Ամեն ինչ անելու եմ»: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Արամ Դանիելյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Նշենք, որ 2015-2018 թվականների ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 16 տարի: Անցած հուլիսին՝ իշխանափոխությունից հետո, Դանիելյանը հրաժարական տվեց պաշտոնից: Իսկ հունվարի 21-ին ձերբակալել են Հրազդանի քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքսգրքի 179 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):