Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հնարավորություն ունի մնալու իր պաշտոնում նաև մրցաշրջանի ավարտից հետո։ Սակայն, ըստ մարզական հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, դրա համար նա պետք է արդարացնի ակումբի ղեկավարության վստահությունը և իրականացնի հստակ պահանջներ։
Արբելոան թիմի ղեկը , հիշեցնենք, ստանձնեց Խաբի Ալոնսոյի հեռացումից հետո, որը պաշտոնանկ արվեց Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած 2։3 հաշվով պարտությունից հետո։ Չնայած իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ, ակումբը չի բացառում նրա հետ համագործակցության շարունակությունը։
Ակումբի ղեկավարությունը մարզչին հասկացրել է, որ հաջորդ մրցաշրջանում ևս թիմը ղեկավարելու համար նա պետք է ապահովի հաջող ելույթներ և մրցաշրջանը ավարտի նվաճված տիտղոսներով, ինչպես նաև կարողանա առողջ ու արդյունավետ հարաբերություններ ձևավորել ֆուտբոլիստների հետ։