Քաղաքականություն

Նախընտրական ծուղակներ

Նախընտրական ծուղակներ

Քաղաքական պայքարի մեջ ներքաշված ուժերին բազում ծուղակներ ու թակարդներ են սպասվում: Ամենամեծ ծուղակը պատրանքներն են, իրականությունից կտրված եզրահանգումները, սխալ ենթադրությունների հիման վրա արված քայլերը: Ընդ որում, այդ ծուղակներն իրական են ե՛ւ իշխանական ուժերի, ե՛ւ ընդդիմադիրների դեպքում: Թիվ մեկ ծուղակը, ըստ իս, հանրության վերաբերմունքը գերագնահատելն է, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հանդիպում են տարբեր մարդկանց հետ, լսում նրանց քաղաքավարական հաճոյախոսությունները, խաբվում նրանց ժպիտներին ու խրախուսական խոսքերին, եւ ոտքերը կտրվում են գետնից: Իհարկե, մեծ դեր են խաղում նաեւ անմաքուր մարդիկ, որոնք նախընտրական փուլում սովոր են մի քանի դրամ աշխատել եւ հանուն դրա` փափուկ բարձ են դնում ընտրություններին մասնակցողների գլխի տակ` հավատացնելով, թե նրանք «կրած կունենան» բոլորին, եթե իրենց վստահեն նախընտրական կազմակերպական աշխատանքները: Արդյունքում ընտրությունների գնացող քաղաքական ուժին թվում է, թե իր հազար ձայնն արդեն առնվազն հարյուր հազար է, 1 տոկոսն աչքին 15-20 է երեւում, քծնանքը շփոթում են հիացմունքի հետ, եւ այլեւս ոչինչ ունակ չէ նրանց վերադարձնել իրականություն, համոզել, որ անցողիկ շեմը չեն հաղթահարում կամ միայնակ ունակ չեն 50 տոկոս հավաքել: Մյուս ծուղակը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք անձրեւից հետո աճող սնկի նման բազմանում են նախընտրական փուլում եւ քաղաքական ուժերին իրականության սխալ, խեղված պատկեր ներկայացնում: Իհարկե, պատվերն իջեցնող եւ դրա համար վճարող կուսակցությունը լավ գիտի, թե տվյալ հարցումը որքանով է համապատասխանում իրականությանը, բայց ողջ դաշտն ապականվում է, ոչ ոք չի կողմնորոշվում, թե ինչպիսին է իրական պատկերը: Եվ խարխափելով գնում են ընտրության:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image