Մշակույթ

Մրցավազքի մասնակիցները կսպանվեն, հաղթողը կստանա ամեն ինչ

Մրցավազքի մասնակիցները կսպանվեն, հաղթողը կստանա ամեն ինչ

Էկրանավորվել է Սթիվեն Քինգի դեբյուտային վեպը։ Ռեժիսորը Ֆրենսիս Լոուրենսն է։ Ֆիլմը կոչվում է «Երկարատեւ զբոսանք»։ Գրել է 1966-67 թթ․, երբ դեռ սովորում էր Մենի համալսարանի առաջին կուրսում եւ գրել է Վիետնամի պատերազմի եւ դրա հետ կապված մոբիլիզացիայի տպավորությունների ներքո։ Դեռեւս 1988 -ին այս գրքի էկրանավորմանը ձեռնամուխ է եղել «հորրոր»` սարսափ ժանրի լեգենդար ռեժիսոր Ջորդ Ա․ Ռոմերոն՝ «Կենդանի մեռյալների գիշերները» կինոնկարի հեղինակը, սակայն չի ստացվել։ Ավելի ուշ վեպը փորձ է կատարել Ֆրենկ Դարաբոնթը՝ Քինգի գրական ժառանության ամենահաջողված էկրանավորումներից մեկի՝ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի հեղինակը։ Սակայն Lionsgate ստուդիայի հովանու ներքո այն էկրանավորում է Ֆրենսիս Լոուրենսը, որը «Քաղցած խաղերի» 4 մասից երեքի ռեժիսորն է։ Լոուրենսն իրեն զգում է սեփական ամպլուայում` հակաուտոպիստական տարածության մեջ, որտեղ ցինիկ մեծահասակները շահագործում են ու խաբում երիտասարդներին՝ հանուն իրենց շահերի։ Սակայն «Երկարատեւ զբոսանքն» անսահմանորեն հեռու է «Քաղցած խաղերի» գլամուր մթնոլորտից։ Սա կեղտոտ, արյունոտ եւ նատուրալիստական ֆիլմ է։ Կինոնկարում գործողությունները ծավալվում են Ամերիկայում՝ «մեծ պատերազմից հետո»։

Այստեղ թագավորում է խիստ կիսառազմական մթնոլորտը։ Գիրք կարդալը չի խրախուսվում, մինչդեռ ռադիոն ու հեռուստատեսությունը քաջալերվում են։ Հեռուստատեսությամբ էլ տարեկան մեկ անգամ ուղիղ եթերով հեռարձակվում է «Երկարատեւ զբոսանքը»՝ համազգային մի մրցում, որին կարող են մասնակցել բոլորը՝ կամավոր սկզբունքներով, որի 18 տարին արդեն լրացել է։ Ըստ սցենարի` 50 «երջանիկներ», որոնք ընտրվել են վիճակահանությամբ, պետք է ընթանան որոշակի երթուղով, ոչ պակաս, քան ժամում 5 կմ կամ 3 մղոն արագությամբ՝ առանց կանգ առնելու՝ ո՛չ քնելու եւ ո՛չ էլ այլ կարիքներ հոգալու համար։ Մրցողներին ուղեկցում են զինված զինվորականները։ Նա, ով կդանդաղեցնի ընթացքը, նախազգուշացում կստանա, իսկ երեք նախազգուշացումից հետո նրան գլխից կգնդակահարեն։ Այդ «զբոսանքը» չունի ո՛չ ժամկետ, ո՛չ վերջնագիծ։ Այն վերջանալու է այն ժամանակ, երբ պարզվի միակ հաղթողը, որը կստանա խոշոր դրամական մրցանակ եւ հնարավորություն` կյանքի կոչելու իր ցանկացած երազանքը։ Ֆիլմի առանցքում Ռեյ Գերեթիի եւ Պիտեր Մակվրիսի ընկերությունն է, որն ամրանում է՝ չնայած այն բանին, որ «զբոսանքի» կանոններով նրանք պետք է մրցակիցներ լինեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image