Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին նպաստում են նոր պատերազմին: Իսկ Փարիզի վարած քաղաքականությունը Աղաեւը համարում է անհեռատես, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի խանգարող: «Մենք այս քաղաքականությունը համարում ենք շատ անհեռատես, Ֆրանսիան ավելի շուտ պետք է աջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, քան նպաստի նոր պատերազմին»,- ասում է դեսպանը։
Ըստ RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ի հոդվածի, Ֆրանսիայի կողմից եվրոպական շահերը զոհաբերելը հանուն ներքաղաքական շահերի անհիմն է և ոչ պրագմատիկ։ Նյութում ընդգծվում է, որ Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխության պատճառն այն է, որ Ֆրանսիայում ապրում է մեծաթիվ հայկական սփյուռք՝ մոտ 600.000 մարդ. «Ֆրանսիայի հայ համայնքը համարվում է լավ կազմակերպված և ազդեցիկ ներքին քաղաքականության մեջ... 44-օրյա պատերազմից հետո։ 2020 թվական, որի ընթացքում Ադրբեջանը վերականգնեց Հայաստանի կողմից օկուպացված տարածքների զգալի մասը, Ֆրանսիան նույնպես հրապարակայնորեն հեռացավ Ադրբեջանից»։ Աղաևն ընդգծել է, որ այդ ժամանակվանից երկու երկրների միջև լարվածություն կա։ Դեսպանը Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը համարեց հակաադրբեջանական.
«Մենք դա համարում ենք անարդար և չի համապատասխանում միջազգային իրավունքին»։
Ըստ ադրբեջանական քարոզչության, «արդար» եւ «միջազգային նորմերին համապատասխան» են միայն ադրբեջանամետ որոշումները, քայլերը, իսկ Ալիեւի ռազմատենչ ու զավթողական հռետորաբանությունը «խաղաղության» մունետիկ է, Հայաստանից բռնազավթած տարածքներում սահմանների երկայնքով ռազմական ուժի կուտակումները, իրենց բանակը թուրք-իսրայելական վերջին ռազմատեխնիկայով համալրելը խաղաղասիրության արդյունք է: Իսկ որ հայկական սփյուռքի կազմակերպված օջախներից մեկը պայքարում է իր հայրենիքի համար, դա արդեն անարդար է: Ի դեպ, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայի հայկական սփյուռքի հետ կապված աշխատում են «սինխրոն». շարունակում է արգելված մնալ Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։