Հասարակություն

Բազում դպրոցներ եւ քոլեջներ տնօրեն չունեն․ վիճակը բարդանում է

Բազում դպրոցներ եւ քոլեջներ տնօրեն չունեն․ վիճակը բարդանում է

2024 թվականին Դիլիջանի պետական եւ բժշկական քոլեջները միավորել են, եւ միացյալ՝ Դիլիջանի պետական բազմագործառութային տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մինչեւ քոլեջների միավորումը Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն աշխատած Վահագն Հովհաննիսյանը։ 

2024-ին Դիլիջանի պետական բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մրցույթին չի  ներկայացել, մրցույթը չի կայացել։ 2025թ. մարտի 4-ին նույն մրցույթը դարձյալ չի կայացել՝ վերստին նախարարության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններից, քոլեջներից քանիսի՞ տնօրենի պաշտոնն է թափուր։ Դիլիջանի պետական բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար քանի՞ անգամ է մրցույթ հայտարարվել, եւ ի՞նչ պատճառներով դրանք չեն կայացել»։ 

ԿԳՄՍ նախարարությունից հարցմանը պատասխանել են․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ թափուր են 12 նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոններ: 2025 թվականի ընթացքում «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթները չեն կայացել ընթացակարգային պատճառներով»: Թե ինչ  ընթացակարգային պատճառներ են, ինչու Դիլիջանի բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթները չեն կայանում, նախարարությունից չեն պարզաբանել։ Տնօրենների թափուր հաստիքների առումով վիճակն առավել վատ է պետական հանրակրթական դպրոցներում։ 

Այս տարվա սեպտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարություն հարցում եմ կատարել պետական հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր հաստիքների մասին։ Նախարարությունից հայտնել են․ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի հաստիքը թափուր է 303 դպրոցում. այս դպրոցներում նշանակվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ պարտականությունը կատարող»: 

Նոյեմբերին նախարար Ժ․ Անդրեասյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց, որ 330 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում տնօրենի հաստիքը թափուր է։ Այսինքն, 2 ամսում թափուր հաստիքների քանակն աճել է: Պետական հանրակրթական դպրոցների եւ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները համալրելը, այդ նպատակով մրցույթները պատշաճ, ժամանակին անցկացնելն ո՞ւմ գործն է, եթե ոչ՝ նախարարության։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունը, նախարար Ժ․ Անդրեասյանը տարիներով թերանում են այդ կարեւոր գործում` անգամ դպրոցների տնօրեն չեն կարողանում նշանակել։ Տարիներով այդ կարեւոր հաստատություններում ժամանակավոր պաշտոնակատարներ են ղեկավարում, ինչը խոչընդոտում է դպրոցում կայուն կրթական միջավայր ստեղծելուն եւ կրթության գործընթացը կազմակերպելուն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image