Քաղաքականություն

Գյումրիում աննախադեպ իրավիճակ է

Գյումրիում աննախադեպ իրավիճակ է

Երեկվանից Գյումրին քաղաքապետ չունի: Նախօրեին «Բալասանյան դաշինք»-ը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Իշխանության ճնշումներն արդյունքը տվեցին, «Բալասանյան դաշինք»-ը քաղաքական դաշտից հեռանում է մեկընդմիշտ: Նախկին քաղաքապետի թիմը, որ շուրջ 12 տարի քաղաքի կառավարումը ձեռքում էր պահում, հեռանում է լուռ, առանց բացատրության: Բանն այն է, որ քաղաքապետի հետ հեռանում են նաև բոլոր բալասանյանականները՝ վարչության պետերն ու համայնքապետարանի ավագ եւ կրտսեր մասնագետները: Ստացվում է, որ Գյումրու համայնքապետարանի շենքն ամբողջությամբ դատարկվում է: «Բալասանյան դաշինք»-ի անդամները կատարվածի մասին կտրուկ հրաժարվում են խոսել, փոխարենը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է օր առաջ «ավետել»  իր քաղաքապետի թեկնածուի մասին: ՔՊ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է բացահայտ հայտարարում, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն է, այն էլ՝ օրենքի ուժով:

Ըստ ՔՊ-ականների, Գյումրիում աննախադեպ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, ուստի պարտավոր են քաղաքի կառավարումն իրենց ձեռքը վերցնել: «Ոչ միայն Գյումրիում, այլ նաև բոլոր այլ  համայնքներում, նման իրավիճակների դեպքում, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տվյալ տարածքային կազմակերպության նախագահը, այս դեպքում նախագահը Կարեն Սարուխանյանն է»,-պարզաբանում են ՔՊ գրասենյակից։

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Սարուխանյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը համարում է օրինազանցություն․ «Ավագանու լիազորությունները դադարեցնելուց հետո ԿԸՀ նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի: Այսինքն` վերը նշված զարգացումների դեպքում, արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ՝ կախված մանդատները վայր դնելու օրվանից։ Մինչ նոր ավագանու ձևավորումը, գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։ Համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման լիազորություն կառավարությունը չունի, օրենքը չի կարգավորում։Այսինքն, Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ»,-պարզաբանում է Մալխասյանը։

Նշենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը Գյումրիում կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել․ «Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում։ Սեփական իշխանության մոտալուտ ավարտը գիտակցող կուսակցությունը և իր ղեկավարը վերջին ճիգերն են գործադրում համապետական ընտրություներից առաջ վարչական ռեսուրսների ավելացման ուղղությամբ։ Սակայն, ակնհայտ է, որ նման գործելաոճը միայն ամրապնդում է հասարակության հիասթափությունը «ժողովրդավարություն» և այլ արժեքներ քարոզող և այդ ամենը արագ ոտնահարող ուժի նկատմամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար՝ թույլ չտալով զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում»,- ասված է հայտարարությունում։

Ընդդիմադիր ՀՀԿ Գյումրու ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով՝ Գյումրիում կատարվածն իրենց համար անակնկալ չէր, քանի որ գրեթե բոլոր համայնքներում ՔՊ-ի կողմից իշխանազավթում եղել է։ «Գյումրիում աննախադեպ իրավիճակ է այն առումով, որ ժողովրդի կողմից ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժը, առանց  որևէ մեկնաբանություն տալու՝ ոչ քաղաքական, ոչ իրավական, հրաժարվեց ամեն ինչից։ Բնականաբար, աննախադեպ ճնշումներ են եղել, որը ոչ մի կողմից չի էլ հերքվել։ Հիմա իրավական բավականին լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, որպես իրավաբան՝ ես մեծ բացեր եմ տեսնում՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից մինչև նոր արտահերթ ընտրություններ։ Ըստ էության, հիմա մենք պետք է պայքարենք, որ չթողնենք իրավական ամենաթողություն լինի։ Ժողովրդավարության լուրջ խնդիր ունեցանք Գյումրիում, տուժեց համայնքը, տուժեց ժողովուրդը , եւ տեղի ունեցածը կարող ենք անվանել  իրավական «բեսպրեդել»։ Առաջիկայում, երբ ընտրական հանձաժողովն իր  որոշումը կհրապարակի, ՀՀԿ-ն իր իրավական դիրքորոշումը կհայտնի, կխոսենք առաջիկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-hraparak.am-ին ասաց ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավարը ։

Նշենք, որ թիվ 31 ԸԸՀ-ն  ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, նիստ է հրավիրելու՝ «Բալասանյան դաշինք»-ի ցուցակում մնացած ավագանու մեկ թեկնածուին մանդատը տալու, մյուսները թափուր թողնելու որոշում կայացնելու համար: Ի դեպ, այդ մեկ թեկնածուն ավագանու անդամ չէ եւ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image