Քաղաքականություն

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայրենասեր մարդ է, լուրջ եմ ասում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայրենասեր մարդ է, լուրջ եմ ասում

ՔՊ-ական պատգամավորները  երեկ աղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ոսկորները՝ մեկը սանձարձակ հռչակեց Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկերոջը, մյուսն ասաց՝ գլուխը պատովն է տվել, երրորդը, թե` ղալաթ է արել։ ՔՊ-ականներին դուր չեն եկել Ալիեւի նախօրեի հայտարարությունները, թե Նիկոլ Փաշինյանը պիտի հայտարարի «Արցախն Ադրբեջան է», մի բան, որ առանց Ալիեւի էլ արդեն տարիուկես է՝ ՔՊ-ականներից շատերն ուղիղ կամ անուղղակի տեքստով հայտարարում են, իսկ Ալիեւի հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանի ամբիոնից գրեթե նույնը պնդում՝ մի տարբերությամբ, որ ասում էր` ոչ թե ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ՝ նախկինները: Փաշինյանն ասում էր, թե Մադրիդյան սկզբունքները հայկական կողմն է մշակել եւ դրանցում ամրագրել է, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Իհարկե, մեկ անգամ չէ, որ Փաշինյանին բացատրել են բանակցային սեղանին դրված կարգավորման փաթեթի նրբությունները, բայց, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, Փաշինյանը չի հասկանում, թե ինչ են իրեն ասում, կամ այդպես է ձեւացնում։

ՔՊ-ական պատգամավորներից երեկ փորձեցինք հասկանալ՝ հնարավո՞ր է Փաշինյանը, այնուամենայնիվ, կատարի Ալիեւի հերթական պահանջը եւ անի այդ հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ տպավորություն էր, որ Փաշինյանն ու Ալիեւը պասերով իրար լրացնելով են գործում, եւ հիշյալ հայտարարություններն էլ համահունչ էին իրար։

Ինչպեսեւ սպասվում էր՝ ՔՊ-ականներն Ալիեւի «բուրդը գզեցին` քամուն տվեցին»։ «Ամեն անգամ դժկամությամբ եմ մեկնաբանում Ալիեւի սանձարձակ հայտարարությունները։ Ալիեւը չէ, որ պետք է թելադրի՝ ինչ անենք ու ոնց անենք։ Ալիեւը պետք է հասկանա, որ ուժով ու բռնությամբ որեւէ հարց չի կարող լուծել։ Ասեմ ավելին՝ երբ իր ժողովրդին տրամադրում է հայերի դեմ՝ տարածելով ատելության մթնոլորտ, մի օր այդ ագրեսիան իր իշխանության դեմ է լինելու»,- ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Մեր ճշտող հարցին, թե արդյոք Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարությունները սինխրոն չէի՞ն, երկուսով նույն բանի մասին չէի՞ն խոսում, Խաչատրյանը կտրուկ նետեց․ «Ոչ, սինխրոն չեն», եւ հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։

«Ալիեւը գլուխը պատովն ա տալիս, էշ-էշ դուրս ա տալիս»,-  հոխորտաց Հակոբ Ասլանյանը։ Իսկ մեր վարչապե՞տը, որ նույն օրը մի քիչ ուրիշ բառերով նույն բանն էր ասում։ «Ստոպ, չենք խոսում, Ալիեւն իր երկրում ինչ ուզում, այն էլ հայտարարում է, կարող է հայտարարի, որ Մարսն իմն է»: Իսկ մենք կհայտարարե՞նք, որ Արցախն Ադրբեջան չէ, Արցախը Հայաստան է։

«Չենք խոսում, վերջ, ես ասացի՝ Ալիեւին պետք է` իր էլեկտորատի համար հայտարարություն է անում, դա անում է նրա համար, որովհետեւ ինքը պատերազմից առաջ խոստացել էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի, բայց Արցախի հարցը չլուծվեց, հիմա ինքն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու համար, որ լուծվել է։ Ինքն իր էլեկտորատի համար ինչ հայտարարություն ուզում է, թող անի, ինչո՞ւ ենք այդ հուզականությունը բերում մեր դաշտ»: Որովհետեւ գրեթե նույն հայտարարությունն անում է մեր պետության ղեկավարը, թե Մադրիդյան սկզբունքներով բանակցելն արդեն իսկ նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: «Ասաց այն իմաստով, որ ճանաչվել է․․․ հիմա եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, պետք է իմանանք՝ որ քարը որտեղ պիտի դրվի։ Հիմա մենք ուզում ենք ապացուցել, որ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, բայց միջազգային հանրությունից ունենք մի պահանջ՝ կյանքի կոչել ՄԱԿ-ի հռչակած սկզբունքները»:

Պատգամավորը նորից հորդորեց դուրս գալ հուզական դաշտից, պետությունը, նրա խոսքով, հուզականությամբ չեն կառավարում․ «Հուզականությունը պետություն կառուցելու համար առաջին թշնամին է»։ Հարցրինք` Նիկոլ Փաշինյանից ավելի էմոցիոնալ մարդ ճանաչո՞ւմ է, եւ արդյո՞ք հուզականության դրսեւորում չէր, որ թեպետ, իր ասելով, դեռ 2018-ից գիտեր, որ «խաղն ավարտված է», բայց գնում էր, Արցախի հրապարակում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

«Նիկոլ Փաշինյանը հուզական չէ, Նիկոլ Փաշինյանը շատ սովորական, հայրենասեր մարդ է, լուրջ եմ ասում, եթե ես նրան չհամարեի հայրենասեր, նրա կողքին չէի կանգնի։ Ախր, դուք հուզականությունը հոգեվիճակի հետ մի խառնեք։ Հուզականությունն այն է, որ դու կորցնում ես քո ռեալ մտածողությունը։ Հոգեբանության բառարաններում բացատրություններ կան, որտեղ մարդը կարող է լինել այդ հոգեվիճակի տեր, հայրենասեր մարդը կարող է երեւա, թե իբր հուզական է, բայց հուզական չէ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես էլ եմ հիմա ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ, որովհետեւ Արցախը պատմական Հայաստան է, բայց որ հիմա նա գտնվում է Ադրբեջանի կազմում եւ գտնվում է բոլշեւիկների, թուրքերի ու դաշնակների միջոցով, դա արդեն ուրիշ հարց է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ արձագանքեց Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե ԼՂ բնակիչները կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ լքեն իրենց բնակության վայրը։ «Ալիեւն ագրեսիվ կերպով եւս մեկ անգամ աշխարհին ի ցույց դրեց հայատյացությունը։ Կարծում եմ` այդ ամենը բեմականացրել են` նկարել են, մտածել, թե երբ եթեր տան»,- ասաց Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե Ալիեւի հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում ունեցած ելույթին գրեթե զուգահեռ, Սիմոնյանն արձագանքեց, որ Ալիեւի խոսքերը պետք չէ կապել վարչապետի ելույթների հետ։ Դրանք, ըստ ԱԺ նախագահի, ավելի շատ ուղղված էին Ադրբեջանի ներքին լսարանին եւ ՀՀ-ին ինչ-որ բան պարտադրելու փորձ էին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image