Հասարակություն

Ես կընտրեի պարոն Մնոյանին․ Ալեքսանդր Ազարյան

Ես կընտրեի պարոն Մնոյանին․ Ալեքսանդր Ազարյան

Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ դատավորների ընդհանուր ժողովը, որում 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նույն օրակարգով դատավորների ընդհանուր ժողովը բոյկոտվել էր դատավորների կողմից, որովհետև ԲԴԽ դատավոր անդամի թափուր հաստիքի համար թեկնածություն առաջադրելու ծանուցում էին ստացել միայն մարզային դատավորները, ինչը օրենքի խախտում է։ Սակայն նույն օրակագրով տեղի ունեցած երկորդ ժողովը զարմանալիորեն կայացավ։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ՝ հարցնելով, թե վերլուծություն արե՞լ է, թե ինչ տեղի ունեցավ․ ինչպե՞ս ստացվեց, որ նախորդ նիստը դատավորները բոյկոտեցին, իսկ այս մեկը ոչ, նույնիսկ ԲԴԽ անդամ ընտրեցին․

«Պարտադիր չէ, որ վերլուծություն կատարես, որպեսզի հասկանաս, թե ինչ է տեղի ունեցել դատավորների հետ։ Հաշվի առնելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, իսկ ես դրան հավատում եմ, որ դատավորների նկտամամբ ճնշում է գործադրվել՝ սկսած դատարանների նախագահների կողմից ցուցակներ կազմելուց և ԲԴԽ ներկայացնելուց, անհնազանդ դատավորներին, որոնք չեն ցանկացել մասնակցել ժողովին, կամ պատրաստվել են դեմ քվեարկել առաջադրված օրակարգին, վերջացրած խոստումներով, որ այս կամ այն դատավորներին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու և այլն։ Այսինքն՝ այն, ինչ տեղ է գտել մամուլում, ես տեղեկացված եմ մամուլից»,- ասաց Ազարյանը։

Դատավորների ընդհանուր ժողովից մեկ օր առաջ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել, որում ի թիվս այլնի, դատավորներին հորդորում էր նաև «անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով»։

Ազարյանին հարցրինք՝ իրենք ահազանգեր ստացե՞լ են դատավորներից, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ կան․ «Ահազանգեր ստացել եմ առանձին դատավորների կոնֆիդենցիալ զրույցներից, որոնց վտանգի տակ չդնելու համար անունները չեմ կարող հրապարակել, ինչպես նաև մամուլից, վստահ եմ  նաև, որ մամուլում տեղ գտած այդ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է»,- պատասխանեց Դատավորների միության նախագահը։

Բացի ԲԴԽ անդամ ընտրված Էդգար Հովհաննիսյանից կային ևս 2 թեկնածու՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Ազարյանին հարցրինք՝ ի՞նչ կարող է ասել Էդգար Հովհաննիսյանի և մյուս թեկնածուների մասին․

« Ես Վարդուհու և Էդգարի մասին բացասական ոչինչ չեմ կարող ասել, սակայն եթե ես լինեի դատավոր և մասնակցեի այդ ժողովին, կընտրեի պարոն Մնոյանին»,- պատասխանեց Ալեքսանդր Ազարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image