Այլ

Հռոմի պապը լռում է հայ եղբայրների հալածանքների մասին, բայց հանդիպում Ալիևային

Հռոմի պապը լռում է հայ եղբայրների հալածանքների մասին, բայց հանդիպում Ալիևային

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահի տիկին Մեհրիբան Ալիևան Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից: Հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը աչքի է զարնում, միաժամանակ հարուցելով որոշակի մտահոգություններ և հարցադրումներ:

Շնորհակալություն հայտնելով Հռոմի պապ Լևոն XIV-ին ընդունելության համար, Մեհրիբան Ալիևան նշել է, որ վերջին տարիներին Վատիկանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու երկկողմ կապերը զգալիորեն զարգացել են։ Առաջին փոխնախագահը նշել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը վերջին տարիներին լայնածավալ աշխատանք է կատարել Սուրբ Աթոռի հետ՝ վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև գիտական ​​հետազոտությունների և մշակութային փոխանակումների ոլորտներում։

Ալիևի տիկինն ընդգծել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի և Վատիկանի միջև կնքված համաձայնագրերի համաձայն իրականացված մի քանի նախագծերի հաջող ավարտից հետո սկսել են իրականացվել այլ նախագծեր։

Մեհրիբան Ալիևան հայտարարել է նաև, որ հիմնադրամը կշարունակի ընդլայնել իր համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ՝ նոր նախաձեռնությունների միջոցով։

Հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանում Սուրբ Աթոռի կաթոլիկ եկեղեցու գործունեության, ինչպես նաև երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման նախապատրաստական ​​աշխատանքների մասին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը նշել է Վատիկանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության երկար պատմությունը։ Նշելով, որ հարաբերությունները զգալիորեն զարգացել են Մեհրիբան Ալիևայի կողմից մի քանի տարի առաջ առաջ քաշված նախաձեռնությունների շնորհիվ, Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել առաջին փոխնախագահին: Լևոն XIV-ը նշել է, որ այս համագործակցությունը հսկայական խթան է հաղորդել միջկրոնական և միջքաղաքակրթական երկխոսությանը:

Հայտնելով հետաքրքրություն Ադրբեջանի հետ նախագծերը շարունակելու հարցում՝ Հռոմի պապը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման համար հատկացված հողատարածքի համար: 

Մեհրիբան Ալիևան երախտագիտություն է հայտնել Սուրբ Աթոռի ղեկավարին և հրավիրել նրան այցելել Ադրբեջան։

Հատկանշական է, որ Վատիկանն ու անձամբ Հռոմի պապը, որոնք մշտապես ընդունել են հայերի՝ քրիստոնեության ընդունման, տարածման, քրիստոնեության նկատմամբ զորեղ հավատքի պատմական և համաշխարհային նշանակալիությունը, դերը, սրբադասել են Գրիգոր Նարեկացուն և այլն, տարակուսելիորեն լռում են ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցու և հոգևոր հայրերի դեմ շարունակվող ապազգային ու եղկելի հալածանքների մասին, բայց փոխարենը ժամանակ են գտնում հանդիպելու այդ արշավից հրճվող, եթե ոչ՝ դրա համահեղինակ Ալիևյան բռնապետական ռեժիմի ներկայացուցչին ընդունելու համար: 

Իսկ գուցե, ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի՞ մնում». այնտեղ, որտեղ թերացել է հայկական կողմը՝ սեփական երկրի ու ռեժիմի համբավը մեծացնելու համար ակտիվացել են քրիստոնյա հայերին թշնամի համարող Ալիևնե՞րը...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image