«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
- Վրաստանում տեղի ունեցած բախումների եւ Հայաստանում հունիսին տեղի ունեցած ոստիկանական բիրտ ուժի կիրառման միջեւ կա՞ն ընդհանրություններ: Ակնհայտ է, որ միջազգային կառույցները, արեւմտյան երկրներն անհամեմատ ավելի կտրուկ են արտահայտվում Վրաստանում ոստիկանների գործողությունների մասին, իսկ Հայաստանի իշխանություններին անգամ քաջալերում են` բռնություններ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նշում, որ Հայաստանն իրապես ժողովրդավար երկիր է: Ինչո՞ւ է իրավիճակն այսքան տարբեր:
- Խոշոր հաշվով, ոչ ոք չի չեղարկել պրակտիկ կիրառական շահերը` միջազգային հարաբերություններում: Համեմատություն անցկացնելիս ոչ թե պետք է Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններին համեմատել, այլ Վրաստանի իշխանություններին պետք է համեմատել պայքարի դուրս եկած Հայաստանի ընդդիմության հետ: Կարծում եմ, որ այդ երկուսի կողմից վարվող քաղաքականության արդյունքում է առիթ ստեղծվել, որ Արեւմուտքն իրենց ընկալի որպես հակառակորդ: Նույն Վրաստանում միտինգի դուրս եկած հանրույթին Արեւմուտքը դաշնակից է համարում, ինչպես դաշնակից է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Ունիվերսալը սա է, մանավանդ՝ տեսանելի է միջազգային հարաբերությունների փիլիսոփայությունը, եւ նման փոփոխվող ժամանակներում չպետք է իլյուզիաներ ունենալ, ստանդարտներ գոյություն ունեն եւ չեզոք, փակ աչքերով արդարադատություն անող ատյաններ, որոնք աշխարհի բոլոր անարդարություններին կարող են արձագանքել, միեւնույն ժամանակ` չարձագանքել: Սա նորությո՞ւն է մեզ համար: Հաստատ՝ Պաղեստինում եւ Ղարաբաղում թափված արյունը եւ Ուկրաինայում թափվող արյունը ունեն նույն գույնը, բայց մենք տեսնում ենք, որ արձագանքները շատ տարբեր են:
- Ասում եք` Հայաստանի ընդդիմությանը եւ Վրաստանի իշխանությանն Արեւմուտքը դաշնակից չի համարում: Գուցե պատճառն այն է, որ նրանք ենթարկվո՞ղ չեն, հլու-հնազա՞նդ չեն իրենց, թե՞ այլ պատճառ կա:
- Փաստն այն է, որ Վրաստանի իշխանությունները որոշ երկրների գործունեության դեմ քայլեր են անում, հիմա՝ դա անում են հայրենասիրական, թե նյութապաշտական կամ ռուսասիրական նկատառումներից ելնելով, ցույց կտա ժամանակը: Ի վերջո, ամեն բան պետք է գնահատել թողած հետեւանքներով: Մենք կարող ենք 1000 մոտիվի մասին խոսել եւ արդարացնել մեր ձախողումները, պնդել, որ դրանք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, ֆլանի ու ֆստանի համար են արվել, բայց պետք է գնահատական տանք գործողությունների հետեւանքով: Անկախ այն բանից, թե դու ինչի համար էիր պայքարում, եթե արդյունքում 120 հազար մարդ դարձել է փախստական, դա է քո կայացրած որոշումների եւ գործողությունների գնահատականը: Նույնը Վրաստանի օրինակով կարող ենք ասել․ եթե այս ամենի արդյունքում Վրաստանը դառնա բռնապետություն կամ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը, այդտեղից պետք է մարդիկ գնահատականներ տան: Աշխարհաքաղաքականության մեջ կրոնական մոտեցումները չեմ ընդունում` բարու եւ չարի պայքար, քաղաքակիրթ մարդկության եւ վայրենիների պայքար եւ այլն: Դրանք պրոպագանդիստական ձեւակերպումներ են, որոնց ես բացասական եմ վերաբերվում: Տեսնում ենք հետեւանքներ, դատում ենք հետեւանքներով: Ռեգիոնի պատմությունն ինձ ստիպում է որոշակի համեստություն ցուցաբերել: Պատմությունը ցույց է տվել, որ բեկումնային ժամանակներում Վրաստանի կայացրած որոշումները միշտ իրենց համար օգտակար են եղել, իսկ հայերիս համար վտանգներ են ծնել ու ցեղասպանություն արժեցել: Այնպես որ, ես ինձ համեստ կպահեմ ու վրացիների մասին միանշանակ կարծիքներ չեմ հայտնի: Գուցե մենք էլ, մեր պապերի նման, մի ողբերգական սերունդ ենք, որը մտածում է, թե ամեն բան գիտի հարեւանների սխալների մասին, բայց վերջում պարզվի` հարեւաններն ունեն պետություն, իսկ մենք ցեղասպանության ենք ենթարկվում:
- Բայց, ի՞նչ եք կարծում` Վրաստանի իշխանությունները ռուսամե՞տ են, թե՞ Վրաստանում Արեւմուտքի երկու բեւեռների` լիբերալների ու պահպանողականների միջեւ պայքարն է:
- Վրաստանի իշխանության մեջ մեծ թվով մարդիկ մեծ առնչություն ունեն Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի հետ: Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ պատմական ժամանակներում, երբ երկրների թվաքանակը բավականին քիչ էր, նույնիսկ թուղթ-թամազով վասալները հնարավորության չափով կենտրոնախույզ վարք էին դրսեւորում: Հետեւաբար, անկախ այն բանից, թե ինչ շահեր ունեն նրանք, չեմ կարծում, որ ձգտում են իրենց հնազանդեցնել այլ իշխանությունների: Այլ հարց է, թե իշխանություններն ինչպես են արձագանքում, երբ իրենց հնազանդեցնելու փորձեր են անում․ այստեղ կա տարբերություն: Վրաստանի իշխանությունն աշխարհի ամենակոշտ երկրներից չէ` Ռուսաստանի հարցում, եւ դա գուցե լավ է, գուցե շատ վատ է, ցույց կտան հետեւանքները: Երբ լսում եմ արձագանքները, տպավորություն է, թե կրոնի մասին են խոսում, ռուսական դավանանքի կողմնակիցներն ասում են՝ «կեցցե ինքնիշխանությունը», արեւմտյան դավանանքի կողմնակիցներն ասում են, որ Վրաստանի իշխանությունները «ռուսի ստրուկներ» են: Ադեկվատ գնահատականները քիչ են` Վրաստանի մասով:
- Վերջին շրջանում Վրաստանում օրենքներ ընդունվեցին՝ օտարերկրյա գործակալների եւ ընտանեկան ավանդական արժեքների մասին:
- Բարդ հարցեր են: Կացինով կարելի է փայտ ջարդել, ցուցահանդեսի ներկայացնել եւ դրանով մարդ սպանել: Այն, որ այդ օրենքները որպես զենք ստեղծվում են, փաստ է, բայց անիմաստ են` ուղղակի զենքեր են, որով կպայքարեն ինչ-որ մարդկանց դեմ: Հարցը հետեւյալն է` ինչի՞ դեմ են պայքարում նման օրենքներով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում էլ կան գործակալական ցանցեր: Բայց նման օրենքներով` գործակալների դեմ պայքարելուն զուգահեռ, դու կարող ես նաեւ պայքարել քաղաքական հակառակորդների դեմ: Հիմա, օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը 5-րդ շարասյան դեմ օրենք ընդունի, ակնհայտ է, չէ՞, որ իրեն լոյալ գործակալական ցանցերին չի կպնելու: Ակնհայտ է, չէ՞, որ կպնելու են այն մարդկանց, խմբերին, որոնք իրականում գործակալ չեն, այլ պարզապես դեմ են իրեն: Վրաստանի իշխանության արյունն էլ կապույտ չէ: Նույն գործիքներով կարող են տարբեր խմբերի դեմ պայքարել: Ամերիկան ռուսական ազդեցության գործակալներին դեմ է, բայց հրեական ազդեցությամբ գործակալական հզոր ցանցի դեմ ոչինչ չեն անում: Ինչ վերաբերում է ընտանիքի մասին օրենքներին, ապա ես կարծում եմ, որ դրանք ծիծաղելի են: Ընտանիքի մասին օրենք ընդունողները կա՛մ անադեկվատ են, կա՛մ այլ խնդիր են լուծում: Սա նույնպես ինչ-որ խմբերի հալածելու համար է: