Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են 2020 թվականի Արցախյան պատերազմի հիմնական պատասխանատվությունը բարդել բացառապես բանակի վրա։
Օհանյանի գնահատմամբ՝ պատերազմի հետևանքների համար պատասխանատվություն են կրում իշխանության բոլոր օղակները, ոչ միայն զինված ուժերը։ Նա ընդգծել է, որ հատկապես Արցախի պաշտպանության բանակը երկար ժամանակ կատարել է իր առջև դրված խնդիրները և շարունակել դիմադրությունը ծանր պայմաններում։
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն էր, որ ռազմաքաղաքական որոշումները չեն եղել արդյունավետ, ինչի հետևանքով չի հաջողվել կանխել հակառակորդի առաջխաղացումը և փակել ճեղքման ուղղությունները։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն պատերազմի արդյունքների և Արցախի կորստի համար։ Օհանյանի խոսքով՝ գործող իշխանություններն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։