Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ Ստամբուլում իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցությունները որակել է որպես «արդյունավետ»:
Գրել է (19.03.2021) իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։
Ուրբաթ օրը Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք կատարած այցելությունից հետո Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է. «Արդյունավետ ուղևորություն հրաշալի Ստամբուլ՝ իմ եղբոր՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար»:
«Ինչպես նախկինում, կառուցողական ներգրավվածություն երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ», - հավելել է իրանցի դիվանագետը:
Բարձր դիվանագետը նշել է, որ ուղևորության վերջնական նպատակն է «կիրառել Իրանի և Թուրքիայի՝ 400 տարվա խաղաղության փորձը տարածաշրջանում»:
Հանդիպման ընթացքում երկու դիվանագետները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է (19.03.2021), որ Չավուշօղլուի և Զարիֆի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի «Դոլմաբահչե» պալատի աշխատանքային գրասենյակում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հանդիպման նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Թուրքիա կատարած երկօրյա այցի ընթացքում Իրանի նախարարը հանդիպումներ կանցկացնի քննարկելու տարածաշրջանային ու միջազգային օրակարգը:
«Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն իրանցի գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, սիրիական ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը և Աֆղանստանում իրավիճակը», - գրել է «Անադոլուն»՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
