Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ականջահաճո խոստումներ տվեց, թե նախկին թալանչիներից կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ թալանվածը վերադարձնելու է, ժողովրդից թալանածը վերադարձվելու է ժողովրդին: Ինչ խոսք, բավականին ոգեւորիչ խոստումներ էին: Ու պողոսը սպասում էր, թե շուտով իր գրպաններն են հոսելու իրենից «թալանվածը», ինքն սկսելու է լավ ապրել: Արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը սպառված է, եւ դրան կարճ կյանք է մնացել: Իսկ ստացա՞վ արդյոք պողոսն այն, ինչ իրեն խոստացել էր իր ընտրած վարչապետը: Իհարկե` ոչ: Նա այդպես էլ մնաց ձեռնունայն, ո՛չ վերադարձված կոպեկներ տեսավ, ո՛չ էլ` քյաբաբ:
Իսկ ո՞ւր գնացին այդ կոպեկներն ու քյաբաբները: Հեղափոխությունից հետո, ինչ խոսք, նախկինում թալանվածից որոշակի գումար մտավ բյուջե. մոտ 103 մլն դոլարի չափով: Բայց այդ գումարի վրա մոտ 5 մլն դոլար էլ դրվեց բյուջեից եւ որպես պարգեւավճար բաժանվեց պետական պաշտոնյաներին, իշխանությանը: Ասել է թե` թալանվածը վերադարձրին, որ իրար մեջ բաժանեն:
Իշխանափոխությունից հետո հաճախ էինք տեսնում «նախկինների» կարկառուններին ասֆալտին փռելու, քրգործեր հարուցելու ներկայացումներ, աղմկոտ բացահայտումներ: Սակայն, որքան աղմկոտ էին այդ ձերբակալությունները, այնքան աննկատ էին տվյալ մարդկանց ազատ արձակումները: Օրինակ` աղմկահարույց բացահայտումներ եղան Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ կապված. ապօրինի զենք-զինամթերք, ապօրինի եւ գողացված ջրատար խողովակներ եւ այլն:
Հետո այդ գործերը մոռացության տրվեցին: Հովիկ Աբրահամյանը եւ նրա եղբայրն ազատության մեջ են, իրենց բիզնեսների մեծ մասը դուրս են հանել Հայաստանից: Սա միակ դեպքը չէր: Օդում լուրեր էին շրջանառվում, որ նախկինները, որպես «փրկագին», կլորիկ գումար էին «մուծվում» վերեւներին եւ հանգիստ դուրս գալիս Հայաստանից: Հիշեցնենք, որ այդպիսի գործարքի առաջարկության մասին խոսել էր նաեւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Այդ խոսակցությունները կհաստատվեն այն ժամանակ, երբ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի: Սակայն հաստատված իրողություն է, որ շատերը «փրկագին» վճարել են վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին: Մինչ իշխանության գալը ընդդիմադիր Նիկոլը հաճախ էր քննադատում հայաստանյան օլիգարխներին: Իսկ իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Հայաստանում արդեն օլիգարխներ չկան, այլ կան խոշոր գործարարներ:
Այդ հրաշք «կերպարանափոխման» գաղտնիքն այն էր, որ օլիգարխներն սկսեցին կլորիկ գումարներ փոխանցել նշված հիմնադրամներին: Օրինակ` Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւանի սիթի» սուպերմարկետների ցանցն «Իմ քայլին» վճարել է 34,500,00 դրամ, «Ալեքս հոլդինգ»-ը՝ 33,600,000, «Նատալի ֆարմ»-ը`10,000,000 դրամ: Դրանից հետո անասելի ջերմացան իշխանության հարաբերությունները Սամվել Ալեքսանյանի հետ, որին ընդդիմադիր Նիկոլը համարում էր թալանչի օլիգարխ, մոնոպոլիստ Լֆիկ Սամո: Աննա Հակոբյանի հիմնադրամին կլորիկ գումար է վճարել նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերությունը` 15,000,000 մլն դրամ:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ով Սերժ Սարգսյանի ընտանիքի մտերիմն ու երեխաների կնքահայրն է, նախկին իշխանության ժամանակ արտոնյալ էր եւ իր բիզնես ոլորտում մոնոպոլ արտոնություններ ուներ, նույնպես վճարել է Աննա Հակոբյանի հիմնադրամին` 5 մլն դրամ: Հիմնադրամի նվիրատուների ցանկում շատ են նաեւ անանուն անձինք: Թե որ թալանչիների անուններն են թաքնված դրանց ետեւում, հայտնի չէ: Իշխանափոխությունից հետո Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրը հայաստանյան բանկերից մեկում ունի 30 մլն դոլար: Թեեւ Փաշինյանն անուն չասաց, սակայն հասարակությունը ճանաչեց գումարի տիրոջը` Սաշիկ Սարգսյանին: Թե ինչ եղավ այս գումարի ճակատագիրը, օրերս գաղտնազերծեց նախկիններից ու ներկաներից ամենաքաջատեղյակ մարդը` Միքայել Մինասյանը, ով ասաց, որ այդ գումարներն Աննա Հակոբյանի հաշվեհամարներում են:
Թե ինչու այդ գումարները չէին փոխանցվում պետական բյուջե, այլ գնում էին անհայտ ուղղությամբ կամ փոխանցվում Աննա Հակոբյանի հիմնադրամներին, կարելի է միայն ենթադրել: Թե ինչպես եւ ինչի վրա են դրանք ծախսվել, հրապարակայնացման ենթակա չէ: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին, պատերազմական օրերին ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանը 2 մլն դոլար նվիրաբերեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին: Հայտարարեցին, որ այդ գումարները ծախսվելու են քովիդի բուժման նպատակով։ Սակայն մանրամասներ, թե որտեղ եւ ինչ նպատակներով է հիմնադրամն այն ծախսել, չտեղեկացրին. Հակոբյանի խոսնակը հայտարարեց, որ իրենք հաշվետու են միայն դոնորներին, իսկ լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն տրամադրում:
Մի խոսքով, հօդս ցնդեցին հասարակության այն սպասելիքները, թե Նիկոլը գալու է, նախկին «թալանչիներից» վերցնելու է իրենցից թալանված փողերը, ու իրենք սկսելու են լավ ապրել: Ոչ մի թալանված էլ ետ չեկավ ու չհասավ շարքային քաղաքացուն: Փաշինյանը, պարզապես, պետք է ազնիվ գտնվեր եւ ասեր. «Թալանվածը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ խլելու ու վայելելու ենք ես, իմ կինն ու իմ թիմը…»: