Մշակույթ

Քրեական օրենսգրքի ակնհայտ խախտում է՝ արգելել ուսանողին մասնակցել հավաքի

Քրեական օրենսգրքի ակնհայտ խախտում է՝ արգելել ուսանողին մասնակցել հավաքի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն այս օրերին հերթով միացան բոլոր բուհերի ուսանողներն ու դասախոսները։ Միակ բուհը, որի դռները չբացվեցին, ավելին՝ ներսից կողպվեցին ուսանողության առաջ, Բրյուսովի անվան պետական համալսարանն էր։ Չնայած Բրյուսովի անվան համալսարանի նորանշանակ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի հրահանգով փակվել էին համալսարանի դռները, սակայն այստեղ շարժման մասնակիցներին դիմավորեցին մեծաթիվ ուսանողներ, որոնք իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին։ Մասնավորապես համալսարանի ուսխորհրդի նախագահը մոտեցավ սրբազանին եւ ասաց․ «Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում այս սրբազան պայքարին, միանում ենք պայքարին»։ Բագրատ սրբազանն էլ բարձրախոսով դիմեց ռեկտորին՝ մաղթելով․ «Բանտարկվածներին ազատություն։ Պարոն Գյուրջինյան, վստահաբար, Դուք ուղիղ եթերով նայում եք մեզ, աչքերիս մեջ նայելու կոչում ունեք այս պահին, մոռացեք մնացած բաները։ Վստահ եմ, որ կլսեք, դռները բացել կտաք եւ այսպիսի բռնություն չեք գործադրի ժողովրդավար Հայաստանում։ Ձեր արածը սխալ է»։ Հետո արդեն Դ․ Գյուրջինյանը պարզաբանեց, թե դռները փակ են եղել, որովհետեւ պետական քննություն է ընթացել՝ միաժամանակ հավելելով, որ սա կրթական հաստատություն է, «հո շուկա չէ»։

Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն իր խոսքում նկատում է, որ պրոցեսն այլեւս անկասելի է, եւ ակնհայտ է, որ ուսանողությունը ոտքի է ելել․ «Ես նման բան չեմ հիշում գոնե իմ վարչական եւ բուհական աշխատանքի ընթացքում, երբ այսքան ուսանողություն դուրս գար։ Ուրախ եմ հատկապես մայր բուհի ուսանողական խորհրդի վարքագծով, որովհետեւ իրենցից սկսվեց ամեն ինչ»։

Ինչ վերաբերում է Բրյուսովին, ապա․ «Եթե մի մարդու նվիրել են այդ պաշտոնը եւ ապօրինաբար բերել նրան այդտեղ նշանակել են, ուրեմն ինքն ամեն գնով պետք է այդ աթոռը պաշտպանի, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ եթե հանկարծ մի բան եղավ, իսկ իշխանափոխություն հաստատ լինելու է, ապա ինքը լիքը քրեական գործերով ուղղակի դատվելու է, ու, բնականաբար, ատամներով պետք է պահի, ավելին՝ իր վարքագիծը տրամաբանական է։ Առավոտից ինձ ուսանողները գրում էին, որ իրենց խոչընդոտում են շենքից դուրս գալ, դուռը ներսից փակել են։ Բնականաբար, ես շատ արագ դրա մասին փաստաբաններին տեղեկացրի ու նաեւ ուրախ եմ, որ սրբազանը դրա մասին իմացավ, երթով գնացին համալսարան, ու ինչ որ պետք էր, փոխանցեցին Դավիթ Գյուրջինյան ժամանակատարին։ Ինձ համար զարմանալի չէր իր պահվածքը, դրանով ինքն իրեն էր փրկում, եւ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանին էր իր հոգու խորքում պաշտպանում, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնելու»։

Ց․ Ակոպյանն ասում է՝ երկար տարիներ եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը, դրանից հետո շուրջ 11 տարի աշխատել է Բրյուսովի անվան համալսարանում թե՛ որպես դեկան, թե՛ որպես պրոռեկտոր, բայց նման արգելք երբեւէ ուսանողության առաջ չի դրվել․ «Ոչ մի տեղ նման կերպ ուսանողներին լսարաններում չեն պահել, սա Քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է, եւ կոչ եմ անում դատախազությանը, Քննչական կոմիտեին՝ հենց այսօր քրեական վարույթներ նախաձեռնել, որովհետեւ սա ակնհայտորեն Քրեական օրենսգրքի խախտում է՝ արգելել ուսանողին՝ մասնակցել հավաքի։ Ի դեպ, քիչ առաջ ուսանողական խորհուրդն էլ հայտարարություն արեց, ու սա այն ուսանողական խորհուրդն էր, որին ինքն ամեն կերպ աջակցում էր, եւ ի՞նչ տեղի ունեցավ՝ ողջ ուսանողությունը դուրս եկավ ու իրեն կոչ արեց՝ միանալ շարժմանը»։

Զուգահեռներ անցկացնելով 2018-ի եւ այս օրերի շարժման միջեւ՝ նախկին պրոռեկտորը նկատում է, որ եթե 2018-ին Ն․ Փաշինյանը դռնեդուռ ընկած էր ուսանողներ հավաքում, այսօր ուսանողներն առաջինն իրենք են համալսարանների դռները բացում ու միանում շարժմանը․ «Հենց դրա համար եմ ասում, որ արդեն անկասելի է ընթացքը, եւ, ինչպես սրբազանն ասաց, ընդամենը պետք է մի քիչ համբերել, որովհետեւ ուսանողների դուրս գալը որեւիցե մեկը չի կազմակերպել, չի գնացել խնդրել, որ դուրս գան, իսկ մենք հիշում ենք, թե 2018-ին ինչ գործիքներ էին կիրառում, Ռադիոտան մուտք էին ջարդում, մտնում էին համալսարան, էլի նույն վարքագիծը դրսեւորում․․․ այսօր ընդամենը մեր ուսանողներին կոչ եմ անում՝ օրինական ճանապարհով գնալ, որովհետեւ վստահ եմ՝ իրենց դա է պետք, որ մեր կողմից խախտում լինի, եւ սկսվեն ձերբակալությունները, ուստի պետք է մինչեւ վերջ հետեւել Բագրատ սրբազանի կոչին, գնալ առաջ ու շարժումը հասցնել հաղթական ավարտին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image