Մի քանի օր է՝ ողջ Հայաստանը քննարկում է Գյումրու ընտրությունները եւ շունչը պահած սպասում, թե ինչպես է հանգուցալուծվելու այն, քանի որ, չնայած այն բանին, որ ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, բայց գործընթացները դեռ չեն ավարտվել, եւ պարզ չէ, թե Գյումրու նոր քաղաքապետը որ թեւից է լինելու։
Մինչ ողջ Հայաստանը, այդ թվում` Գյումրու հետ կապ չունեցող մարդիկ քննարկում են այս հարցը, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրեն չի հետաքրքրում այս հարցը։ «Այդ հարցերի հետ ես գործ չունեմ, նամանավանդ հիմա չեմ խառնվում․ արվեստ, թատրոն, կինո, երաժշտություն՝ խնդրեմ, իսկ այդ քաղաքական հարցերով չեմ զբաղվում։ Իմ միակ կանոնը հետեւյալն է՝ ամեն ազգ արժանի է իր ընտրած ղեկավարին։ Սա է»,- նշեց նա։
Այդուհանդերձ, Գյումրին ցնծում է, որ ընդդիմությունն այս ընտրություններում հաղթեց իշխող ՔՊ-ին, ինքն ի՞նչ է մտածում այս առիթով։ «Ես ո՛չ ընդդիմություն եմ ճանաչում, ո՛չ ՔՊ, ո՛չ ՍՊ, ո՛չ ԼՊ, ոչ մի բան․․․, ես քաղաքականությունից հեռացել եմ, հասկանո՞ւմ եք, ես գործ չունեմ, որովհետեւ այնքան զզվելի բան է ինձ համար քաղաքականությունը, ու ես առնվազն չեմ ուզում խառնվել դրան»։ Այսինքն՝ նույնիսկ չգիտեք, թե ովքե՞ր էին առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում։ «Չէ, ջանըմ, ու չեմ էլ հետաքրքրվում, ով կլինի՝ կլինի, ինձ պետք ա՞․․․ նորից եմ ասում՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, վերջ»։ Միայն Գյումրո՞ւ, թե՞ ընդհանուր Հայաստանի մասշտաբով եք ասում, որ չեք հետաքրքրվում։ «Ողջ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի մասին․ եթե Թրամփին ընտրել եք, էլ հիմա մի փոշմանեք․․․»,- ասաց 80-ամյա ժողովրդական արտիստը։