Հասարակություն

«Հրապարակը» բողոքարկելու է վերաքննիչի որոշումը

«Հրապարակը» բողոքարկելու է վերաքննիչի որոշումը

Փաստաբան Իրմա Ճաղարյանի խոսքով՝ «Հրապարակ» օրաթերթն ընդդեմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործով որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը մի շարք հանգամանքներ ու փաստական տվյալներ է աչքաթող արել։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը հայց էր ներկայացրել ընդդեմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու եւ գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով։ Հայցի հիմք էր հանդիսացել այն, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին պատկանող media.am կայքը, համագործակցելով վրացական faktcheck.ge կայքի հետ, «Հրապարակ» օրաթերթի եւ հայաստանյան մի շարք առաջատար ԶԼՄ-ների հրապարակումները կամայականորեն պիտակավորել էր որպես «կեղծ լուր» եւ Ֆեյսբուքի հետ համագործակցելով՝ արգելափակել այդ լրատվամիջոցների էջերը։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Հրապարակի» հայցը, եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին պարտավորեցրել հրապարակել հերքում, նաեւ վճարել հասցված վնասի դիմաց փոխհատուցում, սակայն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ մինչեւ Վերաքննիչ դատարանի որոշումը մի շարք սորոսական ՀԿ-ների հետ համատեղ հայտարարություն էին տարածել՝ այդպես ճնշում գործադրելով դատարանի նկատմամբ։

«Հրապարակի» հետ զրույցում փաստաբան Իրմա Ճաղարյանն ասաց, որ վերաքննիչի որոշման հետ համաձայն չէ եւ բողոքարկելու է։ «Հիմնական խախտումները դատավարական են, այսինքն՝ որոշակի օրենսդրական պահանջներ են եղել, որոնք, ըստ Վերաքննիչ դատարանի, չեն պահպանվել առաջին ատյանի դատարանի կողմից, եւ, դրանով պայմանավորված էլ, որոշում է կայացվել, որ այդ դատավարական խախտումներն այնպիսին են, որ պետք է գործն ուղարկել նոր քննության։ Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ չեմ կարող դրա հետ համաձայն լինել, քանի որ առկա են մի շարք հակափաստարկներ, փաստարկներ, որոնք ուսումնասիրելու պարագայում կարող էր եւ կայացվել հակառակ դատական ակտ, քանի որ, ըստ էության, որոշակի հանգամանքներ վրիպել են Վերաքննիչ դատարանի աչքից։

Այդ պայմաններում մենք միանշանակ նախաձեռնելու ենք նաեւ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել եւ մեր դիրքորոշումները բողոքով բարձրաձայնել, քանի որ, ինչպես նշեցի, առկա են եղել մի շարք հանգամանքներ, մի շարք փաստական տվյալներ, որոնք վրիպել են Վերաքննիչ դատարանի ուշադրությունից։ Այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատում ենք վճռաբեկ բողոքի ուղղությամբ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ խնդրահարույց դրվագներ կան, սակայն փաստաբանը դրանց մասին այս փուլում չցանկացավ բարձրաձայնել․ «Ըստ էության, խնդրահարույց կետեր ես տեսնում եմ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում ենք դատական պրոցեսում, եւ նկատի ունենալով այն, որ ներկայացվելու է վճռաբեկ բողոք, փաստաբանական մարտավարությունից ելնելով՝ նպատակահարմար չեմ գտնում այդ դիրքորոշումները հանրայնացնել։ Ամեն դեպքում, այո, խնդրահարույց կետեր այստեղ տեսանելի են, եւ դրանք տեղ են գտնելու ներկայացվելիք վճռաբեկ բողոքում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image