Երեկ ողջ երկիրը փոթորկված էր վաղ առավոտյան իրավապահների իրականացրած ռեպրեսիվ գործողություններից` ընդդեմ հոգեւորականների: Երեւանի քննչական վարչություն էր տարվել 11 հոգեւորական, այդ թվում՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղեւոնդ քահանաները, ինչպես նաեւ՝ Արագածոտնի թեմի մի շարք քաղաքացիական աշխատակիցներ։ Խուզարկություններ էին իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, առաջնորդարանում, առգրավվել էին գումար, զարդեր, տարբեր առարկաներ, որոնք անմիջապես դատախազությունը լուսանկարեց եւ հրապարակեց լուսանկարները` որպես հանցագործության մասին երկաթյա ապացույցներ։ Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է: Գիշերն արդեն կալանավորումներ եղան, հայտարարեցին, որ մեղադրանքը 2 դրվագից է կազմված` 2021 թվականին տեղի ունեցած նախընտրական հանրահավաքներին մասնակցելու հարկադրանք եւ ինչ-որ գույքային մեղադրանք, որի մասին դեռեւս մանրամասներ չեն հրապարակվել:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանի քարոզիչներից մեկը` Դանիել Իոաննիսյանը, որն իրեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է համարում, պարզվեց` այս անգամ էլ է «հանցագործության մասին հաղորդում» ներկայացրել, ինչպես Միքայել Աջապահյանի դեպքում էր: Նա լսել է Հանրային հեռուստատեսությամբ ոմն Տեր Արամի հայտարարությունները, որ իբրեւ թե իրեն ստիպել են մասնակցել զանգվածային անհնազանդության ակցիաներին, եւ այդ հիմքով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, իրավապահներն էլ, փոխանակ հարցաքննելու Տեր Արամին, միանգամից ցուցադրական ռեպրեսիվ գործողություններ են իրականացրել հոգեւորականների դեմ, որ ի լուր աշխարհի ցույց տան, թե որքան «վատն» են Հայաստանի հոգեւորականները եւ ինչերի են ընդունակ: Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք:
- Եկեղեցու դեմ իշխանությունները վաղուց են դեմարշ հայտարարել, եւ, իմ տպավորությամբ, սա այդ դեմարշի շարունակությունն է, մի մասը: Եթե խոսում ենք իրավապահ ընթացակարգերի մասին, ապա այսպես վարվել ուղղակի չի կարելի, մասնավորապես՝ եթե ինչ-որ մի հասարակական կազմակերպություն հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, ընդ որում՝ դա միջնորդավորված հաղորդում է, եւ այդտեղ չկան այն անձի տեսակետները, որոնք հնչել են հեռուստատեսությամբ, դա նշանակում է, որ նախ պետք է անպայման իրականացվեր քննություն: Եթե քննությունը հիմնավորվեր, դրան պետք է պատշաճ քրեաիրավական գնահատական տրվեր, բայց այս ամենն արվում է մեկ նպատակով` Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն ուժեղացնելու, ճնշումները խորացնելու եւ, ըստ էության, կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով: Այս քայլերի ողջ իմաստն ու նպատակը դա է: Ոչ մի իրավական գործընթաց այստեղ փնտրել պետք չէ:
- Իսկ այդ հասարակական կազմակերպություն կոչված նիկոլական կազմակերպությունը, որն առաջ ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, իսկ հիմա հայտնի չէ, թե ում կողմից, չի՞ տեսնում, թե իրավապահներն ինչպիսի անօրինական գործողություններ են իրականացնում:
- Բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ բավարար քննությամբ բավարարվում է հանցանքի կատարման փաստը: Բայց քանի որ մենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ կապ ունենք, վարույթ իրականացնող մարմինը գործը սկսել է ամենավերջից: Նախ՝ խուզարկում են, հետո՝ բերման ենթարկում: Խուզարկելու նպատակն էլ այն է, որ գուցե ինչ-որ մի այնպիսի բան հայտնաբերեն, որը հետագայում կարող են օգտագործել անձանց դեմ: Օրինակ` անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա: Այս իշխանություններից հեռու չէ մարդկանց անձնական կյանքը հանրային քննարկման առարկա դարձնելը: Եթե Տեր Արամի հայտարարություններին հավատանք, որ ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին եւ նույնիսկ չի հարցաքննվել (ավելի ուշ արդեն հարցաքննվել է, բայց երբ մեծ աղմուկ բարձրացավ, դրանից հետո` Հ. Գ.), ապա ես այստեղ ոչ մի հեռանկար չեմ տեսնում, զուտ անհարկի ճնշում է: Այլ հարց է, որ եթե Տեր Արամն օժանդակում է վարույթն իրականացնող մարմնին:
- Բայց հենց նրա հնչեցրած մտքերի հիման վրա է Իոաննիսյանը հաղորդում ներկայացրել:
- Այո, բայց նրա հնչեցրած մտքերը ՀԿ-ն համարել է հանցանքի մասին տվյալ, սակայն հայտարարությունների հեղինակը չի տվել հաղորդում հանցագործության մասին: Իսկ դա նշանակում է, որ նախ հենց առաջինը պետք է Տեր Արամին հարցաքննեին, պետք է նրան հարցնեին, թե ինչ ապացույցներ ունի, ովքեր են իրեն հարկադրել ցույցերի մասնակցել, բայց եթե հավատանք նրա հրապարակային խոսքին, իրեն չեն էլ հարցաքննել, միեւնույն ժամանակ բերման են ենթարկում այս քանակի հոգեւորականների, ակնհայտ է, որ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք Եկեղեցու դեմ ռեպրեսիաների մի մասն են:
- Կաթողիկոսը լուռ է: Ի՞նչ եք կարծում` ընկճվա՞ծ է, թե՞ վախենում է ընդվզել:
- Ընկճված է, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն թիրախն իզուր չէ ընտրված: Արագածոտնի թեմի առաջնորդն ու կաթողիկոսն արյունակցական կապ ունեն: Սա նույնպես հատուկ է ընտրվել, որպեսզի արյունակցական կապն օգտագործվի կաթողիկոսի դեմ, եւ, ի վերջո, նրան հարկադրեն հրաժարական տալ: Կհաջողեն, թե ոչ՝ չեմ կարող հստակ ասել, սակայն որ սա վերջը չէ, դա միանշանակ է: Այս առումով, ինչպես բոլոր այդ դեպքերում, Հայաստանի ղեկավարը չունի բարոյականության սահմաններ եւ կարմիր գծեր:
- Երբ խուզարկում էին հոգեւորականներին, ըստ Ձեզ, ի՞նչ էին ակնկալում գտնել: Առհասարակ` ի՞նչ կարող էին գտնել այս գործի շրջանակներում:
- Խուզարկությունները տվյալ հանցանքին չեն կարող վերաբերել, սակայն դրանք արվում են ինչ-որ մի բան հայտնաբերելու համար: Ցանկացած բան կարող է օգնել իրենց: Ես այս հարցին չեմ կարող իրավական ասպեկտից մոտենալ, քանի որ այն իրավական պրոցես չէ այս պարագայում: Օրինակ` կարող էին անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներ հայտնաբերել, հոգեւորականներին խայտառակ անել եւ այլն: Այս իշխանությունից հո հեռու չէ՞: Երբ դիմակավորված անձինք գնում են հասնում եկեղեցու դուռը` խուզարկություն իրականացնելու, այստեղ իրավունքի եւ արդարության մասին խոսելն ավելորդ է ուղղակի: