«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։
- Պարոն Ասլանյան, չորս օր է անցել դժբախտ պատահարից, սակայն որեւէ մեկի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, թեեւ մեղավորների մի մեծ բանակ կա։
- Իրականում, տեղի ունեցած պատահարի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն դեռեւս որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Եթե նախաքննության մարմինն առաջ է քաշել այն նախնական վարկածը, որ տեղի ունեցած դեպքը դյուրավառ նյութերի պահպանման կանոնների խախտման հետեւանք է, ապա արդյունավետ նախաքննության ապահովման, հատկապես դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման նպատակով նախ պարտավոր է անհապաղ լուծել դյուրավառ նյութերի փաստացի ներկրումն ու պահպանումն իրականացրած անձի (կազմակերպության ղեկավարի) քրեական հետապնդման եւ խափանման միջոցի հարցը, քանի որ նույնիսկ դեպքի վայրում, բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների իրականացման համար։ Այնուհետեւ պետք է անդրադառնալ տեսչական մարմինների պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված անգործության քրեաիրավական գնահատմանը։ Հակառակ պարագայում՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ ունենալու ենք ուշացած արդարադատության հերթական օրինակը։ Ընդ որում, եթե նախաքննությամբ պարզվի, որ տուժողներից ոմանց մահը վրա է հասել դեպքից 8-10 ժամ անց, ապա քրեաիրավական գնահատականների պետք է արժանանան նաեւ ԱԻՆ աշխատակիցների, պաշտոնատար անձանց գործողությունները։ Իմ կարծիքով՝ դեպքին հաջորդած ժամերին, հատկապես գիշերը կատարված աշխատանքները բավարար չէին հասարակությանը համոզելու, որ իսկապես կյանքեր փրկելու ձգտում կա։ Իհարկե, դրան նպաստեցին նաեւ փորձի, համապատասխան տեխնիկական միջոցների բացակայությունը, սկզբնական հատվածում սահմանափակ ուժերի ներգրավվածությունը։
- Բայց մենք տեսնում էինք, թե ինչպես էին ընդդիմության հավաքների մասնակիցները կալանավորվում, անմիջապես քրեական գործեր էին հարուցվում, մարդիկ էին ձերբակալվում։ Այս պարագայում մեղավորներն ակնհայտ են, գոնե, ըստ առաջին վարկածի՝ հրավառ նյութերը ներկրողը, պահպանողը եւ այլն։
- Ցավոք, քրեական հետապնդման մարմինները վերջին ժամանակներում խիստ ծանրաբեռնված են քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական վարույթներով, նախապատվությունը տալիս են դրանց, իսկ մյուս դեպքերում սարսափելի դանդաղկոտ են։ Քրեական վարույթների այսպիսի հայեցողական, սուբյեկտիվ տարանջատումը, իհարկե, ունի իր դրդապատճառները, որոնք իրավաբանության հետ աղերս չունեն։ Ավելին, քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով վարույթն իրականացնող մարմինները դրսեւորում են նույնիսկ տրամաբանության սահմաններում չտեղավորվող «ջանասիրություն», ագրեսիվ, ապօրինի դատավարական վարքագիծ, ինչն ընդամենը օրվա իշխանության քաղաքական շահերի սպասարկմանն է ուղղված։
- Որքանո՞վ անաչառ կընթանա քննությունը։
- Դժվարանում եմ կարծիք հայտնել քննության որակի մասին, կյանքը ցույց կտա։ Սակայն, հաշվի առնելով գոյություն ունեցող դատաքննչական պրակտիկան, ինչպես նաեւ առկա կադրային ռեսուրսները, ինքս բազմակողմանի, օբյեկտիվ քննության ակնկալիք չունեմ։ Մյուս կողմից՝ հույս ունեմ, որ այս քրեական վարույթը գուցե բացառություն կազմի, քանի որ առնվազն 16 անձանց մահվան ելքով պատահար ամեն օր չէ, որ մեր երկրում տեղի է ունենում։ Գուցե ասածս տարօրինակ թվա, բայց ես չեմ բացառում նաեւ հնարավոր ահաբեկչության հանգամանքները քաղաքական նպատակներով քողարկելու հավանականությունը, քանի որ ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու բազմաթիվ ներխուժումների, նրան արված անվերջ զիջումների փաստերը նույն նպատակով, տեւական ժամանակ թաքցրած իշխանությունն ամեն ինչի ընդունակ է։
- Այս դեպքը ոչ միայն մարդկային կորուստներ բերեց, շրջակա միջավայրին վնասեց, այլեւ դեռ Երեւանի օդը երկար ժամանակ կմնա աղտոտված։ Այսինքն՝ պայթյունի օջախին մոտ ապրողների առողջությանն էլ է վտանգ սպառնում, բնապահպաններն ահազանգում են, որ օդի ավազանի նորմատիվների զգալի շեղում է տեղի ունեցել։ Այս հանգամանքը հաշվի կառնվի՞ քննության ընթացքում։
- Անկեղծ ասած, ինձ այդ հարցերն այս պահին շատ քիչ են հետաքրքրում, քանի դեռ լուծված չէ բազմաթիվ մեր հայրենակիցների մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության հարցը։ Իհարկե, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է նաեւ քննության առարկա դարձնել հարցադրմամբ նշված հանգամանքները։