Հարցազրույց

Փաշինյանն այսօր զբաղված է բանակցային գործընթացի խեղաթյուրմամբ

Փաշինյանն այսօր զբաղված է բանակցային գործընթացի խեղաթյուրմամբ

Հարցազրույց քաղաքագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

- Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում կրկին շեշտեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ միջազգային հանրության կողմից կա, ավելին ասաց, որ նախկինում միջազգային հանրությունը համարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում եւ այլ կարգավիճակ չի կարող ունենալ:

- Նիկոլ Փաշինյանն իրավացի է մի հարցում, ամեն անգամ, երբ բանակցային գործընթացում փակուղի էր առաջանում` թե՛ նախկինում, թե՛ այժմ, միջնորդները փորձում են զիջումների և հետքայլերի հասնել հայկական կողմից: Սա լավ իմանալով՝ Փաշինյանը կրկին փորձում է մեղքը բարդել անցյալի վրա: Դա հասկանալու համար կարևոր եմ համարում շեշտել Նիկոլ Փաշինյանի ստերի խրոնոլոգիան բանակցային գործընթացի մասին: Օրինակ՝ նա 2018 թ. դեկտեմբերին, անդրադառնալով միջնորդների հետ իր քննարկումներին նշում է. «...մեր խոսակցության ժամանակ ասում էր՝ իսկ ո՞վ չի հասկանում, նման մարդ կա՞, որ չի հասկանում, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ասում են՝ վերջ, դա վաղուց է ավարտվել։ Ասում եմ՝ եթե ավարտվել է, եկեք գրենք թղթի վրա, ստորագրենք։ Այսպիսի, եթե համոզված լինեմ, որ չի հրապարակվի․․․ բայց համոզված չեմ։ Ես շատ հստակ ասել եմ՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի կարգավորում ուղղակի հնարավոր չէ։ Ես բոլորին դա ասել եմ։ Բոլորն ասում են, որ բոլորը գիտեն, այդ թվում և Ալիևը։ Ես էլ ասում եմ՝ գիտեն, թող գրեն, կստորագրեմ, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ասում են՝ դե, Ալիևն ասում է` ինձ կմեղադրեն ազգի դավաճան լինելու մեջ»։ Այստեղ Փաշինյանն արձանագրում է, որ դռների հետևում բոլորն իրեն հավաստիացրել են, որ անգամ Ալիևն է հասկանում, որ Արցախից, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ–ի տարածքից հրաժարվել է, ուղղակի հրապարակային դա չի ընդունել:

Հետո, արդեն 2021 թ. դեկտեմբերին նույն Փաշինյանն ասում է. «Բանակցային գործընթացում «աղետ» է գրանցվել 2016թ–ին, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Այժմ, համառորեն խոսում է այն մասին, որ բոլոր փաթեթներով ՀՀ իշխանություններն ընդունել են Արցախն Ադրբեջանի կազմում: Իսկ այդ դեպքում չկա էլի պարզ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ էր Ադրբեջանի նախագահը մերժում խաղաղ կարգավորման բոլոր լուծումները: Իրականում Ադրբեջանը տասնամյակներով պատերազմի է պատրաստվել, Ալիևը վերջին շրջանում դա շարունակաբար խոստովանում է: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանը հստակ հասկանում է, որ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է, դա երեկ էլ անուղղակիորեն խոստովանեց, քանի որ Ադրբեջանի պահանջներն օր օրի աճում են: Դրանք բավարարել, նշանակում է հրաժարվել պետություն ունենալու մտքից: Այդ պարագայում, փոխարենը անդադար աշխատանք տարվի բանակի հզորացման և անվտանգային հարցերի ուղղությամբ, Փաշինյանն այսօր  զբաղված է բանակցային գործընթացի խեղաթյուրմամբ, ընդ որում այդ ստերից միայն Ադրբեջանն է շահում, Հայաստանն ու Արցախը՝ տուժում են:

- Ի վերջո, ո՞րն է Փաշինյանի նպատակը, երբ «թացը չորի հետ խառնած» է ներկայացնում բանակցային գործընթացը:

-Բանակցային գործընթացն անդադար խեղաթյուրելով Փաշինյանը փորձում է մի կողմից արդարացնել ինքն իրեն և իր անկարողությունը, մյուս կողմից՝ փակում է քննարկումների հնարավորությունն ապագայում: Նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ նախկինների դեմ պայքարի մոլուցքով: Ընդ որում, ուշագրավ է, որ նույն 2018 թ. դեկտեմբերին Փաշինյանը նախկինների մասին ասում է. «Եվ ի՞նչն է փոխվել ընդհանրապես։ Այդ հարցի պատասխանն, ըստ էության, Ռուսաստանի նախագահը տվեց մեր հանդիպումներից մեկի ժամանակ։ Ինքն ասում է՝ ես վաղուց հասկացել էի, որ Հայաստանի նախկին իշխանությունները, ռուսերեն բառը՝ «они не были договороспособнымы»։ Այսինքն, ասում էր՝ կապ չունի՝ ինչ է առաջարկվում, բայց իրենք պայմանագրունակ չէին, եթե թարգմանենք։ Հիմա այն է, որ դուք պայմանագրունակ եք, որովհետև դուք ունեք ժողովրդի աջակցությունը և այլն, և այլն։ Փոխվել է սա։
Ասածս այն է, որ ինքը քանդում է ամեն ինչ, որովհետև ոչինչ չի կարողանում անել, ուստի անում է անտրամաբանական հայտարարություններ, որոնք միայն կօգնեն Ադրբեջանին: Երեկվա ասուլիսում նույն Փաշինյանն ասում է, որ Բաքվի գործողությունները ցույց են տալիս, որ իրենք փորձում են նոր պատերազմի լեգիտիմ հիմք ստեղծել: Եթե դա հասկանում է, ապա էլ ի՞նչ իմաստ ունի նախկինների բանակցածը խեղաթյուրելը կամ ադրբեջանական քարոզչաթեզերով ներկայացնելը, ընդամենը պետք է արձանագրել փաստը՝ Ադրբեջանը չի գնացել և չի գնում խաղաղության, ուստի այս անօգուտ խոսակցությունների փոխարեն պետք է պատրաստվել ինքնապաշտպանության:
Իսկ Փաշինյանի չդադարող ստերը մի հայտնի անեկդոտ են հիշեցնում. «Մեկը մյուսին ասում է՝ գիտես այս մարդու հայրը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նեմեցների հետ է համագործակցել, մյուսն արձագանքում է՝ ի՞նչ ես խոսում, այդ մարդու հայրը Երկրորդ Համաշխարհային պատերազմից առաջ է մահացել: Մյուս ասում է՝ դե դու գիտես` ես իմ ասելիքն ասեցի»: Կներեք, որ հեգնանքով եմ ասում, բայց սա է Փաշինյանը ասածը՝ ինքն իր սուտն ասում է այնքան, որ բոլորը մտածեն, որ ճիշտ է: Այդ պրոցեսից տուժում է պետությունը և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ կտրվածքով, անգամ, եթե Փաշինյանը հերթական անգամ «հաղթում է» նախկիններին:

- Փաշինյանը նաև խոսեց Բերձորի նոր ճանապարհի մասին՝ նշելով, որ նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:

-Այո, նա անդրադարձավ այդ հարցին և նշեց հանգամանքներ, որոնք արտացոլված չեն նույն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում, օրինակ՝ նախկին ԼՂԻՄ–ից դուրս բոլոր տարածքները կանցնեն Ադրբեջանին: Իսկ եթե նախկին ԼՂԻՄ տարածքներն օկուպացնում է Ադրբեջանը, այդ դեպքում՝ ի՞նչ: Ես տպավորություն ունեմ, որ գործ ունենք հերթական բանավոր պայմանավորվածությունների հետ: Որովհետև Փաշինյանը նշեց, որ դեռ տարի ու կես ժամանակ կա, որ ճանապարհի երթուղին քննարկեն, բայց մյուս կողմից Ադրբեջանն արդեն պատրաստ է իր մասով, հիմա ի՞նչ է լինելու, ի՞նչ են անելու այդ գյուղերի բնակիչները, բացի այդ՝ անհասկանալի է, եթե որևէ կերպ խափանվի կապը Հայաստանի ու Արցախի միջև, եթե կարևոր ենթակառուցվածքներ անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, նշանակում է մեր հայրենակիցները հայտնվում են կամ դեպորտացիայի կամ ցեղասպանության վտանգի տակ: Այդ ժամանակ էլ կասենք՝ դե թող ռուս խաղաղպահները պաշտպանե՞ն: Այո, ռուսական կողմը կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, բայց, ի վերջո, Արցախի հայկական մնալու թիվ մեկ շահագրգիռ կողմը մենք ենք, մենք ենք տասնամյակներով զոհեր տվել, կյանքեր տվել և պայքար մղել դրա համար: Հիմա ի՞նչ` այդ ամենը դրվում է հարցականի տակ, քանի որ չենք էլ հասկանում, թե ինչ նոր բանավոր պայմանավորվածություններ կա՞ն:

- Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր հասնել խաղաղության կամ հնարավո՞ր է արդյոք:

- Այստեղ կմեջբերեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը. «Լա՛վ իմացեք, պատերազմից խուսափելու լավագույն ձևը՝ դա միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Ուզու՞մ ենք խաղաղություն լինի, պետք է ունենանք ամուր բանակ, կանոնավոր բանակ, մարտունակ զինվոր: Եթե թշնամին իմանա, որ մենք ամուր բանակ ունենք՝ չի համարձակվի հարձակվել: Մենք դատապարտված ենք ամուր բանակ ունենալուն»: Սա է խաղաղության երաշխիքը՝ ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը միշտ գերադասեն մեզ վրա հարձակվելուց: Անելանելիության և պարտվողականության քարոզի փոխարեն պետք է հանրության հետ անկեղծ լինել ու տալ ինքնապաշտպանության նախապատրաստվելու գործիքակազմ, եթե ցանկանում են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան և մեր նոր տարածքային կորուստները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image