Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որի համաձայն՝ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ եւ չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի։ Այս նախադեպային որոշման մասին զրուցել ենք նշված գործով փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանի հետ, որն այս գործով ներկայացուցչությունը ստանձնել է գործի կեսից, երբ քիչ էր մնացել դատական գործի ավարտին։ Խոսքն արցախցիների մի մեծ ընտանիքի մասին է` ամուսինները, երեխան, տատիկը` 2 տարբեր գործից կազմված, որոնք նույն օրը, նույն ժամին են քննվել` որպես միասնական ճակատագիր ունեցող մարդկանց գործեր:
- Ինչպե՞ս կարողացաք դատարանին համոզել՝ նման որոշում կայացնել։
- Դատավորը հենց սկզբից էլ ասաց, որ իմ տրամադրած նյութերից հետո ինքն էլ է այն կարծիքին, որ այս մարդիկ քաղաքացիություն չունեցող անձինք են համարվում: Դատական որոշման մեջ գրված է՝ մենք ենթադրում ենք, որ այս մարդիկ քաղաքացիություն չունեցող անձինք են, քանի որ 100 տոկոս կարող ենք բացառել, որ նրանք ՀՀ քաղաքացի են։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի չեն, կարող են դիտարկվել որպես քաղաքացիություն չունեցող անձինք։ Նախադեպային վարչական դատական պրակտիկան ասում է, որ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը ստուգելու համար 100 տոկոսանոց ապացույց պետք չէ, տարբեր հանգամանքներ իրար հետ միավորված՝ կարող են հանգեցնել նման եզրակացության։
- Քաղաքացիություն չունեցող անձինք ի՞նչ հնարավորություններից են օգտվում Գերմանիայում։
- Նրանց կարգավիճակը պարզվել է, եւ կացության կարգավիճակ է տրամադրվել, իրենք կարող են օգտվել այն իրավունքներից, որոնցից օգտվում են փախստականները։ Քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ստանալ գերմանական ճամփորդության անձնագիր՝ օտարերկրացիների համար նախատեսված, որով կարող են ճամփորդել նույնիսկ Հայաստան, եթե ցանկանան: Ըստ դատարանի կարծիքի՝ այդ մարդկանց հայրենիքն իրավական առումով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, այլ Արցախն է, որը, ըստ միջազգային լայն կոնսենսուսի եւ կարծիքի, հանդիսանում է Ադրբեջանի վարչատարածքային միավորման մաս։
- Նման որոշումը պատճառ չի՞ դառնա, որ արցախցիները մասսայական լքեն Հայաստանը՝ Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու համար։
- Ճիշտ դիտարկում արեցիք, բայց նման մտավախություն չկա․ ինչո՞ւ, որովհետեւ այս կարգավիճակը տրամադրվում է միայն այն մարդկանց, ովքեր մեկ տարուց ավելի չեն բնակվել Հայաստանում՝ իրենց հայրենիքը լքելուց հետո։ Այն մարդիկ, ովքեր, օրինակ, սեպտեմբերին լքել են իրենց հայրենիքը, գնացել են Հայաստան եւ մինչ այսօր այնտեղ են, նրանց համար շատ դժվար է լինելու այդ կարգավիճակը ստանալ, երբ արտագաղթեն։ Ապաստանի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածն ասում է, որ այն պետությունն է այսուհետ իրավասու իրենցով զբաղվել, որտեղ իրենք վերջում իրենց հիմնական բնակավայրն են ունեցել։ «Հիմնական բնակավայր» եզրույթը շատ կարեւոր դեր ունի, միջազգային եւ գերմանական որոշմամբ սահմանվել է, որ այդ ժամկետը մեկ տարին է։ Այսինքն՝ եթե մարդիկ մեկ տարուց ավելի մի երկրում հիմնական բնակություն են հաստատել՝ նույնիսկ այդ երկրի քաղաքացի չլինելով, օրենքն ասում է, որ իրենց հայրենիքն այդ երկիրն է։ Այդ դեպքում այլեւս չի ստուգվելու՝ նրանք կարո՞ղ են վերադառնալ Արցախ կամ Ադրբեջան, այլ ստուգվելու է, թե իրենք կարո՞ղ են վերադառնալ Հայաստան։ Ու, բնականաբար, երբ Հայաստանը դիտարկվի որպես իրենց հայրենիք, շանսերը կտրուկ նվազում են, գրեթե զրոյանում, որովհետեւ Հայաստանի դեպքում դատարանների ճնշող մեծամասնությունը կասի, որ հետապնդման հետ կապված խնդիրներ չկան։
- Գերմանական դատարանը ֆիքսել է մի կարեւոր հանգամանք՝ արցախցիները չեն կարող վերադառնալ Արցախ, որովհետեւ Ադրբեջանը կհետապնդի նրանց։ Կարո՞ղ ենք սա օգտագործել՝ Ադրբեջանին որպես ֆաշիստական, հայատյաց քաղաքականություն վարող երկիր ներկայացնելու հարցում։
- Այո, սա կարող ենք այդ կոնտեքստում դիտարկել՝ հայ-ադրբեջանական բանակցությունների, հայ-ադրբեջանական դատական վեճերի տիրույթում՝ միջազգային դատարաններում, բայց ոչ միայն, այլ նաեւ արցախցիների վերադարձի հեռանկար ստեղծելու կոնտեքստում։ Քանի որ դատարանը որոշել է, որ Արցախի տեղահանված նախկին բնակիչների հայրենիքը չի դիտարկվում Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ Արցախը, եւ դրանով ստեղծվում է հեռանկար, որ գոնե տեսական առումով, օրենքն էլ է դա պահանջում, այդ մարդիկ պետք է մի օր վերադառնան իրենց հայրենիք` Արցախ, եւ ոչ թե Հայաստան։ Այս որոշմամբ դատարանը գոնե տեսականորեն հեռանկար է ստեղծում` եթե խտրականության խոչընդոտները վերանան, այդ մարդիկ վերադառնան իրենց հայրենիք: Այդ կարեւոր կետն է ինձ համար որոշիչ, այն, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես ֆաշիստական կամ բռնապետական պետություն, դա ֆիքսվել է թղթի վրա, որովհետեւ նմանատիպ որոշումներ Գերմանիայում ես գրեթե չեմ գտել։ Եվ այդ մարդիկ կարող են անընդհատ պնդել, որ իրենք Գերմանիայում են գտնվում, քանի որ իրենց մուտքն իրենց հայրենիք արգելված է։ Ու ինչքան ժամանակ արգելված է, կամ խոչընդոտներ կան, այդքան ժամանակ Ադրբեջանը դիտարկվում է որպես պետություն, որն իր տարածքում ճնշում է էթնիկ փոքրամասնություններին։ Դատարանը ֆիքսել է նաեւ, որ Ադրբեջանի խտրականությունը հայերի նկատմամբ տասնամյակների ավանդույթ ունի՝ դա էլ է շատ կարեւոր։
- Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի այս նախադեպային որոշումը դառնա որոշիչ գործոն` ավելի շատ արցախցինե՞ր պետք է դիմեն եվրոպական դատարաններ։
- Նախեւառաջ պետք է հասկանալ, թե «մենք» ասելով ում նկատի ունեք, որովհետեւ կա Հայաստանի Հանրապետություն, կան իրենց ներկայացուցիչներ, կան տեղահանված անձինք, փախստականներ։ Տեղահանվածների տեսանկյունից, բնականաբար՝ նրանք, ովքեր Եվրոպայում են գտնվում, պետք է ապաստան ստանալու այդ ընթացակարգով անցնեն։ ԵՄ օրենսդրության կոնտեքստում կարգավորումները հարմոնիզացված են, գրեթե բոլոր ԵՄ պետություններն ունեն նմանատիպ ապաստանի գործընթացներ, եւ պետք է նույնատիպ որոշումներ կայացվեն, բայց մինչեւ դրան հասնենք, պետք է նախադեպային որոշումներ ստեղծվեն, որը ես փորձում եմ անել Գերմանիայում։ Ես այստեղ դատական գործընթացներ ունեմ՝ առնվազն 3 տարբեր դատարաններում, բացի սրանից՝ Վիրցբուրգի, Տրիերի, նաեւ Կիսսենի դատարանում նույն կարգավիճակն ունեցող մարդկանց հետ կապված։ Եվ եթե այդտեղ էլ հաջողության հասնեմ, կարելի է ասել, գոնե այն մարդկանց հարցը, ովքեր այստեղ են գտնվում, կլուծվի, բայց նրանք, ովքեր նոր պիտի գան, նրանց համար շատ դժվար է լինելու։ Մինչ այսօր անորոշ էր, թե արդյոք Արցախի բնակիչները համարվո՞ւմ են Հայաստանի քաղաքացի․ մինչ 2020 թվականը գոնե դրա մասին կոնսենսուս չկար։ Հայաստանի Հանրապետությունը, 2023 թ. հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն, Արցախի բնակիչներին տրամադրեց փախստականի կարգավիճակ՝ դրանով բացառեց նրանց քաղաքացիությունը, որովհետեւ քաղաքացիությունը եւ փախստականի կարգավիճակը միմյանց բացառում են։ Մարդը չի կարող միեւնույն ժամանակ քաղաքացի լինել եւ փախստական։ Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող Հայաստանի քաղաքացի դառնալ, ընդհակառակը՝ հեշտացված ընթացակարգով հնարավոր է շատ ավելի արագ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, քան օտար ազգերի ներկայացուցիչները։
- ՀՀ քաղաքացիություն վերցնելու դեպքում հետդարձն Արցախ հնարավոր կլինի՞։
- Եթե արցախցիները՝ բոլորը, ՀՀ քաղաքացի դառնան, հետադարձ կապն Արցախի հետ կկտրվի, իմ կարծիքով: Բայց եթե ճանաչվեն որպես տեղահանված անձինք, որոնք քաղաքացիություն չունեն, հետադարձ կապն Արցախի հետ կպահպանվի, եւ օրակարգն ուժի մեջ կմնա։ Դրա համար, իրավական կամ քաղաքական առումով ամենաճիշտ որոշումը չէ, որ բոլորը դառնան Հայաստանի քաղաքացի։ Իհարկե, նրանք էթնիկ հայեր են, մեր հայրենակիցներն են, բայց տեղահանվածների մի խումբ պետք է ունենա նման կարգավիճակ, որ նրանց վրա հղում անելով՝ այդ օրակարգը պահպանվի։
- Այսինքն՝ այն արցախցիները, ովքեր ուզում են մի օր վերադառնալ իրենց ծննդավայր, պետք է չվերցնեն ՀՀ անձնագիր։
- Ես չեմ ուզում խորհուրդներ տալ՝ դրա իրավունքը չունեմ... բայց եթե մենք խոսում ենք ռազմավարության մասին, դա ավելի շատ հեռանկար կստեղծի, որովհետեւ հենց դարձան Հայաստանի քաղաքացի, իրենց թեման, եթե կոպիտ ձեւակերպենք, ավելի շուտ կփակվի։