Այսօր հաճախ ենք լսում արդար եւ անհրաժեշտ մոտեցումներ ու ցանկություններ՝ «Արցախի հարցը պետք է տաք պահել» կամ՝ «Արցախի հարցը միշտ պիտի մնա առաջնահերթ», կամ՝ «Արցախն անցյալ չէ», սակայն դրանց համարժեք գործուն քայլեր կարծես չենք իրականացնում, ինչը ցավալի իրողություն է։
Կարծում եմ՝ առաջին քայլը պետք է լիներ կամ պետք է լինի «Քաղպայմանագիր» կուսակցության կողմից իշխանության ենթադրյալ յուրացման հարցը վերջապես իրավական հարթություն բերելը, որը որքան էլ թավշյա ռեժիսորներն «աստղային ժողովրդավարություն» անվանեն, միեւնույն է` նրանց չի հաջողվի, ինչպես իրենց պատասխանատվությունը, այնպես էլ ՔՊ կուսակցության ենթադրյալ հանցագործությունը, այն էլ՝ սահմանադրական իշխանազավթումը, մոռացության մատնել․․․
Իհարկե, եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ, ապա առաջին քայլն ԱԺ` «էշի ականջում քնած» կամ, որ նույնն է՝ «թավշյա ընդդիմությունը», որի պատժի չենթարկված եւ, ավելին, իրենց «վարածը» վայելող առաջնորդների՝ 2000-ականներից սկսած հակամարտությունը քանդեց եւ քանդում է մեր Հայրենիքը, նրանց է վերաբերում։ Երկրորդ քայլը. կարծում եմ` պետք է փոխենք անիմաստ եւ ժամանակակորուստ քննադատման կամ դատապարտման վեկտորը գործող, բառիս բուն իմաստով, քնձռոտ եւ չլսող իշխանությունից դեպի նրա թավշյա հովանավորները կամ աջակիցները, այն է՝ ՔՊ-ի ծնող ՀՀԿ-ն՝ իր իբր խորամանկ առաջնորդով, միջազգային կիսատ-պռատ ժողովրդավարները եւ, իհարկե, ՔՊ-ական իշխանությունում ծվարած «նախկինները», արդեն՝ կերած-խմած։
Եվ, վերջապես, պետք է օգտագործել եղած արցախյան բոլոր գործիքները՝ սկսած Վիլսոնի իրավարար վճռից մինչեւ Կալիֆորնիայի Սենատում այսօր գործող պետական մարմին՝ «Կալիֆորնիայի, Հայաստանի եւ Արցախի փոխադարձ առեւտրի, արվեստի եւ մշակութային փոխանակման հարցերով հատուկ կոմիտեն»: Սակայն դա պետք է անենք մեր միասնականության եւ համերաշխության ապահովմամբ։ Հենց այդ պատճառով որեւէ անուն չեմ նշի, սակայն հայտնում եմ իմ խիստ անհանգստությունն այն առթիվ, որ արդեն երկար ժամանակ է՝ չի հաջողվում Արցախի համար այս աննախադեպ գործիքը` Հատուկ կոմիտեն աշխատեցնել, այն էլ՝ Կալիֆորնիայի պես մի երկրում, որը ճանաչել է Արցախ պետությունը։
Մեկն ուղղակի լռում է, մյուսն ասում է, որ դա քաղաքական մարմին չէ, կամ՝ նման մարմիններ շատ կան, ավելի «խելոքները» հայտարարում են, որ Վաշինգտոնն է արտաքին քաղաքականությունն իրականացնում, իսկ ամենակարեւորները՝ ՀՀ եւ Արցախի ԱԺ պատգամավորներն ուղղակի տեղյակ չեն այդ մասին եւ, կարծես, չեն էլ ցանկանում տեղեկանալ, եւ այսպես շարունակ․․․
Բայց այդ Կոմիտեն աշխատել է բավականին երկար ժամանակ, ցավոք, Արցախի համար ինչ-որ էական աշխատանք չկատարելով, այդ թվում՝ արցախցիների բռնի տեղահանման ժամանակ մեր անթաքույց անգործության պատճառով: Չնայած նրան, որ մեդալներ եւ ընտրական ձայներ ենք տվել նրա հիմնադրին։ Հիմա նույնը շարունակվում է, որի արդյունքում ամենահավանականն այն է, որ նոյեմբերյան ընտրություններից հետո այդ Կոմիտեն հիմնովին կվերանա, առավել եւս, որ նրա հիմնադիր եւ նախագահ սենատորն այլեւս չի լինի Կալիֆորնիայի Սենատում։
Համոզված եմ, որ Կոմիտեի աշխատանքը շատ ու շատ հարցերի պատասխաններ եւ լուծումներ կարող է տալ, որի մասին առայժմ չարժե արտահայտվել, եւ հենց այդ պատճառով երկամսյա ժամանակը շատ քիչ է: Պետք է շտապել, իմ շատ ու շատ սիրելի գործընկերներ եւ հատկապես ՀՀ եւ Արցախի ԱԺ պատգամավորներ։ Մասնավորապես, հենց այսօր կարելի է արցախցիների վերադարձի խնդիրը քննարկման օրակարգ դարձնել ե՛ւ այդ Կոմիտեում, ե՛ւ ԱՄՆ ընտրողներիս նախընտրական քարոզչական միջոցառումներում, սակայն համապատասխան սուբյեկտները, այն է՝ ՀՀ եւ Արցախի ԱԺ կառույցները, պետք է նախաձեռնեն, այն է՝ դիմեն Կոմիտեին։
Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ նախագահության անդամ
Գլենդելյան ֆորումի համակարգող
DCCC անդամ եւ «Հարիս-Ուոլց» թիմի աջակից
ՀԳ․ https://www.senate.ca.gov/committees/selectcommitteeoncaliforniaarmeniaandartsakhmutualtradeartandculturalexchange