Քաղաքականություն

Ինչու են բռնապետները կորցնում իրականության զգացումը եւ ադեկվատությունը

Ինչու են բռնապետները կորցնում իրականության զգացումը եւ ադեկվատությունը

«Առաջարկում եմ նրանց՝ ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին, եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւություններն անելու գործում»,- նախկին նախագահներին սպառնում է Նիկոլ Փաշինյանը: Սպառնում է, որ եթե նախկին նախագահները չընդունեն իր հետ ուղիղ հեռուստաբանավեճի առաջարկը, ինքը ժողովրդին կասի, որ նախկին նախագահները վախեցան իր հետ բանավիճելուց, որովհետեւ գիտեին, որ պարտվելու են:  Ժողովուրդն էլ այնքան հիմար եւ պրիմիտիվ կգտնվի, որ կասի` հա, դե ճիշտ է ասում մեր վարչապետը, եթե նրանք ճիշտ լինեին եւ ասելու բան ունենային, ուրեմն կգնային նրա հետ բանավեճի:

Ի դեպ, Փաշինյանն արդեն սկսել է ժողովրդին օգնելու գործը` ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է. «Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք, ուղիղ եթերով ապացուցեք, թե որքան անպարտելի են ձեր փաստարկները: Ինչո՞ւ չեք ուզում ժողովուրդը տեսնի ձեր անպարտելիությունն ուղիղ եթերով»: Նիկոլական մեկ այլ քարոզիչ` Դանիել Իոաննիսյանը, նույն թեմայով գրում է. «Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (գուցե` նաեւ Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին, առանց տատանվելու կհամաձայնեին»: Իոաննիսյանը Փաշինյանի հետ մի փոքր տարաձայնություն ունի. նա կարծում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ բանակցությունները սկսվել են ոչ թե 1994-ին, ինչպես պնդում է Փաշինյանը, այլ՝ 1996-ին, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից սկսած: Բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ 1996-ից երեք նախագահներն անհաջող բանակցում էին, ուզում էին Արցախը հանձնել Բաքվին` չէր ստացվում, միայն Փաշինյանն իր հանճարի շնորհիվ կարողացավ ավարտին հասցնել այդ գործը:

Երբ Փաշինյանը նախկին նախագահներին բանավեճի առաջարկ էր անում, նա, անշուշտ, հասկանում էր, որ ոչ մեկը չի ընդունելու իր առաջարկը, որ այն ընդունելու համար մարդ առնվազն պետք է հոգեպես անհավասարակշիռ լինի: Գժերի հետ բանավիճում են միայն գժերը, ոչ մի նորմալ, բանական մարդ չի կարող գժի հետ վեճի բռնվել՝ նրան ինչ-որ ճշմարտություններ բացատրելու համար: Գժի եւ խելոքի բանավեճում միշտ հաղթում է գիժը, ադեկվատությունը դրսեւորվում է հենց նրանում, որ մարդը հրաժարվում է նման բանավեճից:

Թվում է, թե ոչ ադեկվատ մարդը չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, տնօրինել միլիոնավոր մարդկանց ճակատագրեր: Ցավոք, իրականությունն այլ է, եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին: Երբ խոսք է գնում երկրի ղեկավարի ոչ ադեկվատ լինելու մասին, միշտ հիշում եմ Ուգանդայի նախագահի պաշտոնը 1971-1979 թթ․ զբաղեցրած Իդի Ամինին, որը եւս պետության ղեկը զավթել էր հեղաշրջման արդյունքում: Նա երկրի ղեկավարին ոչ բնորոշ բազմաթիվ ոչ ադեկվատ քայլեր է կատարել, բայց ամենաարտառոցը 1975-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելն էր: Ամինը, Փաշինյանի նման, ուզում էր ուգանդացիներին օգնել, որ հետեւություն անեն, թե ով է ավելի ուժեղ` ԱՄՆ-ն, թե իրենց երկիրը եւ նրա ղեկավարը: Ամինը հավաքել էր բոլոր լրատվամիջոցներին եւ հրապարակային պատերազմ էր հայտարարել, իսկ մեկ օր անց հայտարարեց, որ հաղթել է ԱՄՆ-ին, քանի որ Միացյալ Նահանգները վախեցավ, չմասնակցեց պատերազմին: Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ում նույնիսկ չեն էլ իմացել, որ Ամինն իրենց պատերազմ է հայտարարել, կամ եթե իմացել էլ են, որոշել են այդ աստիճան չիջնել եւ չարձագանքել:

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակն ասում է, որ Քոչարյանը չի լսում, չի կարդում Փաշինյանի ոչ ադեկվատ ելույթներն ու գրառումները: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն ասում է, որ Փաշինյանը ճիշտ կանի՝ ինքն իր հետ բանավեճի մեջ մտնի` նույնպես ակնարկում է նրա ոչ ադեկվատությունը: Բայց Փաշինյանը կարող է հայտարարել, որ ինքը հաղթեց բոլորին, քանի որ իրենից վախեցան, վախեցան, որ կպարտվեն, դրա համար էլ չընդունեցին իր մարտահրավերը:

Ինչո՞ւ են բոլոր բռնապետները կորցնում ադեկվատությունը, կապն իրականության հետ: Սա ունի ընդամենը մեկ բացատրություն. բացարձակ իշխանությունը մարդուն զրկում է իրականության զգացողությունից: Երբ Փաշինյանն իր շրջապատի վրա գոռում է, նրանց պարտադրում է կատարել իր բոլոր քմահաճույքները, եւ որեւէ մեկը չի դիմադրում, երբ բոլորը գովում են նրա խելքն ու հայտարարում, որ նա օժտված է աստվածային շնորհով, նրան թվում է, թե ամեն ինչ հենց այդպես է: Նրան թվում է, թե բոլորն են իր մասին հենց այդպես մտածում, իսկ ով էլ այդպես չի մտածում, առաջնորդվում է նախանձով ու չկամությամբ եւ իր թշնամին է, որին կա՛մ պետք է լռեցնել, կա՛մ ոչնչացնել, ինչը եւ ինքն անում է:

Փաշինյանի իշխանության ամբողջ գաղափարախոսությունը եղել է պայքարը նախկինների դեմ: Սկզբում նա ուզում էր հասարակությանը ցույց տալ, որ ինքն ավելի լավն է, քան նախկինները, իսկ հետո համոզել, որ իր ձախողումների մեղավորն ու պատասխանատուն նախկիններն են: Նույնիսկ վեցուկես տարի լինելով իշխանության ղեկին՝ նա չի կարողանում դուրս գալ այդ տրամաբանությունից, դուրս գալ նախկինների դեմ պայքարի ցիկլից: Պատճառն այն է, որ նա չգիտի, թե այդ ցիկլից դուրս գալուց հետո ինչ է անելու: «Բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարեւորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական եւ աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում`ով է մեղավոր, ինչում է մեղավոր եւ ով ինչում է մեղավոր:

Ընդ որում, սա միայն անցյալի մասին խոսակցություն չէ, այլ ապագայի ռազմավարությունները որոշելու, ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն»․ երկրի ղեկավարի պաշտոնը վեցուկես տարի զբաղեցնող անձը չի կարողանում կողմնորոշվել երկրի ապագայի ռազմավարությունների հարցում, վեցուկես տարի նա չգիտի, թե ուր է գնում երկիրը, նրան պետք է բանավեճ նախկին նախագահների հետ, որ կողմնորոշվի ապագայի ռազմավարության հարցում, կամ իրեն կողմնորոշեն: Հիմա, երբ փաստ է, որ այդ բանավեճը չի կայանալու, ստացվում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ապագայի ռազմավարություն չունեցող, այդ հարցում չկողմնորոշված երկիր, ինչպես եղել է փաշինյանական իշխանության տարիներին: Բայց դե, այդ հարցում եւս մեղավոր են նախկին նախագահները, թող ընդունեին Փաշինյանի հրավերը եւ կողմնորոշեին Հայաստանի ապագայի ռազմավարությունը:

ՀԳ. Ամինն իշխանությունը կորցնելուց հետո փախավ երկրից եւ մեռավ Սաուդյան Արաբիայում՝ մինչեւ վերջին պահը վախենալով, որ վրիժառուները կարող են սպանել իրեն: Մահամերձ Ամինի հիվանդասենյակը հսկում էր զինված պահակախումբը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image