Վեց տարի շարունակ իշխող քաղաքական ուժը հպարտորեն հայտարարում է, որ այլեւս փակ է ընտրակեղծիքների էջը, եւ Հայաստանում այլեւս երբեք ընտրություններ չեն կեղծվելու: Սակայն ի՞նչ տարբերություն` կեղծիքն անում են ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո: Ի՞նչ տարբերություն` 5-10 հազար դրամո՞վ են ձայն գնում եւ խեղաթյուրում ընտրության արդյունքները, թե՞ ընտրված քաղաքական ուժին ճզմում են, ընտրված քաղաքապետերին բանտ նստեցնում, քրեական եւ այլ մեթոդներով ստիպում, որ հրաժարվեն իշխանությունից, կամ` հաղթող ուժի ավագանու անդամներին «առնում» են եւ գահընկեց անում համայնքապետին: Եթե ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանը, Մամիկոն Ասլանյանը, Արկադի Թամազյանը, Հարություն Մանուչարյանը, Արծրուն Իգիթյանը զրկվեցին համայնքը ղեկավարելու իրավունքից, եթե Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գեւորգ Փարսյանի դեմ քրեական գործեր հարուցվեցին, այլեւս ո՞վ կհամարձակվի հաջորդ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել:
Չէ՞ որ դա կնշանակի նորից թիրախավորվել, ճնշումների դժոխքի միջով անցնել, եթե իշխանության գլխին Նիկոլ Փաշինյանն է: ՏԻՄ-երում հաղթած ուժերին պետք է հայ հասարակությունն աջակցեր, արեւմտամետ կոչվող ուժերն ու արեւմտյան կառույցները պաշտպանեին` թույլ չտալով, որ ՔՊ-ն զավթի իշխանությունը եւ ոչնչացնի ընտրական համակարգը: Իշխանավորների անթույլատրելի լեքսիկոնն ու գործադրած ապօրինի մեթոդները պետք է դատապարտվեին ժողովրդավարական կառույցների կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է կարմիր քարտ ցույց տային` հասկացնելով, որ նման վարքագիծը դեմոկրատական պետություններում պետք է բացառվի: Արդար ընտրություն ասելը կեղծիք է, երբ ընտրողի կամքի վրա բռնանալով՝ փոխում ես ընտրությունների արդյունքում ձեւավորված ուժերի դասավորությունը: