Լրագրողը զանգում է մի շատ փորձառու ադրբեջանագետի, Իլհամ Ալիևի հայտարարությունների, հայ-ադրբեջանական վերջին զարգացումների մասին հարցեր է ուղղում, ադրբեջանագետը վախվորած ձայնով պատասխանում է, որ ժամանակ չի ունեցել ու ոչ մի բանի չի հետևել, չգիտի անգամ, թե ինչ է պատահել: Որոշ ժամանակ անց տեսնում ես նույն ադրբեջանագետը իր բան ու գործը թողած ինչ-որ հարցազրույց է սկսել վարել, լրագրողական աշխատանքով է զբաղվում:
Լրագրողը զանգում է մի շատ հայտնի քաղտեխնոլոգի, քաղաքական վերջին զարգացումների մասին հարցեր է ուղղում, քաղտեխնոլոգը ասում է, «Վայ, հարգելի լրագրող, չես հավատա, բայց հեչ հավես չունեմ խոսելու, որովհետև ոչ մի բանի չեմ հասցրել հետևել», մի քանի շաբաթ անց տեսնում ես նույն քաղտեխնոլոգը փոթքասթ է վարում, լրագրողական ոճի մեջ հարցազրույցներ է վարում ու այսպես շարունակ:
Լրագրողը զանգում է մի շատ տաղանդավոր բանաստեղծի, բանաստեղծն ասում է՝ ոչ մի բանի չեմ հետևել, դրան էլ վրադիր 2020 թվականի պատերազմից հետո բանաստեղծություն գրելս չի գալիս, չեմ կարողանում գրել, անցնում է մեկ ամիս, տեսնում է սա էլ փոթքասթ է սկսել վարել:
Լրագրողը զանգում է մի շատ սիրված դերասանի, տարբեր հարցեր ուղղում, պարզվում է այս դերասանն էլ ոչ մի բանի ժամանակ չունի, քանի որ փոթքասթ է սկսել վարել:
Հ.Գ Մնում է գնանք բժշկի, պարզվի` նրանք էլ հիվանդներին բուժելու ժամանակ չունեն, քանի որ փոթքասթ են վարում: Ու ինչ, ստացվում է Հայաստանում բոլոր ոլորտներում քիչ թե շատ կայացած մարդկանց մանկության երազանքը լրագրող դառնալն է եղել: