Հասարակություն

Անձնագրայինի պետը նորմալ է համարում քաղաքացիների՝ ժամերով հերթ կանգնելը

Անձնագրայինի պետը նորմալ է համարում քաղաքացիների՝ ժամերով հերթ կանգնելը

Ամիսներ շարունակ Հրազդանի անձնագրային բաժանմունքում քաոսային վիճակ է տիրում: Անձնագիր փոխելը շաբաթներ է տեւում: Ծերեր, կանայք՝ մանկահասակ երեխաներով, գալիս-հերթագրվում են, մեկ օր էլ գալիս են գործարք իրականացնելու: Հրազդանի անձնագրայինի շենքում քաղաքացիներին սպասարկելու հարմարություն ու պայմաններ գրեթե չկան: Մոտ 100 քմ տարածքով բաժինը՝ 7 աշխատակցով, սպասարկում է 2 խոշորացված համայնքների՝ Հրազդանի եւ Չարենցավանի բնակչությանը:

Ավելի վատ է գյուղական այն համայնքների բնակիչների վիճակը, որոնք Հրազդան հասնելու համար մի քանի տրանսպորտ պետք է փոխեն: Կարելի է ասել՝ Չարենցավանի անձնագրային բաժնի օպտիմալացման ողջ բեռն ընկավ բնակչության ուսերին` թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես: Մինչ մարդիկ, արեւի տակ հերթ կանգնած, ժամերով սպասում են, Հրազդանի անձնագրայինի պետ Վալերիկ Եսայանը դա շատ նորմալ է գնահատում. «Էս վիճակը նորմալ վիճակ ա, 1 ժամից էլ հերթ չի լինելու: Սկզբից էր շատ վատ վիճակ, հիմա հերթագրում ենք, մարդիկ գալիս են, իրենց հերթին սպասում, հերթով կանչում եմ»: Եսայանից հետաքրքրվեցինք, թե որքան կտեւի այս իրավիճակը, չէ՞ որ նախապես խոսվում էր, որ օպտիմալացումից հետո մարդիկ կկարողանան առցանց գրանցվել, հերթագրվել, ապա մոտենալ անձնագրային բաժանմունք: Ամիսներ են անցնում, բայց ոչինչ չի փոխվել։

«Ճիշտն ասած` չեմ կարող ասել, ընթացքի մեջ է: Սա ժամանակավոր բնույթ է կրում, ամեն բան կկարգավորվի, քաղաքացին 10 տարին մեկ կգա անձնագրային բաժանմունք, թե չի գա»:

Օպտիմալացումից առաջ նախապես այս հարցը Ձեզ հետ չե՞ն քննարկել, որ հաշվի առնեն թե՛ շենքային պայմանները, թե՛ աշխատակիցների քանակը, թե՛ աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ «Կներեք, ես լիազորված չեմ որեւէ հարցի պատասխանելու, կարաք այդպես էլ գրեք»: Չարենցավանի բնակիչներն իրենց անձնագրային խնդիրները լուծելու համար ստիպված են Հրազդան հասնում: Չարենցավանցիներն ու հարակից գյուղերի բնակիչները վերջերս պարբերաբար բողոքի ակցիաներ են անում․ մինչ այդ դիմել են Չարենցավանի քաղաքապետարան, ավագանու անդամներին, խնդրելով քայլեր ձեռնարկել՝ որոշումը չեղարկելու համար։ Քաղաքի ավագանու նիստում ավագանու անդամները նախ բանավոր քննարկել են հարցը, ապա գրավոր դիմում են ներկայացրել ՆԳՆ` որոշումը չեղարկելու համար, սակայն նախարարը մերժել է դիմումը։ Բաց նամակով դիմել են Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանին, ՀՀ կառավարությանը, որպեսզի վերանայեն համապատասխան հրամանը` Չարենցավանին վերաբերող կետը, եւ անձնագրային բաժինը հետ բերեն Չարենցավան, ի շահ Հրազդանի եւ Չարենցավանի բնակչության։ Օրեր առաջ էլ Չարենցավանի բնակիչները «Հետ բերեք անձնագրային բաժինը Հրազդանից Չարենցավան» պահանջով կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image