Թեեւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չշտապեց ուղիղ գնահատական տալ վաշինգտոնյան հռչակագրին ու դրան իր անդրադարձում դիվանագիտորեն գնահատականի «բեռը» դրել էր Ռուսաստանի ու Իրանի արձագանքի վրա ստորագրված փաստաթղթերին, որոնց անմիջական շահերին է առնչվելու Թրամփի ուղին կամ, այլ կերպ ասած՝ Սյունիքով Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհը, եթե, ի վերջո, այն գետնի վրա իրականություն դառնա, նախօրեին ուշագրավ հաղորդագրություն ստացվեց Տեր-Պետրոսյանի ու Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպման մասին:
Իր առանձնատանն ավելի քան մեկ ժամ ՀՀ առաջին նախագահը զրուցել է դեսպանի հետ, ու, ինչպես նշվում է նրա խոսնակի տարածած հաղորդագրության մեջ, «Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետեւյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ եւ հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը եւ Հնդկաստանը»:
«Հայաստանի ազնիվ եւ հուսալի բարեկամների» թվում Տեր-Պետրոսյանը չի նշում ԱՄՆ-ին, ավելին` նա խոսում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության «հույժ կարեւորության» ու «պատմությամբ հաստատված իրողության» մասին, մի շեշտադրում, որը Թրամփի ուղու քավորությամբ տարածաշրջանում ԱՄՆ-ի, եթե ոչ հաստատվելու, ապա գոնե դիրքերն ամրապնդելու հեռանկարի համատեքստում հաստատ պատահական չէ: Եթե այս ոչ պատահական տրված գնահատականին զուգահեռ հիշենք մեկ օր առաջ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սոբհանիի բավականին կտրուկ արձագանքն իր երկրի համար ցավոտ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ու չանտեսենք այն ահազանգերը, որոնք ստացվում են մոսկովյան վերլուծական շրջանակներից՝ Իրանի շուրջ նոր հնարավոր գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ, հասկանալի կդառնա, թե ինչու է առաջին նախագահը Հայաստանի բարեկամների շարքում անտեսում ԱՄՆ-ին, որից գործող իշխանությունն առնվազն ակնկալիքներ ունի:
Ինչպես քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է «Հրապարակ»-ին ասում, առաջին նախագահը խոսքերի եւ ձեւակերպումների հարցում շատ բծախնդիր է, եւ նման տեքստերը պատահական չեն կարող լինել։ Քաղաքագետը լիովին կիսում է Տեր-Պետրոսյանի գնահատականը, որը ռեալ պոլիտիկի հիմքով գնահատական է տվել տարածաշրջանային ուժերի դասավորությանը։ «Իսկ ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակիցները կամ գործընկերները, որոնք իրենց շահերից ելնելով, շահագրգռված են հայկական սուբյեկտայնությամբ, առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանն են։ Հայ-վրացական հարաբերությունները ժամանակի փորձությունը բռնել են, որովհետեւ շրջափակման պայմաններում, ըստ էության, Վրաստանով ճանապարհը մեզ համար կյանքի ճանապարհ է եղել, եվրոպական երկրներից Տեր-Պետրոսյանը նշել է այն երկրներին, որոնց հետ մենք քաղաքակրթական ընդհանրություններ ունենք, այստեղ եւս ամեն ինչ ակնհայտ է,- ասում է մեր զրուցակիցն ու շարունակում։- Եթե նկատի ունենանք Հայաստանի կառավարության ձգտումը` դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, նշանակում է, որ, իսկապես՝ ապագայում Չինաստանը եւ Հնդկաստանը եւս ներառվելու են մեր վստահելի գործընկերների շարքում»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, որին հիմնադիր նախագահը չի հիշատակում, ըստ Սուրենյանցի, այդ երկիրն ուղղակի ու կենսական հետաքրքրություններ չունի մեր տարածաշրջանում։ Դիտարկմանը, որ, դրանով հանդերձ, այսօր հենց Նահանգներն է առաջ մղում այն նախագծերը, որոնք ուղղակի ու անմիջական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա, քաղաքագետն արձագանքում է. «Գործ ունենք ուղղակի հռչակագրի հետ, որպես պատմաբան՝ ես բազմաթիվ հռչակագրերի օրինակներ կարող եմ բերել, որոնք այդպես էլ թղթի վրա են մնացել։ Այ, երբ այդ հռչակագիրը գործնականացման նշաններ ցույց կտա, եւ մենք իրոք կհամոզվենք, որ TRIPP-ը կյանքի է կոչվում, այն ժամանակ կփոխվեն իրավիճակն ու դրա գնահատականները։ Հիմա ընդամենը հռչակագրային ձեւակերպման հետ գործ ունենք»։
Տեր-Պետրոսյանի ձեւակերպումը, ըստ քաղաքագետի, պետք է հասկանալ այն կոնտեքստում, որ չի կարելի երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդրություն թույլ տալ։ «Մենք գտնվում ենք Ռուսաստանի կենսական շահերի տարածքում, եւ դժվար է լրջմիտ ու ադեկվատ համարել այն մարդկանց, որոնք ամեն ուրբաթ օրերը Ռուսաստանի հոգեհանգիստն են անում, կանխագուշակում, որ նա հեռանում է տարածաշրջանից. դա հնարավոր չէ եւ մեր ցանկություններով չէ, որովհետեւ Ռուսաստանը՝ ինքը, կովկասյան պետություն է»,- եզրափակում է քաղաքագետը։