Հասարակություն

«Հրապարակ». 5 տարում միայն մեկ մարզում գլխաքանակը նվազել է 22 հազար 266-ով

«Հրապարակ». 5 տարում միայն մեկ մարզում գլխաքանակը նվազել է 22 հազար 266-ով

Վերջին տարիներին Հայաստանում անասնապահությունը լուրջ ճգնաժամ է ապրում։ Ոլորտի անկումը պայմանավորված է մի շարք խնդիրներով՝ կաթի ցածր գին, կերի թանկացում, պետական աջակցության բացակայություն եւ այլն: Շիրակը միշտ եղել է հանրապետության անասնապահության գլխավոր կենտրոններից մեկը՝ ապահովելով մսի, կաթի եւ կաթնամթերքի արտադրության զգալի ծավալներ։

Հունիսի 23-ին էկոնոմիկայի նախարարությունը Շիրակի մարզում անասնաբուծության զարգացման փորձնական ծրագիր է դրել քննարկման, ըստ որի՝ անասնաբուծության խթանման համար կտրամադրվեն անհրաժեշտ մեկնարկային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն մարզում անասնաբուծության ոլորտի զարգացմանը եւ ինտենսիվացմանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա Շիրակի մարզում ջրատար համակարգերով եւ կենդանիների ջրախմոցներով համալրված 10 հազար հա մակերեսով արոտավայրեր ունենալ, տավարի գլխաքանակն ավելացնել շուրջ 5 հազար, իսկ ոչխարինը՝ ավելի քան 15 հազարով, տարեկան արտադրել 13 հազար տոննա կաթ եւ ավելի քան 1100 տոննա բարձրորակ տավարի եւ ոչխարի միս, աջակցել 30 ժամանակակից տիպային անասնաշենքերի կառուցմանը, 300 գլուխ տոհմային երինջների ձեռքբերմանը, ինչպես նաեւ՝ հանրապետությունում հիմնել տոհմակայան եւ կազմակերպել արտադրող ցուլերի՝ տարեկան առնվազն 50 հազար չափաբաժին բարձրորակ սերմնահեղուկի տեղական արտադրություն։ Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել 581,3 մլն դրամ, որից 72 մլն դրամը՝ 2028-ին, 172,7 մլն-ն՝ 2029-ին, 257,4 մլն-ն՝ 2030-ին եւ 79,2 մլն-ն՝ 2031 թվականին։

Ի՞նչ կտա այս նախագիծը Շիրակի մարզին․ հարցն ուղղեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ «Մինչ հարցին պատասխանելն ասեմ, որ Շիրակի մարզի անասնապահության ոլորտում այսօր կուտակված խնդիրներն այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին տնտեսվարողների կամ համայնքների ներքին մարտահրավերներ։ Դրանք դարձել են պետական նշանակության հրատապ հարց, որի լուծումն անմիջականորեն առնչվում է մեր երկրի տնտեսական կայունությանը, գյուղական բնակավայրերի կենսունակությանը եւ, ամենակարեւորը՝ ՀՀ պարենային անվտանգությանը։ Այսօր, երբ աշխարհում սննդային անվտանգության հարցը դարձել է ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը, Շիրակի մարզի անասնապահական խնդիրների լուծումը պահանջում է հրատապ, համակարգային եւ պետականամետ մոտեցում։ Ոլորտի առողջացումն ու զարգացումն այլընտրանք չունեն, քանի որ խոսքը միայն գյուղատնտեսության մասին չէ․ խոսքը մեր պետության ինքնաբավության, գյուղացու արժանապատիվ աշխատանքի եւ Հայաստանի ռազմավարական դիմակայունության մասին է։ Այսօր հանրապետությունում մսի դեֆիցիտ կա, տավարի մսի 1 կգ-ն մինչեւ 6 հազար դրամ է վաճառվում: Ձեռքիս տակ ունեմ պաշտոնական թվեր, կոնկրետ Շիրակի մարզում 2020 թվականին հաշվառված է եղել 87 հազար 95 խոշոր եղջերավոր կենդանի, 2025թ. հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը նվազել է 22 հազար 266-ով: Արագածոտնի մարզում 2020 թ. հունվարին հաշվառված է եղել 68 հազար 215 խոշոր եղջերավոր կենդանի, 2025-ին՝ 53 հազար 411: Գրեթե բոլոր մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է: Եթե այս ծրագիրը չմնա թղթի վրա, այլ կյանքի կոչվի, վատ ծրագիր չէ: Բայց փորձը ցույց է տալիս, որ ներկայացված ծրագրերը շատ դեպքերում չեն իրականանում կամ էլ ոչ լիարժեք չափով են գործում, ինչպես եղավ սպանդանոցների ծրագիրը, որ մինչեւ հիմա մարզում սպանդանոց չի գործում: Ներկայացված ծրագրի մեջ շատ կարեւոր հանգամանք է, թե ովքեր են լինելու շահառուները: Եթե շահառուները լինեն գյուղացիները, ովքեր իսկապես այդպիսի ծրագրի կարիք ունեն, դա միանշանակ ողջունելի է, բայց շատ դեպքերում շահառու են դառնում ֆերմերային տնտեսությունները, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն գործող իշխանությունների հետ:

Խնդիրը լավ ուսումնասիրելով, ինքս մի քանի կետ կարող եմ առաջարկել՝ օրենսդրորեն ամրագրել ոլորտի առաջնահերթ կարգավիճակը, ստեղծել առանձին պետական ծրագիր՝ «Անասնապահության վերականգնում՝ 2026-2035» հստակ թիրախներով, սահմանել նվազագույն ընդունելի գլխաքանակի շեմեր՝ ըստ մարզերի: Արտադրության ամբողջ շղթայի պետական կարգավորում՝ կեր, արտադրություն, մթերում, վերամշակում, իրացում։ Պարտադիր, բայց սուբսիդավորվող ապահովագրություն՝ կենդանիների անկման, հիվանդությունների եւ կլիմայական ռիսկերի դեմ: Կերի արտադրության համար հատուկ սուբսիդիաներ եւ հարկային արտոնություններ: Հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագիր: Կարող եմ եւս մի քանի կետ նշել, եթե այսօր չձեւավորվի հստակ, համարձակ եւ երկարաժամկետ պետական քաղաքականություն, ապա Շիրակի մարզում անասնապահության անկումը կարող է դառնալ անդառնալի։ Խնդիրը դարձել է սոցիալ-տնտեսական կայունության, տարածքային համաչափ զարգացման եւ ազգային անվտանգության հարց։ Պետությունը պետք է դադարի արձագանքել միայն հետեւանքներին եւ սկսի կառավարել պատճառները։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ թե պարզապես պահպանել ոլորտը, այլ վերակենդանացնել Շիրակի անասնապահությունը՝ այն դարձնելով մրցունակ, արդյունավետ եւ Հայաստանի պարենային ինքնաբավության ամուր հենասյուն»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image