Հասարակություն

Ինչ օգուտ եւ ինչքան վնաս տվեցին Փաշինյանի՝ «եկեղեցական թեմատիկայով» գրառումները

Ինչ օգուտ եւ ինչքան վնաս տվեցին Փաշինյանի՝ «եկեղեցական թեմատիկայով» գրառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ «եկեղեցական թեմատիկայով» գրառումների շարքը, ինչ խոսք, անակնկալի բերեց հասարակությանը։ Թեեւ, եթե ուշադիր լինենք, «եկեղեցիների չուլանացման» մասին հայտարարությունից եւ դրան հետեւած կրոնական գործիչների արձագանքներից հետո Փաշինյանի նման «պոռթկումը» կանխատեսելի էր։ Չենք անդրադառնա ո՛չ գրառումների բովանդակությանը, ո՛չ դրանց հակադարձումներին։ Մեծ հաշվով՝ եկեղեցական եւ քաղաքական վերնախավերի միջեւ եղած խնդիրները վերաբերում են երկու կողմին՝ եկեղեցական եւ քաղաքական էլիտաներին, իսկ նրանք մի օր, վերջիվերջո, պայմանավորվելու են ու իրար հետ «լեզու գտնելու» են։ Ի վերջո, էլիտաների միջեւ բախումներին պետք է կողքից հետեւել։

Այստեղ հետաքրքիրն այն է, թե հանրային-քաղաքական առումով նման հայտարարություններն ինչի են հասնում կամ որեւէ բանի հասնո՞ւմ են, առհասարակ, թե՞ ոչ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը որոշակի «ազնիվ մղումներից» դրդված է սկսել հերթական «բանավեճը» կամ «վիճաբանությունը» առաքելական եկեղեցու հետ։ Հակված չենք համարելու, թե Փաշինյանը` որպես մարդ, անաստված մարդկանց շարքին է պատկանում։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե այդ մտահոգությունները հրապարակավ հնչեցնելն ինչ օգուտ տվեց նույն հասարակությանը, եթե, իհարկե, օգուտ տվեց։ Օրինակ, չափվե՞ց որեւէ սոցհարցման կամ այլ ֆորմատով, թե նման հայտարարություններից հետո քանի հոգի հիասթափվեց առաքելական եկեղեցուց, քանիսը՝ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնությունից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Կամ՝ ուսումնասիրվո՞ւմ է արդյոք, թե որքանով է տեղին նման նրբազգաց հարցերը հանրայնացնելը։ Այն, որ բոլորս ենք ուզում «մաքուր եկեղեցի»՝ բոլոր իմաստներով, պարզից էլ պարզ է՝ անկախ այն հանգամանքից, թե կրոնական ինչ ջերմեռանդություն ունենք կամ, առհասարակ, հավատավոր ենք, թե ոչ։ Ի վերջո, նույնիսկ հավատավոր չհանդիսացողի համար առաքելական եկեղեցին համարվում է ազգային կարեւոր ինստիտուտ։

Խնդիրն այստեղ ոչ թե այն է, թե մարդը պետք է ունենա մտահոգություններ՝ նման կարեւոր կառույցի հետ կապված, ինչպիսին առաքելական եկեղեցին է, կամ` ոչ, այլ այն, թե այդ մտահոգությունները «տեղ հասցնելու» եւ հատկապես՝ այդ մտահոգությունների «պատճառները» վերացնելու կամ կարգավորելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպես։ Այլ խոսքով, եթե Հայաստանի տարածքում որեւէ եկեղեցում ֆիքսվել է իրավիճակ, երբ, օրինակ, եկեղեցու պաշտամունքային հատվածում տեղ են գտել առարկաներ, որոնք չեն համապատասխանում վայրի նշանակությանն ու ոգուն եւ այլն, ապա կարելի է այդ մասին եկեղեցական ղեկավարության հետ քննարկել ընդունելի ձեւերով, որպեսզի ե՛ւ խնդիրը վերացվի կամ կարգավորվի, ե՛ւ հասարակ մարդկանց մոտ որոշակի ներհակ տրամադրություններ չառաջանան՝ սկսված բանավեճի կամ վիճաբանության կողմերի հանդեպ։ Նույնը՝ նաեւ կրոնական էլիտայի ներկայացուցիչների վարքուբարքի եւ այլնի հետ կապված։ Դժվար թե Հայաստանի քաղաքական ու եկեղեցական իշխանություններն այնպիսի վերաբերմունք ունենան մեկմեկու հանդեպ, որ տարրական հաղորդակցության բոլոր հնարավորությունները սպառած լինեն։ Դա պարզապես անհնար է։ Իր բնույթով՝ կրոնը չափազանց նրբազգաց իրողություն է մարդու համար։ Ու այս թեմայով պետք է արտահայտվել շատ զգույշ ու հավասարակշռված։ Որպես կանոն՝ կրոնական ապրումները՝ լինեն դրանք դրական կամ բացասական, շատ երկար են մնում մարդու հիշողության մեջ, պայմանավորում կյանքի մյուս ոլորտների հանդեպ անձի դիրքորոշումն ու վերաբերմունքը։ Սա աշխարհը հասկացել է շատ վաղուց եւ շարժվում է՝ սա նկատի ունենալով։ Իսկ, առհասարակ՝ երեւի թե եւս մեկ անգամ սկսված բանավեճը կարող է դառնալ առիթ, որպեսզի վերջինիս մեջ անմիջականորեն ներգրավված կողմերը կարողանան մեկտեղվել մեկ սեղանի շուրջ ու փորձել ընդհանուր հայտարարի գալ՝ գոնե հանուն հասարակությանը նման «անակնկալներից» հետագայում զերծ պահելու՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image