Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Նա հրաժարվել է ձերբակալել Սամվել Կարապետյանին, եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունները դրվել են նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի վրա, որը վաղուց էր սպասում իր ժամին, կարելի է ասել` նշանակման պահից։ Սիմոնյանն ԱԱԾ փոխտնօրեն դարձավ իշխանություններին մատուցած ծառայությունից հետո, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տվեց։ Ա. Սիմոնյանը Լոռու մարզի դատավոր էր, եւ, ըստ նրա վկայության, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել է իրեն եւ հորդորել, որ Վահագն Աբգարյանին չկալանավորի: Քանի որ այդ փուլում իշխանությունը Վարդազարյանից ազատվելու համար լեգիտիմ պատրվակ էր փնտրում, անմիջապես քրեական գործ հարուցվեց Սիմոնյանի ցուցմունքի հիման վրա` «արդարադատությանը խոչընդոտելու» հոդվածով։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
- Ըստ Ձեզ, Անդրանիկ Սիմոնյանն ինչպիսի՞ ԱԱԾ ղեկավար կլինի։
- Ես իր անձնական հատկանիշները չգիտեմ, գիտեմ այնքանով, որքանով հեռախոսով մեկ անգամ խոսել եմ, հանդիպել` 1 կամ 2 անգամ։ Կարող է աշխատել ԱԱԾ տնօրեն, թե` չէ, իմ խորին համոզմամբ՝ առնվազն պետք է ստանալ համապատասխան կրթություն, պետք է գոնե 1 կամ 2 ամիս աշխատի, որպեսզի հասկանանք, թե ինչպես է աշխատում։
- Իսկ ի՞նչ կրթություն պետք է ունենա ԱԱԾ տնօրենը։
- Որպես կանոն, ԱԱԾ-ում աշխատելու համար համապատասխան մասնագիտական կրթություն է պետք, որի ընթացքում այբուբենից սկսած՝ ԱԱԾ հատուկ ծառայությունների աշխատանքն են սովորեցնում։ Սիմոնյանն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չեմ կարող ասել՝ որպես դատավոր լավ դատավոր էր, թե վատ, չեմ հետեւել նրա աշխատանքին` որպես դատավորի։ Գուցե օրենքով բավարար է, որ տնօրենն ունենա բարձրագույն կրթություն, բայց իմ ասածը հատուկ դպրոցներն են, որոնք անհրաժեշտ են, որ օպերատիվ աշխատանքին ծանոթանա։
- Հայտնի է, որ Սիմոնյանը պաշտոնի հասել է Ձեր դեմ ձայնագրությունը «վաճառելով»։
- Իմ սուբյեկտիվ վերաբերմունքը չեմ ուզում որեւէ մեկին փաթաթել, որովհետեւ, ի վերջո, խոսքը գնում է իմ հայրենիքի մասին, եւ դա այնքան լուրջ, այնքան կարեւոր պաշտոն է, որ, իմ համոզմամբ, ցանկացած մարդու մեկ անգամ շանս պետք է տալ։ Չեմ ուզում իմ հոռետեսական մոտեցումն այս պահին բարձրաձայնել ոչ թե նրա համար, որ ես Անդրանիկ Սիմոնյանին սիրում եմ կամ լավ եմ վերաբերվում` ոչ, ուզում եմ, երազում եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, ուզում եմ, որ այն օպերատիվ աշխատակիցները, որոնք ծառայություններ են մատուցում ՀՀ-ին, սիրեն, հարգեն, ընդունեն։ Ես չեմ սիրում, ես վատ եմ վերաբերվում, այդ մարդը ցուցմունք է տվել իմ դեմ, բայց ես ուզում եմ սուբյեկտիվ վերաբերմունքից վերանալ եւ ասել՝ ուզում եմ այդ մարդը լավ ԱԱԾ տնօրեն լինի։
- Արմեն Աբազյանը, ասում են, հեռացավ Փաշինյանի ապօրինի հրահանգը չկատարելու համար՝ Սամվել Կարապետյանի հետ կապված․․․
- Ես էլ եմ այդ լուրերը կարդացել, դրա մասին ո՛չ Նիկոլ Փաշինյանն է ասել, ո՛չ էլ Արմեն Աբազյանը։
- Չե՞ք հավատում, որ Փաշինյանն ապօրինի հրաման է տվել։
- Ես Ձեզ՝ վառ օրինակ, մարդն ասում է՝ Վարդազարյանը չպետք է աշխատի, դա վերջում դառնում է քրեական գործ՝ հորինված, մատից ծծած, իհարկե, հնարավոր է։
- Խնդրեմ մեկնաբանեք՝ Սամվել Կարապետյանի դեմ այս գործընթացն իրավական բնո՞ւյթ է կրում: Նա աջակցել է Եկեղեցուն եւ ասել՝ եթե քաղաքական գործիչների մոտ չստացվի, մենք մեր ձեւով կմասնակցենք։
- Առնվազն պարզ չէ՝ ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը, եւ պարզ չէ՝ իշխանություններն ինչ են հասկացել։ Գուցե Կարապետյանը «մեր ձեւով» ասելով նկատի ուներ օրենքով եւ Սահմանադրությամբ, այդ դեպքում ի՞նչ է հասկացել իշխանությունը, իրավապահ համակարգը։ Պետք է իրենից հարցնել՝ ի՞նչ ես նկատի ունեցել․ տեղեկատվության պակաս կա։ Եթե միայն այն տեղեկատվությունն է, որը դաշտում կա, դրանով է պայմանավորված քրեական գործ հարուցելը, ինձ համար անհասկանալի է, գուցե այլ տվյալներ, ապացույցնե՞ր կան։ Այն, ինչ կա, բավարար չէ նույնիսկ քրեական վարույթ հարուցելու համար, ուր մնաց՝ մեղադրանք առաջադրելու։ Եթե մամուլը նայենք, ապա օրական յուրաքանչյուր քաղաքացի շատ ավելի խիստ դատողություններ է անում։ Այն, ինչը որ կա, ուղղակի ծիծաղելի է։