Հասարակություն

«Ընկերն ընկերոջը կարո՞ղ է 100 հազար դոլար տալ»․ ինչո՞ւմ են մեղադրում դատավորին

«Ընկերն ընկերոջը կարո՞ղ է 100 հազար դոլար տալ»․ ինչո՞ւմ են մեղադրում դատավորին

Մենք առավոտյան գրել էինք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ էր նշանակված, որի ընթացքում պետք է քննեին Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Այսինքն՝ դատախազությունն ակնկալում է, որ ԲԴԽ-ն կզրկի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից, որ կարողանան նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մեղադրանք առաջադրել և ոչ միայն։

ԲԴԽ-ից փակ էին պահում այս գործի վերաբերյալ տեղեկատվությունը։ Մեզ, սակայն, հաջողվեց պարզել, թե որն է դատախազության միջնորդության առիթը։ Պարզվում է՝ Անի Հարությունյանը 100 հազար դոլար գումար է որպես փոխառություն, այսինքն՝ պարտքով տվել իր դատավոր գործընկերներից մեկին՝ Գևորգ Նարինյանին։ Փոխառության փաստը դատավորն արտացոլել է նաև իր 2020 թվականին ներկայացրած հայտարարագրում, սակայն դատախազությունը կասկածի տակ է դրել այն՝ համարելով, որ դատավոր Անի Հարությունյանը հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել։ Ուստի, որոշել է քրեական հետապնդում սկսել դատավորի նկատմամբ՝ այդ առիթով դիմելով ԲԴԽ-ին, որ ստանա համապատասխան թույլտվությունը։ Առավոտյան նշանակված նիստը, սակայն, հետաձգվել է մինչև այսօր ժամը 17։00-ն։ 

Անի Հարությունյանը, ի դեպ, Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի՝ «Գրիարի Գրիշայի» դուստրն է։ Գրիշա Հարությունյանը, հիշեցնենք, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռին է։ Բացի այդ, Անի Հարությունյանը նաև Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր կինն է։ Այսինքն՝ նախկինների հետ առնչություններ ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։ Անի Հարությունյանի մասին, ի դեպ, դատական համակարգում դրական են արտահայտվում, ասում են՝ բարձր մասնագիտական որակներ ունեցող բարեխիղճ դատավորներից է, չնայած` փաստաբանների գնահատմամբ շատ բարձր չէ վարկանիշը։ 

ԲԴԽ նիստից առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել Անի Հարությունայնի հետ ու նրանից տեղեկանալ՝ ինչ քրեական գործ է, ինչու են որոշել իր նկատմամբ քրեական հետապնդւոմ սկսել։ Ի դեպ, միջնորդությունը ներկայացրել է դատախազությունը, սակայն գործը հարուցվել է ԱԱԾ-ի կողմից։ Հարությունյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ իր դեմ բերված միջնորդության մասով․ «Էությունն այն է, որ հետաքննություն իրականացնող մարմինը գտնում է, որ ես, իրականում, փոխառություն չեմ տրամադրել, հետևաբար դրա մասին հայտարարագրում կեղծ տեղեկություն է ներկայացվել, այսինքն՝ կարծում են, որ չի եղել նման գործարք։Սա է վեճի ամբողջ էությունը»,-ասաց նա։

Դատավորին հարցրինք` իսկ որտեղի՞ց իրեն այդքան խոշոր գումար՝ 100 հազար դոլար, և ինչո՞ւ է նա փոխառությամբ այդքան գումար տվել մեկ այլ դատավորի։

«Ես մինչ դատավոր դառնալը բավականին մեծ կարողություն եմ ունեցել։ Այսինքն՝ դատավոր դառնալը դրա հետ որևէ առնչություն չունիԼ Իմ պաշտոնի ստանձնման տարուց ի վեր՝ իմ բոլոր դրամական միջոցները տեղադրվել են իմ հայտարարագրում, ու դա հասանելի է եղել բոլորի համար, 2013 թվականից սկսած՝ ամեն տարի դա արտացոլվել է, նայեք, Ձեզ ամեն ինչ հասանելի և տեսանելի կլինի»,-ասաց տիկին Հարությունյանը։

Սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչո՞ւ է Գևորգ Նարինյանին այդքան գումար պարտքով տվել, և արդյոք դա կապ ունի՞այն քրեական գործի հետ, որով անցնում է Գևորգ Նարինյանը։ «Դրա հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա՝ նշելով միայն, որ այս գործով Նարինյանին չեն հրավիրել նիստին։

Նկատեցինք, որ, ամեն դեպքում, մի քիչ կասկած հարուցող է փաստը։ «Իսկ ընկերն ընկերոջը կարո՞ղ է 100 հազար դոլար տալ։ Դատավորը ևս մարդ է, ընկեր է»,-ասաց Հարությունյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե Նարինյանը վերադարձրե՞լ է իրեն տրված փոխառություն գումարը, թե՞ ոչ։ 

Հարցրինք նաև՝ ինքը միտում տեսնո՞ւմ է այս վարույթում, որովհետև վերջին շրջանում հաճախակի են դարձել դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդման ենթարկելու դեպքերը։ Հարությունյանն ասաց՝ նման հիմքեր չունի, չի կարող նման բան պնդել։ 

Ի դեպ, այս միջնորդությունը ԲԴԽ ներկայացվեց Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց երկու օր անց, սակայն այստեղ ևս Անի Հարությունյանը որևէ կապ չի տեսնում։

«Բոլորովին չեմ կապում դրա հետ, ճիշտն ասած ու չեմ կարող ոչինչ ասել։ Իմ դասախոսն է եղել Կարեն Անդրեասյանը, և ոչ մի բացասական բան չեմ կարող իր մասին ասել՝ դրականից բացի»,-ասաց նա։ Բայց քանի որ այս միտքն արտահայտվել է մինչեւ ԲԴԽ նիստը, կարող ենք ենթադրել, որ այն կարող է ոչ այնքան օբյեկտիվ լինել, որքան վարույթի վրա ազդեցություն չգործելու նպատակ հետապնդել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image