Վեհափառ Հայրապետի դեմ իբրև թե բարոյականության հիմքով սկսված պատերազմը շատ արագ և բացահայտորեն վերածվեց ընդհանրապես հայոց եկեղեցու դեմ պատերազմի: Ինչն անսպասելի չէր՝ հաշվի առնելով, որ հայոց եկեղեցին այն կառույցը չէր, որ ենթարկվեր երբեմնի «դուխով» Նիկոլից «խեղճ հարիֆի» վերածված և «մեծարգո» դարձած վարչապետ Փաշինյանին: Բայց ինքը երևի չզգաց այդ փոխակեպումը՝ 2021-ին ստանալով խայտառակ պարտությունից շոկային վիճակի մեջ ընկած ու խեղճացված բնակչության կիսագրագետ զանգվածների քվեն: Իրեն թվաց, թե բանտիկավոր մուրճ թափահարելով ու այդ մարդկանցից, իր ասելով, «պողպատե» մանդատ ձեռքը գցելով՝ կրկին նույն «դուխով» քայլող մարդն է (ենթադրում եմ, որ մեղքն Իջևանում տեղակայված արձանի վրա է): Ու այդ պատճառով էլ խեղճանալով թշնամու առջև՝ երկրի ներսում իրեն փորձում է ներկայացնել որպես հարց լուծող մեկը: Իրականում հարց լուծողը ոչ թե անձամբ ինքն է՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլը, այլ ընդամենը այդ աթոռը: Քանի որ այն ՀՀ երրորդ նախագահից սահմանադրական այնպիսի լիազորություններ էր օժտվել, որ ով էլ նստեր դրա վրա՝ կարճ ժամանակ անց վերածվելու էր «մեծարգոյի»:
Ինչևէ, վերջինս փորձում է մինչև առաջիկա Աժ ընտրությունը պարտության մատնել եկեղեցուն: Իսկ Եվրամիությունն էլ հույս ունի, որ այդ հաղթանակը ձեռք կբերվի մոլդովական փորձառության հիման վրա: Ինչի համար էլ նրան հատկացրել էր 15 միլիոն եվրո, ու կազմակերպել այց դեպի Քիշինև: Ու այդ հանգամանքից ոգևորված՝ մեր «մեծարգոն» բացարձակ թքած ունի օրենքի ու օրինականության վրա: Իսկ Հայաստանի իրավապահ համակարգն էլ ինքնակամ վերածվել է կեղծ «մեծարգոյի» ձեռքի գործիքի: Բայց ինքն ու իր կամակատար գործիքները մոռացել են, որ եկեղեցու դեմ պատերազմում անհնար է վերջնական հաղթանակ տանելը: Որովհետև քրստոնեական եկեղեցին ձևավորվել է նկուղներում և այլ թաքստոցներում: Իսկ առաջին քրիստոնյաներն էլ կամավոր գնացել են մահվանն ընդառաջ: Հիշենք. «Երանելի են արդարության համար հալածվողները, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։10): Ճիշտ է, դրանից 2000 տարի է անցել, սակայն ճակատագրական պահերին եկեղեցին, որպես ամբողջություն, դրսևորում է նույն այն անկոտրում կամքը, որն առկա էր 2000 տարի առաջ:
Արդյունքում այդ պատերազմում պարտվելու է «մեծարգոն»՝ որքան էլ փորձի նորանոր ապօրինինություններով խոչընդոտներ հարուցի եկեղեցու առջև: Մոռանոլով, որ մեզանում առկա է մի կարևոր տարբերություն մոլդովական փորձի առումով: Մոլդովան տեղակայված է եվրոպայում՝ հակառուսական պետություններ Ռումինիայի ու Ուկրաինայի միջև, որոնցից առաջինի հետ ունի ազգակցական կապեր: Ու հենց այդ հանգամանքի շնորհիվ Մոլդովայի նախագահ Սանդուին հաջողվեց արտաքին օգնությամբ պետության ներսում պարտության մատնել հիմնականում ռուսախոս ընդդիմությանը: Հայաստանում նման առավելություն կեղծ «մեծարգոն» չունի: Ինքը կռիվ է տալիս ազգաբնակչության մեծամասնության աջակցությունը վայելող կառույցի դեմ: Իր միակ գործիք իրավապահ համակարգի միջոցով փորձում է ճնշումներով խեղճացնել այն կառույցը, որի անդամները մտածողությամբ և հոգեբանորեն պատրաստ են տառապանքներ կրելուն՝ բացառությունները չհաշված:
Ասվածը նշանակում է, որ ինչքան էլ քրեական գործեր կարվեն Վեհափառին աջակցություն հայտնած բարձրաստիճան հոգևորականների ու նույնիսկ հենց կաթողիկոսի նկատմամբ, վերջնականում հաղթանակելու է հայոց եկեղեցին: Այսինքն՝ ժողովուրդը, որի հանդեպ իբրև թե ունեցած սիրո կեղծ դրսևորումներ է անընդհատ մոգոնում վերը նշված անձը: Այնպես որ, եթե այսօր հանցագործ (որպես մեղադրյալ հարցաքննվելու համար պետք է, չէ՞, կասկած առաջանա հանցանք կատարելու մեջ) են դիտարկվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներն ու անձամբ Վեհափառը, վաղն այդ ճակատագիրն է սպասվելու դա նախաձեռնողներին: