Ալիևի` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանն էլ հարցազրույց տվեց ու հերթական հակահայկական, վտանգավոր հայտարարություններն արեց: Մասնավորապես, նա նշեց, որ խաղաղության պարագայում, իհարկե, Հայաստանը հայցեր չի ներկայացնի Ադրբեջանի դեմ։ Այս հայտարարությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի՝ Ալիևից էլ ավելի Ալիև երևալու միտումը:
-Ես մի քիչ անիմաստ եմ համարում այդ մարդու ասածները վերլուծելը, նա ուղղակի ցանկացած ձևով փորձում է իրեն արդարացնել և մնալ իշխանության։ Իհարկե զարմանալի չէ, որ նրանց համար Արցախի հայաթափումը խնդիր չէ, նրանք պատրաստ են դա էլ մոռանալ, դա էլ ներել։ Իսկ ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարությանը, այնտեղ շատ ավելի լուրջ սպառնալիքներ կան և այս մարդը որևէ ձևով չի կարող պատասխանել մեր թշնամի պետության ղեկավարին կամ ինչ-որ բան ձեռնարկել, որ Հայաստանն այսպես անպաշտպան չմնա։
-Այն, որ Փաշինյանը չարձագանքեց 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխմանը, չի՞ նշանակում արդյոք, որ դրա մասով էլ առաջիկայում համաձայնություն կտա կամ նույնիսկ արդեն տվել է:
-Այո, երևի դա էլ կզիջի և հետո փոխանակ մեր ազգին պաշտպանի, ոստիկանների աշխատավարձն էլ ավելի կբարձրացնի, որ մարդկանց էլ ավելի դաժան ձևով ծեծեն, Բայց 300 հազար ադրբեջանցի, եթե վերադառնա Հայաստան՝ դա կլինի Հայաստանի վերջը: Մենք այն վիճակում չենք հիմա, որ կարողանանք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, միանգամից կբռնկվեն բախումներ և դրանից հետո Ադրբեջանի զորքը կմտնի Հայաստան, իսկ այս մարդուն հետաքրքրում է միայն իր ռեալիթի շոուն, և իշխանության մնալը Արևմուտքի հովանավորության տակ:
-Իսկ հիմա Արևմուտքի այդ հովանավորությունը կա՞, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփի հետ այս վարչակարգը կարծես թե ջերմ հարաբերություն չունի:
-Նախ այս կառավարությունը ոչ դիվանագիտություն ունի, ոչ էլ քաղաքականություն, որ ինչ-որ նորմալ հարաբերություններ ունենա Թրամփի հետ, ոչ էլ կարողանում են հաշվարկել իրենց քայլերը, մենք որևէ ազդեցություն չունենք Թրամփի մոտ, իսկ Թրամփը 100 տոկոս սատարում է Իսրայելին և շատ հավանական է, որ կլինի հարձակում Իրանի դեմ: Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները, Իսրայելը, Ադրբեջանը և Թուրքիան դաշնակիցներ են Իրանի և Ռուսաստանի դեմ, իսկ մենք մնացել ենք այս դաշինքների մեջտեղը և մեր, այսպես կոչված, կառավարությունը որևէ բան չի կարողանում անել:
-Երբ Ալիևն ասում է, որ մեր սահմաններին որևէ երրորդ կողմի ներկայացուցիչներ չպետք է լինեն, արդյոք միայն Եվրամիության դիտորդների՞ն նկատի ունի, թե իրականում ակնարկը այլ բանի էլ է վերաբերվում:
-Հնարավոր է նաև Ռուսաստանին է դա վերաբերվում և տեսեք, թե ինչպես է խոսում նա մեզ հետ: Մենք փաստորեն արդեն դարձել ենք իրենց ենթակա ինչ-որ տարածք, վասալ-կիսապետություն և կամաց-կամաց Ալիևը քանդելու է Հայաստանը, խեղդելու է Հայաստանը՝ դա է իր նպատակը: Իսկ մեր կառավարությունը զբաղված է իր կրկեսով, ռեալիթի շոուներով, մեր ընդդիմությունը ընդդիմություն չի, ժողովուրդը բողոքում է, ամեն անգամ գալիս են ցույց են ցրում, հիմար-հիմար կարգախոսներ են գոռգոռում, ժողովուրդը հուսահատված է և մարդկանց մեծ մասն ուղղակի կթողնի, կգնա, քանի որ ոչ կառավարություն ունենք, ոչ ընդդիմություն:
-Բայց սովորաբար ժողովրդին են քննադատում, ասում են, որ ժողովուրդը դուրս չի գալիս ցույցերի և այլն:
-Ժողովուրդը շատ լավ էլ դուրս է գալիս, ուղղակի դուրս են գալիս գյուղի նապոլեոնները ու սկսում գոռգոռալ՝ իրենց աթոռները ստանալու համար ու սկսում են ժողովրդին ցրել: Մեր ժողովուրդը բավականին խելացի է, նրանք տեսնում են, որ այս մարդիկ ուղղակի աթոռ են ուզում:
-Նշեցիք, որ Իրանի դեմ գործողություններ կլինեն, սակայն մարդկանց մեծ մասը լավ չեն հասկանում, թե այդ հարձակում ասվածն ինչպե՞ս է դրսևորվելու:
-Մեծ հավանականություն կա, որ օդային հարվածներ կկատարվեն հատկապես նավթային ու միջուկային օբյեկտների վրա և հետո ներքին բախումներ են սադրելու Իրանում՝ հնարավոր է օգտագործելով ադրբեջանական գործոնը՝ ներքին ապակայունացում են հրահրելու: Առայժմ ցամաքային ուժեր չեն տեղակայի, սակայն Իսրայելն ամեն ինչ կանի, որ ապակայունացնի, շարքից հանի, քանդի այդ երկիրը, ինչպես քանդեցին Իրաքը, Լիբիան, Սիրիան, Աֆղանստանն ու Սոմալին և ուրիշ երկրները: Դա մեզ համար նշանակում է, որ մենք բացարձակ մեկուսացման մեջ կլինենք և առճակատվելու ենք Ադրբեջանին և Թուրքիային: Իսկ մեր, այսպես կոչված, ղեկավարն ասում է, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ չենք, որպեսզի Ադրբեջանին հավաստիացնի, որ ազատ կարող են հարձակվել մեզ վրա, մենք անգամ ՀԱՊԿ-ի անդամ չենք, և Ռուսաստանին ազատում է իր պարտականություններից:
-Սա ընդհանո՞ւր համաձայնության արդյունք է, թե՞ նաև Պուտինի հետ է կոնսուլտացիներ ունեցել Փաշինյանը. հնարավո՞ր է, որ Ռուսաստանին էլ այս պահին ձեռնտու լինի պատասխանատվություն չկրել ոչ մի բանի համար:
-Ես չգիտեմ նա ինչ պայմանավորվածություններ ունի, բայց պարզ է, որ նա գործում է Թուրքիայի և Արդբեջանի շահերը հետապնդելու համար, այս ամենը ինչ որ նա արեց, համապատասխանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի շահերին, իսկ Ռուսաստանին նա ազատում է մեզ պաշտպանելու որևէ պարտականությունից: Այսինքն, երբ մենք Ջերմուկում կարող էինք ռուսներին մեր գանգատները ներկայացնել, հիմա այլևս չենք կարող, եթե նրանք մեզ չպաշտպանեն, քանի որ մենք ինքներս ասում ենք, որ դուք մեր դաշնակիցը չեք: Իսկ ուրիշ դաշնակից մենք չունենք, այլընտրանք չենք ստեղծել, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները լուռ նայում են, թե ինչպես է Ալիևը մեզ սպառնում: Որևէ քայլեր չեն ձեռնարկում, ոչ պատժամիջոցների սպառնալիք, ոչ դաշինքի, ոչ ռազմական ռեալ օգնության սպառնալիք, և այդ ժամանակ մեր, այսպես կոչված, փորձագետները փողոցից հավաքված, մեր քարոզչական ալիքներով մեր ժողովրդին շարունակում են հեքիաթներ պատմել, որ Ամերիկան և Ֆրանսիան մեզ կօգնեն, իսկ նրանք լուռ նայում են, թե մեզ ինչպես են սպառնում: Սա մեր ամբողջ հասարակության դեգրադացիայի արդյունքն է, մենք դեգրադացված հասարակություն ենք: