Sky News-ի փոխանցմամբ՝ Անգլիայում մահացած են գտել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին անդամ և ներքին գործերի նախարարի՝ բանտերի հարցերով նախկին տեղակալ 78-ամյա Էն Վիդեկոմբին։
Տեղի ոստիկանությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։
Իրավապահները հայտնել են, որ երեկ տեղական ժամանակով կեսօրին մոտ Վիդեկոմբի տուն են եկել, որտեղ հայտնաբերել են նրա մարմինը՝ լուրջ վնասվածքներով։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ Վիդեկոմբի սպանության կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա մի տղամարդ։ «Կասկածյալը սպիտակամորթ բրիտանացի քաղաքացի է, մնում է ոստիկանության կալանքի տակ, և հետաքննությունը շարունակվում է»։ Ոստիկանությունը որևէ մանրամասներ չի տրամադրել կասկածյալի կամ նրա դրդապատճառների մասին։
Վիդեկոմբը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, մասնավորապես՝ ընտանեկան հարցերի, ներգաղթի և եվրոպական ինտեգրման հարցերում։ 2019-ից 2020 թվականներին նա եղել է Եվրախորհրդարանի անդամ Brexit կուսակցության կողմից։ 2023 թվականին նա միացել է Reform UK կուսակցությանը, որտեղ դարձել է քաղաքական այդ ուժի խոսնակը ներգաղթի և արդարադատության հարցերով։