Կարդում եմ Գագիկ Ծառուկյանի աղջկա գրառումը, և մի նախադասություն երկար չի լքում մտքերս․ «Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ և հպարտ եմ այդ անունով»։
Այդ խոսքերի մեջ ոչ միայն դստեր սերն ու հպարտությունն է, այլև այն համոզմունքը, որ իր հայրը կյանքի ընթացքում մարդկանց համար բարիք է ստեղծել։ Շենացրել է, օգնել է, ձեռք է մեկնել հազարավոր մարդկանց։ Բարությունը մարդու թողած ամենամեծ ժառանգությունն է, իսկ շնորհակալությունը՝ ամենաուժեղ մխիթարությունը։
Այսօր, երբ Ծառուկյանի ընտանիքը ծանր ցավի միջով է անցնում, նրանց ուժ է տալիս հենց այդ հիշողությունը։ Նրանք հիշում են այն հազարավոր երեխաներին, ծնողներին ու ընտանիքներին, որոնք սեփական տուն ստանալիս արցունքներով էին շնորհակալություն հայտնում։ Հիշում են բուժում ստացած կարիքավոր հիվանդներին, որոնց համար այդ օգնությունը երկրորդ կյանքի հնարավորություն դարձավ։ Հիշում են հաղթանակների պատվո հարթակները, կառուցված եկեղեցիները, մարդկանց կյանքում թողած բարության հետքերը։
Եվ երբ Գագիկ Ծառուկյանի աղջիկն ասում է․ «Ես միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ», այդ խոսքերի իմաստը միայն ազգանվան մեջ չէ։ Դրանք կապված են այն գործերի հետ, որոնք մարդիկ հիշում ու չեն մոռանում։
Ու հենց այստեղ ակամա հարց է առաջանում․ Նիկոլ Փաշինյանի երեխաները ո՞ր բարության համար են հպարտանալու իրենց հորով։ Ի՞նչ գործ է նա թողնելու որպես մարդկային մեծության ու շնորհակալության արժանի ժառանգություն։
Որքան մեծ երջանկություն է, երբ զավակը կարող է գլուխը բարձր պահել և ասել․ «Ես իմ հոր աղջիկն եմ», որովհետև այդ անունը իր հետ բերում է մարդկանց տված ջերմություն, օգնություն և բարի գործերի հիշողություն։
Վերջիվերջո, յուրաքանչյուր ծնողի ամենամեծ պատիվն այն է, երբ իր երեխան ժառանգում է ոչ միայն անունը, այլ նաև այն բարության հետքը, որը նա թողել է այս աշխարհում։ Եվ գուցե ամենամեծ երջանկությունն ու պատիվն այն է, երբ այդ հպարտությունը փոխանցվում է նաև հաջորդ սերնդին, և թոռները տարիներ անց նույն սիրով կասեն՝ «Մենք հպարտ ենք մեր պապիկով»։