Էլբիս Ղեզարացյանը 1862-63 թթ․ հրատարակել է հայալեզու առաջին՝ կանանց համար նախատեսված պարբերականը՝ «Կիթառը»։ Հանդեսը հրատարակվել է «Կոչ հայ աղջիկներին» կարգախոսի ներքո։ Թողարկվել է յոթ համար, ապա այն ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է։ Ղեզարացյանը հանդես է եկել այն գաղափարի օգտին, որ կանայք մասնակցություն ունենան հանրային կյանքին եւ ստանան կրթություն։ Նա հավատացած է եղել, որ դա կօգնի՝ ավելի լավ կատարելու ընտանեկան պարտականությունները։ Վերլուծել է Օսմանյան կայսրությունում կանանց ոչ իրավահավասար վիճակի արմատները եւ հայտարարել, որ հասարակության առաջընթացը հնարավոր է միայն կանանց իրավահավասարության պայմաններում։ 1879 թվականին հրապարակել է «Նամակներ հայ ուսյալ կնոջը» գիրքը, որտեղ իր գաղափարներն է ներկայացրել նամակագրության ժանրում։
Սրբուհի Տյուսաբը հայ ընթերցողին ավելի հայտնի է: Նա «Մատիա» (1883), «Սիրանույշ» (1884) եւ «Արաքյա կամ վարժուհին» (1887) վեպերի հեղինակն է եւ իր ստեղծագործություններում քննադատել է տղամարդակենտրոն հասարակարգը, պահանջել կանանց անձնական ազատություն եւ ինքնավարություն։ Խստորեն քննադատել է ավանդական ամուսնական նորմերն ու սահմանափակումները, որոնք սահմանված էին հասարակության կողմից՝ որպես կնոջ անձնական ազատության սահմանափակում։ Հիմնադրել է հայ կանանց առաջին լուսավորչական ընկերությունը՝ «Կին կրթասիրաց ընկերությունը» (1879)։ Աչքի է ընկել հայացքների արմատականությամբ, բաց շարադրանքով, որով իր վրա է հրավիրել թե՛ հասարակության, թե՛ քննադատների ուշադրությունը։
Զաբել Ասադուրը կամ Սիբիլը ոչ միայն հայտնի է որպես հայ կին գրող, այլ նաեւ՝ հասարակական գործիչ եւ մանկավարժ։ Ծնվել է Ստամբուլում, հանդես է եկել կանանց շրջանում կազմակերպված համերաշխության օգտին։ Զբաղվել է գյուղացի աղջիկների կրթության հարցերով՝ Հայ կանանց հայրենասիրական ընկերության միջոցով, որի համահիմնադիրն է եղել 17 տարեկանում։ Դասավանդել է գրականություն, հայոց լեզու եւ հայ մշակույթ։ Ամուսնու հետ կազմել է դասագրքեր։ Մտավորականության շրջանում հայտնի է եղել հասարակության չքավոր եւ խոցելի խմբերի հանդեպ ունեցած իր կարեկցանքով։ Նրա բանաստեղծություններն ու հոդվածները հրապարակվել են ժամանակի հայալեզու հայտնի պարբերականներում, ինչպիսիք են «Մասիսն» ու «Հայրենիքը»։