Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատաքննությունն ավարտական փուլում է։ Դեկտեմբերին դատարանը հրապարակելու է Փիլոյանի նկատմամբ դատավճիռը։
Մինչ այդ դատարանը նրան մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության համար։ Փիլոյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային միջոց գրավի չափը դատարանը թողել է անփոփոխ։
Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել 8 տարի ազատազրկում, պատժին հաշվակցել 6 ամիս 6 օրը, որի ընթացքում Փիլոյանը կալանավորված է եղել․ դատախազը նաեւ պահանջել է Փիլոյանին ազգային հերոսի կոչումից զրկում։
Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը «Հրապարակ»-ին փոխանցեց․ «Որ դատախազը կոնկրետ «Ազգային հերոսի» կոչումից զրկել` նման բառացի չի միջնորդել, ուղղակի ասել է՝ հատուկ կոչումից, ենթադրում ենք, որ դրա վերաբերյալ է խոսքը։ Քրեական օրենսգիրքը թույլ Է տալիս նման միջնորդությամբ հանդես գալ, բայց, եթե, ի թիվս այլնի, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները պետք է նշվի, որոնք հուշում են, որ մարդը պետք է կոչումազրկվի։ Ես այդ հարցը դատարանում բարձրաձայնել եմ։ Մնացած ամեն ինչից վերանանք, պարոն Փիլոյանի անձը բնութագրող ո՞ր տվյալներն են հուշել դատախազին, որ նման միջնորդությամբ կարող է հանդես գալ։ Ես հարցը բարձրաձայնել եմ, բայց պատասխան չի հնչել»։
Փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալը նրան մեղսագրվող արարքներից ոչ մեկը չի կատարել․ «Նա ենթակա է արդարացման իրեն մեղսագրված բոլոր արարքներով։ Համոզմունք եմ հայտնում, որ պարոն Փիլոյանն անպարտ կճանաչվի իրեն մեղսագրված բոլոր արարքներում։
Փաստաբանը չի մասնակցել դատական լրացուցիչ լսումներին, որտեղ քննարկվելու է պատժի չափը նշանակելու հարցը․ «Ես որպես Փիլոյանի պաշտպան, այդ հարցերի քննարկանը չեմ մասնակցել, զուտ էն հիմնավորմամբ, որ մարդն անմեղ է, պետք է ճանաչվի անմեղ, հետևաբար ես չեմ կարող ասել՝ անմեղ մարդուն 1 տարի տվեք կամ 2 տարի տվեք, անմեղ մարդուն որևէ պատիժ չպետք է նշանակվի»։
Անկախ նրանից, ինչ որոշում կկայացնի դատարանը՝ նրանք բողոքարկելու են Վերաքննիչ դատարան․ «Սպասում ենք դատարանի վճռին, որը կլինի ոչ շուտ, քան դեկտեմբեր ամիսը, դրանից հետո մենք կբողոքարկենք դատական ակտը»։
Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 2022 -ին արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
Նախորդ տարի էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայրենիքի շքանշան»-ով պարգևատրված Անդրանիկ Փիլոյանը պետք է զրկվի այդ կոչումից: Չի բացառվում, որ քաղաքական այս հայտարարությունն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի դատախազությունը կոչումից զրկելու միջնորդությամբ հանդես գա։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների համար: Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ կաշառք: Այս մեղադրանքի հիմքում մի բաքսի կաթսա յուրացնելու փաստն է նաեւ դրված: