Մշակույթ

Ջորջո Ագամբեն․ Պետությունը եւ պատերազմը

Ջորջո Ագամբեն․ Պետությունը եւ պատերազմը

(Lo stato e la guerra)

հունիսի 15, 2025

Այն, ինչ կոչվում է Պետություն, վերջին հաշվով պատերազմ մղելու մեքենա է, եւ վաղ թե ուշ այս հիմնակազմիկ կոչումը (costitutiva vocazione) դուրս է գալիս բոլոր քիչ թե շատ դաստիարակչական նպատակներից, որոնք Պետությունը կարող է ապահովել իր գոյությունն արդարացնելու համար։
Սա հատկապես ակնհայտ է այսօր։ Նեթանյահուն, Զելենսկին եւ եվրոպական կառավարությունները վարում են ցանկացած գնով պատերազմի քաղաքականություն, որի նպատակներն ու արդարացումները, անշուշտ, կարելի է նույնականացնել, բայց որի վերջնական դրդապատճառը անգիտակից է եւ հիմնված է պետության՝ որպես պատերազմական մեքենայի բնույթի վրա։ Սա բացատրում է, թե ինչու պատերազմը, ինչպես ակնհայտ է Զելենսկու եւ Եվրոպայի դեպքում (caso), բայց նաեւ ճշմարտացի է Իսրայելի դեպքում, մղվում է նույնիսկ իր սեփական ինքնաոչնչացման ռիսկով։ Եվ զուր է հուսալը, որ պատերազմական մեքենան կարող է կանգ առնել այս ռիսկի առջեւ։ Այն կշարունակվի մինչեւ վերջ՝ անկախ [վճարվելիք] գնից։

Ուկրաինայի վերջը
(Fine dell’Ucraina)

հունիսի 13, 2025

Ուկրաինայի պատերազմը մոտենում է իր ավարտին, որը, ինչ ձեւ էլ ստանա, չի կարող չհամընկնել «Ուկրաինայի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության» փլուզման հետ (մինչ այդ երբեք ուկրաինական պետություն գոյություն չի ունեցել, եւ լավ է հիշեցնել, որ Ղրիմը, որի նկատմամբ Զելենսկին անընդհատ հավակնություններ է հայտնում, միացվել է Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությանը միայն 1954 թվականին Խրուշչովի կողմից, եւ այդ տարվա մարդահամարի տվյալներով այնտեղ բնակչության 72%-ը ռուսներ էին)։ Ինչպես անընդհատ կրկնում է եվրոպական ղեկավար դասը՝ մենք Ուկրաինայի կողքին կլինենք մինչեւ վերջ։ Սակայն այդ վերջը չի կարող չներառել նաեւ Եվրոպայի ճակատագիրը։ Երբ Ուկրաինայի վերջը կատարված եղելություն (fatto) լինի, ի՞նչ կանի եւ ի՞նչ կասի Եվրոպան, որը նպաստեց այդ վերջն աղետալի դարձնելուն։ Ամենազգոն քաղվերլուծաբանների կանխատեսմամբ՝ հավանական է, որ հարցականի տակ դրվի նաեւ ներկայիս եվրոպական համայնքի ինքնությունը, որն իրավականորեն այլ իրականություն չունի, քան պետությունների միջեւ կնքված միջազգային համաձայնագիրը։ Իսկ սա միակ դրական հետեւանքն է, որ կարող ենք ակնկալել Ուկրաինայի պատերազմից, որը հակառակ դեպքում՝ ինչպես բոլոր պատերազմները, աղետ է։

Թարգմանությունն իտալերենից՝ Սահակ Գալոյանի
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image