Եթե ավտորիտար համակարգի կայացման ուղղությամբ շարժվող մեկ անձի իշխանությունը ներկայացվում է որպես ժողովրդավարության բաստիոն, ապա մնացած ամեն ինչն էլ պետք է հիմնված լինի կեղծիքի վրա: Եվ եթե գործող իշխանությունը ձևավորվել է կեղծիքի վրա՝ հիշենք հերոս Աբաջյանի կեղծ պապի ելույթը, ապա դրա ընթացքն էլ պետք է բնութագրվի նույն ոգով: Իսկ որպեսզի չասվի, թե հանրության առջև կեղծ պապի հայտնվելն ընդամենը մեկ դրվագ էր, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ իր խոսքը «մոռանալու» բազմաթիվ օրինակները դրա ավելի քան բավարար հերքումն է: Բայց քանի որ վերջինս արդեն երկար ժամանակ գործում է քաղաքացիական կնոջ հետ համահունչ, ապա կնոջ վարքը չի կարող նման դրսևորումներ չունենալ: Ու եթե նույնիսկ այդ զույգը մի օր փորձի Աստծո գառան դիմակ հագնել, սատանայի հոգին չի կարող թաքցվել դրա տակ:
Վերն ասվածի լավագույն վկայությունը վերջինիս կնոջ կողմից, այսպես կոչված, «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն է: Եթե այդ հանձնաժողովը ներառեր միայն «արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման» բաղադրիչը՝ ամեն ինչ նորմալ կլիներ: Կարծում եմ, որ այդ հարցում ամուսնական զույգը մրցակիցներ չունի հանրապետությունւմ: Որովհետև եթե այդպես չլիներ, ապա այդ անձինք վաղուց դադարեցրած կլինեին իրենց փիառ գործունեությունը: Բայց որ կողքից այդ բաղադրիչին կցվել է նաև «բարեկրթություն»-ը՝ դա նույնիսկ Աննա-Նիկոլ զույգի առումով, որ ցուցադրել են բազմաթիվ ոչ ընդուների երևույթներ, չափի ու սահմանի մեջ չի տեղավորվում: Որովհետև ինչպես է հնարավոր բարեկրթություն դաստիարակելը կամ թեկուզ քարոզելն այն անձի (եթե դիտարկվի զուտ քաղաքացիական կինը) կողմից, ում բառապաշարը վերջերս «հարստացել» է բացարձակ փողոցային՝ անասուն, ոջիլ, ցնդած, խոտակեր, բառաչող և այլ ձևակերպումներով:
Տիկնոջ ֆեյսբուքյան էջում ներկայացված են ձևավորվելիք (իսկ որ դա կձևավորվի՝ կասկածից դուրս է) հանձնաժողովի նպատակները: Եվ եթե այլմոլորակայինը կարդա դրանք՝ կմտածի, թե էս ինչ երջանիկ մարդիկ են հայերը, որ պետական մտածողությամբ օժտված նման գործիչներ ունեն իրենց երկրում: Իսկ երբ նաև իմանա, որ այդ հասարակական գործիչը նաև պետության ղեկավարի կինն է՝ զարմանքին ու նույնիսկ նախանձին չափ չի լինի: Որպես օրինակ մեջբերեմ առաջին նպատակը. «Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը»: Եվ եթե ես էլ լուսնից իջած լինեի՝ նույն տպավորությունը կստանայի նաև ինքս: Բայց քանի որ 1976 թվականից ես ապրում եմ Երևանում ու այդ ընթացքում բազմաթիվ մարդկանց ու իրադարձությունների եմ ականատես եղել և այդ թվում՝ տիկնոջ վերբալ (խոսքային) ջղաձգումներին, ապա սկզբում ենթադրեցի, որ մեջբերված տեքստը հումորային հաղորդումից է՝ գեներացված ԱԲ-ի (արհեստական բանականության) կողմից:
Որովհետև որպեսզի փոխադարձ հարգանք ձևավորվի՝ դրա համար անհրաժեշտ է լինել հենց այդպիսի անձնավորություն: Այսինքն, որպեսզի պետության ղեկավար անձն ու նրա զուգընկերն իրենց վարքագծով հենց նման վարվելակերպի օրինակներ ներկայացնեն: Ու դա լինի ամեն պահի ու ամեն Աստծո օր, ինչպես, ասենք անում էր Ուրուգվային վերջին նախագահներից (հիմա արդեն երջանկահիշատակ) Խոսե Մուխիկան: Իսկ տիկինն ու իր քաղաքացիական ամուսինը ոչ թե հարգանքի ձևավորման վրա են աշխատում, այլ դրա ճիշտ հակառակն են անում: Ամուսինը չի թողել ոլորտ կամ կառույց, որ չթիրախավորեր, կինն էլ անցել է բոլոր սահմանները՝ մտնելով սեռական հարաբերությունների ոլորտ, ինչը բացարձակ պատշաճ չէ կին արարածին: Էլ չասած մեր հանրության արժեհամակարգում... Էլ չասած վարչապետի զուգընկերոջը… Էլ չասած նման հանձնաժողով ստեղծելու գաղափար նախաձեռնողին… Էլ չասած ինքնակրթվելու գաղափար նախաձեռնողին ու դրա անխոնջ հանրայնացնողին…