Երեքշաբթի օրը Հայաստանի հանրային ռադիոյի «Երեւանի ձայնը» եւ «Առանց տողատակի» հաղորդումներին հյուրընկալվել էր Բելառուսի ընդդիմադիր գործիչ, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից ու քննադատ, արտերկրում ապաստանած քաղաքական ակտիվիստ Սվետլանա Տիխանովսկայան: Նա Լուկաշենկոյին սուր քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում: Հայաստանում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում այլ եվրոպացի գործիչներ եւս բարձր ամբիոնից քննադատում էին Ռուսաստանը, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ուղղակի սպառնում էր մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին դրոններ ուղարկել Մոսկվայի Կարմիր հրապարակ: Այս ամենը ԵԱՏՄ անդամ երկրների, Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից շատ սուր է ընկալվում: Մենք մի քանի հարց ուղղեցինք 100-ամյակը նշող Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին:
- Տեսակետներ կան, որ Հանրային ռադիոն` իշխանությունների հետ սինքրոն, սրում է հարաբերությունները Ռուսաստանի, հիմա արդեն՝ նաեւ Բելառուսի հետ: Տիխանովսկայայի ելույթը ձեր եթերում այդպես է ընկալվել:
- Որեւէ նման խնդիր չունենք, մենք որեւէ մեկի հետ չենք ուզում հարաբերությունները փչացնել կամ սրել: Այդ մարդը Բելառուսի ընդդիմության լիդերն է, եկել է Հայաստան, մասնակցել է եվրոպական համայնքի հավաքին: Լիքը հետաքրքիր մարդիկ են հրավիրված եղել, մենք էլ որոշեցինք նրան հրավիրել: Ամեն ինչ պատմեց` իր տեսանկյունից: Եթե Բելառուսի իշխանության ներկայացուցիչը գա մեզ մոտ, ցանկանա հարցազրույց տալ, հակառակ տեսակետը հայտնի, մեր միկրոֆոնը բաց է նաեւ նրանց համար:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց նրան եթեր տալ, այն էլ՝ երկու հաղորդման շրջանակներում, գուցե իշխանություննե՞րն են հուշել:
- Ոչ, իշխանությունները ոչ մի կապ չունեն: Անկեղծ եմ ասում` իշխանությունը ոչ մի բան չի ասել: Մենք տեղյակ էինք, որ Տիխանովսկայան եւս Հայաստանում է, որոշեցինք պարզապես, որ նրան եթեր տանք: Ես նրան առաջին անգամ տեսա իմ կյանքում, թեպետ, երբ «Ազատությունում» էի աշխատում, շատ-շատ եմ նրան լուսաբանել: Բելառուսի ընտրություններ, իշխանություն-ընդդիմություն առճակատում եւ այլն: Ամեն ինչ անձամբ ես էի լուսաբանում, բայց ես անձնական մոտեցում չունեի: Հետաքրքիր մոտեցում ունի նա, բնակվում է դրսում, քանի որ Բելառուսում նրան կձերբակալեն, նա քաղաքական դեմք է Եվրոպայում: Այդ տրամաբանությամբ` տեսակետներ կան նաեւ, թե ինչու է Զելենսկին եկել Երեւան, ասել է, թե Ռուսաստանը ծանր է ընդունել այդ փաստը եւ կշտամբում է Հայաստանի իշխանություններին: Ես իշխանություններին չեմ պաշտպանում, բայց Զելենսկին լավ է արել, որ եկել է Հայաստան: Ենթադրենք՝ նա եկավ, ռուսների՞ց պետք է հարցնենք, թե ում ընդունենք մեր երկրում:
- Ասում են, որ սրանով սադրում ենք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի բարկությունը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա: Գուցե Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց հաստատապես` վտանգավոր թշնամի է.... նույնը ասում են նաեւ Բելառուսի մասին:
- Գիտե՞ք ինչ, երբ Ռուսաստանը պատերազմի ժամանակ ընդունում էր Ալիեւին, կամ երբ Բելառուսն Ալիեւին զենքեր էր վաճառում, Ռուսաստանը նույնպես զենք էր վաճառում նույն Ադրբեջանին, եւ հայտարարում էին, որ դա իրենց բիզնեսն է ընդամենը: Էդ ո՞նց է ստացվում բա էդպես: Ինչեւէ, մենք ունենք մեր տեսակետը, նրանք ունեն իրենց տեսակետը: Օրինակ` ես պետք է գնամ Ռուսաստանի դեսպանատուն եւ մասնակցեմ մի միջոցառման, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին եւ ԽՍՀՄ-ի հաղթանակին: Իմ քեռին եւ հորեղբայրը զոհվել են այդ պատերազմում, ես հարգանք ունեմ նրանց հիշատակի առաջ, մենք հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել այդ պատերազմում, մարշալներ ու գեներալներ ենք տվել, ես հո չե՞մ կարող ուրանալ այդ ամենը, սակայն այդ միջոցառմանը գնալու եմ որպես Ռադիոյի տնօրեն, ես հարգում եմ նրանց հիշատակը եւ մեր ներդրումները: Հիմա ի՞նչ, ես ասեմ` մենք Ռուսաստանին չենք սիրում, եւ չգնա՞մ, ինչո՞ւ չգնամ: Նույնն էլ ռուսների մասին է, եթե ուզում են, թող գան, մեզ հետ զրուցեն, մեր դռները բաց են բոլորի առաջ:
- Բայց Զելենսկին ոչ միայն Հայաստան էր եկել, այլեւ Ռուսաստանին Երեւանից սպառնաց: Ընդդիմությունն ասում է, որ նման հայտարարությունները Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջացնել: Եթե Փաշինյանը չուզենար, նման հայտարարություններ Երեւանում չէին կարող հնչել:
- Դե, այդ հարցին թող պատասխանեն պետական այրերը: Ես ո՛չ Զելենսկուն պաշտպանելու, ո՛չ էլ քլնգելու, քննադատելու համար լիազորություններ ինձ վրա չեմ վերցնում: Զելենսկին ինչ-որ բան է ասել, թող ՌԴ-ն արձագանքի, Я тут причём…. Պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր: Տասնամյակներ առաջ ես սովորել եմ Մոսկվայում, ապրել եմ հանրակացարանում, եթե այն ժամանակ ինձ ասեին, որ ռուսներն ու ուկրաինացիները 2020-ականներին կարող են պատերազմել իրար դեմ, ես կմտածեի, որ նման բան ասողները գժանոցից են փախել, բայց ամենասարսափելի բաներն անգամ կարող են պատահել մեր կյանքում: Զելենսկին եկել էր, իր տեսակետը հայտնեց: Թե ինչու այստեղ նման հայտարարություններ արեց, դրան պետք է արձագանքեն մեր ղեկավարները:
- Ի դեպ, Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին` ԱԺ նախագահի հայտարարությունների պատճառով:
- Մենք լուսաբանող ենք ընդամենը: Եթե Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները կցանկանան Հանրային ռադիո այցելել, մենք նրանց պատրաստ ենք ընդունել, ավելին` մենք նրանց հրավիրում ենք մեզ մոտ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բելառուսցի ժողովրդի հետ: