Քովիդի թեստի դրական պատասխանի մասին հրապարակում անելուց հետո, երբ հայտարարեց, որ չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին, Փաշինյանը մի հրապարակում էլ արեց. «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»: Հնարավոր է, որ այս հայտարարությունը նրա հերթական ցնդաբանությունն է, բայց հնարավոր է նաեւ, որ այս թեզը լույս սփռի այն հարցի վրա, թե ինչու հրաժարվեց մեկնել Ռուսաստան` մասնակցելու ԱՊՀ եւ ԵԱՏՄ նիստերին: Չէ՞ որ խոսքը ոչ թե ՀԱՊԿ-ի մասին էր, որին անդամակցությունը 2 տարի կասեցրել-սառեցրել է, այլ՝ ԱՊՀ-ի, որի նախորդ տարվա սանկտպետերբուրգյան նիստին ինքը մասնակցել էր, իսկ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցում է պարտաճանաչորեն` 2 շաբաթ առաջ նախագահում էր Մոսկվայի նիստում:
Ի՞նչ կախվածության մասին է ակնարկում Փաշինյանը, որն իբր պետք է բարձրացնի Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ է Փաշինյանն այդ կախվածության մասին հիշել Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը մեկնելուց հրաժարվելուց հետո, այդ ո՞ր երկրից կամ երկրներից կախվածությունն է նրան օգնել անկախանալ Մոսկվայից, որ կարողանա մերժել ԱՊՀ եւ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելու հրավերը: Պատասխանը մակերեսին է․ կախվածություն ասելով՝ Փաշինյանը նկատի ունի կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից, առավելապես Թուրքիայից կախվածությունն է իրեն օգնում ավելի անկախ լինել Ռուսաստանից եւ Ռուսաստանի ազդեցությունից:
Փաշինյանը մինչեւ վերջերս տատանվում էր` չգիտեր, թե որ կողմն անցնի, ով կարող է ապահովել-երաշխավորել իր իշխանությունը: Նա, մի կողմից, բացահայտ պրոթուրքական քաղաքականություն էր վարում՝ ամեն կերպ հաճոյանալով եւ ստորաքարշորեն ծառայելով այդ երկրի նախագահին, բայց, մյուս կողմից, հարաբերությունները չէր խզում Ռուսաստանի հետ՝ համարելով, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, հզոր երկիր է եւ ցանկացած պահի կարող է ինչ-որ փորձանք բերել իր եւ իր իշխանության գլխին: Հաշվի էր առնում տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:
Ամեն ինչ փոխվեց Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Սիրիայում Թուրքիայի բացահայտ եւ կայծակնային հաղթանակը Փաշինյանի մոտ համոզմունք ձեւավորեց, որ Թուրքիան այնքան ազդեցիկ եւ ուժեղ երկիր է, որ կարող է դուրս գալ Ռուսաստանի եւ Իրանի դեմ ու հաղթել նրանց: Ռուսաստանն անկարող եղավ պաշտպանելու իր հովանավորյալ Բաշար Ասադին՝ բավարարվելով նրա ընտանիքին ապաստան տալով: Եթե Ռուսաստանն ընդունակ չէ պաշտպանել Ասադին, պաշտպանել ռազմավարական անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեցող իր ռազմաբազաները Միջերկրական ծովի ափին, ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է պաշտպանի Հայաստանը կամ Փաշինյանին: Ճիշտը ոչ թե Իվանի, այլ Ահմեդի պոչը բռնելն է՝ մտածեց Փաշինյանը: Ամենայն հավանականությամբ, այս ընտրության հարցում Փաշինյանին շտապեցրին նաեւ Թուրքիայի իշխանությունները, առաջարկելով երկընտրանք` կա՛մ մեզ հետ ես, կա՛մ Ռուսաստանի:
Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից առաջ էլ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրված էին, Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանը մի քանի անգամ ՌԴ նախագահին հրապարակային հրավիրել էր Թուրքիա, բայց հրավերները մերժվում էին: Ռուսաստանն ընկել է թուրքական թակարդը` տնտեսական կախվածություն ունի Թուրքիայից, գազ է վաճառում, Թուրքիայի միջոցով գազ է վաճառում նաեւ Եվրոպային, բացի դա՝ Թուրքիայում ատոմակայան է կառուցում, այն էլ՝ իր փողերով, ներդնելով 20 միլիարդից ավելի գումար, որը պետք է հետ բերի էլեկտրաէներգիա վաճառելով, Ռուսաստանն օգտվում է թուրքական նեղուցներից, Թուրքիային չի կարող նեղացնել: Առնվազն գործընկերային հարաբերությունների ֆոնը պահում է, բայց առաջվա բարեկամությունն ու ջերմությունը չկան: Էրդողանը Ռուսաստանից ստացել է այն, ինչը կարող էր վերցնել, հիմա անում է այն, ինչն իրեն է ձեռնտու:
«Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան, կա՛մ մեզ հետ ես, կա՛մ Ռուսաստանի» թուրքական դիլեմային Փաշինյանը պատասխանել է. միանշանակ՝ ձեզ հետ եմ: Եթե մեզ հետ ես, էլ ինչո՞ւ ես Ռուսաստան գնում՝ ասել են Թուրքիայից եւ Փաշինյանին արգելել մասնակցել ռուսական նախագծերին: Էրդողանը մի հարցում էլ կարող է օգտակար լինել Փաշինյանին. Եթե նա անվերապահորեն անցնում է Էրդողանի գիրկը, վերջինս նրան ապահովագրում է ԱՄՆ-ում տեղի ունեցող ներքաղաքական ցնցումներից: Թուրքիայի նախագահը լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ եւ կարող է նրա մոտ բարեխոսել իր նոր վասալի համար կամ ուղղակի կարող է Թրամփին հիշեցնել միջնադարյան ֆեոդալական Եվրոպայի կանոնը` իմ վասալի վասալը իմ վասալը չէ: Թուրքիան կարող է ամերիկյան վասալ լինել, բայց պարտադիր չէ, որ նրա վասալներն անմիջականորեն ենթարկվեն ԱՄՆ-ին:
Այսպիսով, ըստ Փաշինյանի տրամաբանության, Թուրքիայից կախվածությունը Հայաստանն ազատում է Ռուսաստանից կախվածությունից: Ռուսաստանին նաեւ ԵԱՏՄ հարցում մերժելուց հետո Փաշինյանը հույս ունի, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Թուրքիան կհայտարարի սահմանը բացելու մասին: Փաշինյանն ուզում է, որ դա որքան հնարավոր է՝ արագ տեղի ունենա, որ Թուրքիայից կախվածության մեջ լինեն ոչ միայն ինքն ու իր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ, այլ՝ ամբողջ Հայաստանը: Արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա ցանկությունը եւս պայմանավորված է թուրքական ընտրությամբ, բայց դրա մասին՝ ավելի ուշ: