Նիկոլ Փաշինյանը չի վարում ո՛չ հակառուսական, ո՛չ պրոարեւմտյան եւ ո՛չ էլ անգամ պրոթուրքական քաղաքականություն, նա վարում է Հայաստանի Հանրապետության ոչնչացման քաղաքականություն: Իսկ թե ում բաժին կհասնի ոչնչացված ՀՀ տարածքը եւ մյուս ակտիվները, արդեն մեր որոշելիքը չէ, իրենք իրար մեջ կորոշեն` ով ուժեղ եղավ, ով հաղթեց, նա էլ կտիրանա: Փաշինյանի այս քաղաքականությունը ձեռնտու է բոլորին` Ռուսաստանին, Արեւմուտքին, Թուրքիային. մարդն իր ձեռքով քանդում է երկիրը, իրենք էլ սպասում են հարմար պահի, որ գան ու տեր կանգնեն: Նրանցից ամեն մեկը համոզված է, որ իր հնարավորություններն ավելի մեծ են, ամեն մեկն իր հաշվարկն ունի: Դրա համար էլ արտաքին ուժերից որեւէ մեկը չի բողոքում Փաշինյանի քաղաքականության դեմ, բոլորը ողջունում են ու սպասում հարմար պահի: Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, որի արդյունքն այն է, որ հայ մարդը սկսել է զզվանք ապրել ոչ միայն իր իշխանությունից, այլեւ իր պետությունից, պետականությունից, հայ մարդն ամաչում է նման պետության գոյության փաստից: Այս իշխանության գործունեության արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե վաղը դրվի հայկական պետականության լինել-չլինելու հարցը, շատ քչերը դեմ լինեն պետականության լուծարմանը` համարելով, որ ավելի լավ է այն լուծարվի, քան գոյություն ունենա նման խայտառակ կարգավիճակով` նվաստացած եւ հեղինակազրկված:
Նոյեմբերի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը: Այն դեռ չսկսված՝ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ առաջնությանը չեն մասնակցում Հայաստանի լավագույն ըմբիշները, նրանք, ովքեր կարող էին հաղթանակ տանել եւ բարձր պահել Հայաստանի մարզական հեղինակությունը: Հայերենում «մարզիկ» եւ «մարտիկ» բառերի նմանությունը պատահական չէ, հայերը համարել են, որ սպորտն ընդամենը միջոց է՝ պատերազմի համար լավ մարտիկներ պատրաստելու համար: Հայաստանում որեւէ մեկը կասկած չունի, որ լավագույն հայ մարզիկներին արգելել են մասնակցել առաջնությանը, որ նրանք հանկարծ չհաղթեն թուրք մարզիկներին, եւ այդ հրահանգն իջեցվել է անձամբ Փաշինյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից:
Նախ՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ հայ ըմբիշները երկար պատրաստվել են այս մրցաշարին, եւ իրենց համար անակնկալ էր նման որոշումը, ու պարզ չէ, թե ով է դրա հեղինակը. «Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետեւել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջեւ կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն եւ ֆիզիկապես»:
Հետո նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «ՀԸՖ-ն որեւէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման եւ հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերն ամբողջությամբ գտնվել եւ գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։ Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար եւս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին»: Ուշադրություն դարձրեք «տվյալ երկրի» արտահայտության վրա` կարծես խոսքը մի անհայտ, օտար երկրի մասին լինի եւ ոչ թե Հայաստանի:
Հայաստանի սպորտային ֆեդերացիաները, մարզիկներն իրենց օտարված են զգում սեփական պետությունից, քանի որ որեւէ մասնակցություն չունեն կայացվող որոշումներին, նույնիսկ երբ դրանք առնչվում են իրենց, այն ոլորտներին, որտեղ իրենց տեսակետը պետք է առաջնային լիներ: Հազարավոր մարդիկ հայ մարզիկներին` նրանց, ովքեր մասնակցելու են այս մրցաշարին, կոչ են անում բոյկոտել մրցաշարը, չենթարկվել բանակային ղեկավարությանը, քանի որ նա է մրցաշարի կազմակերպիչը, քանի որ ՊՆ կոչվող խայտառակ կառույցն իրենց տանում է կանխորոշված պարտության:
Փաշինյանը երկիրը եւ հասարակությանը հասցրել է մի կետի, որտեղ մարդիկ այլեւս մտածում են ոչ թե պայքարի եւ հաղթանակի, այլ սեփական երկրում անցկացվող միջոցառումները բոյկոտելու մասին: Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ հաղթեն ոչ թե հայ, այլ թուրք մարզիկները, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարեւանությամբ բարձրացվի ոչ թե Հայաստանի դրոշը, այլ՝ Թուրքիայի, որ հնչի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի օրհներգը, դրանով պղծելով 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը: Գուցե Փաշինյանը գործում է Էրդողանի ցուցումով, գուցե նա Հայաստանն իրոք դարձնում է թուրքական վիլայեթ, իսկ հայերին համոզում, որ պետք է համակերպվեն թուրքական ենթակայության տակ լինելու հետ, թուրքերի գերակայությանը հայերի նկատմամբ: Իսկ գուցե գործում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հրահանգով եւ Հայաստանում ստեղծում է այնպիսի հոգեբանական մթնոլորտ, որ երբ վաղը պայմանական ռուսական 11-րդ բանակը կամ 102-րդ ռազմաբազան որոշի գրավել Հայաստանը, հայ մարդիկ աղուհացով դիմավորեն` նրանց դիտելով իրենց ազատագրողներ թուրքական լծից, ինչպես 1920 թ. նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի երկրացի իջեւանցիներն աղուհացով դիմավորեցին ռուս զինվորներին: