Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում հայոց արքաների արձաններ չկան, հետեւաբար՝ հայերը պետականություն չեն սիրում, իրականությանը չի համապատասխանում։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր հետեւյալը․ «Ինչո՞ւ մեր երկրի 30 տարվա անկախության ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց եմ տալիս։ Որովհետեւ հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Ինչո՞ւ է ներմուծված։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չի, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետականության սիմվոլն է: Սա է սաղ պրոբլեմը։ Մեր խորքային հայրենասիրությունը դրա մասին է, որ մենք չենք կարող ինքնիշխան պետություն ունենալ, որովհետեւ չենք կարող մեզ պաշտպանել»։
«Հրապարակի» հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը հայոց արքաների մի քանի արձաններ ու բարձրաքանդակներ թվարկեց, որոնք այդ պահին կարողացավ հիշել, սակայն չբացառեց, որ ուրիշ արձաններ եւս կարող են լինել, որոնք ինքը չի մտաբերում․ «Հայաստանում, իհարկե, կան թագավորների արձաններ, թվարկում եմ այն արձանները, որոնք ես այս պահին հիշում եմ․ Տիգրան Մեծի արձանը կա, որը ժամանակին նախագահի նստավայրի մոտ էր, հետո տեղափոխվեց Նոր Նորքի այգիներից մեկը։ Հայաստանում կա Վռամշապուհի արձանը, որը, կարծեմ, Օշականում է, Հայաստանում Տրդատի բարձրաքանդակը կա Մայր Աթոռում՝ որպես արքայի, որի օրոք ընդունվեց քրիստոնեությունը։ Գյումրիում ունենք Աշոտ Ողորմածի ձիավոր արձանը՝ հրապարակներից մեկում, Արգիշտի արքայինն ունենք, Արտավազդի բարձրաքանդակն ունենք թանգարանում։ Եթե նկատի ունենանք նաեւ միջնադարյան արձանները, ապա արքաների, արքայազների բարձրաքանդակներ կան նաեւ եկեղեցիների վրա, այսինքն՝ այդ թեզը սին է, կեղծ եւ մանիպուլյատիվ։ Եթե լիներ միայն 1 արձան, ապա դա կբացառեր, բայց ես թվարկեցի մի քանիսը, որն այս պահին հիշեցի։ Հնարավոր է մարզերի այլ քաղաքներում լինեն նաեւ այլ արձաններ, հուշարձաններ, որոնք այս պահին ես չհիշեցի, բայց չեմ բացառում, որ այդպիսի արձաններ ունենք։ Հիմա եթե կա 5-ից ավելի արձան, դա բավարա՞ր է, թե՞ ոչ նման թեզ մեջտեղ չբերելու համար, թե՞ նպատակն այդ միտքն էր՝ որ պետք է պատրաստ լինենք պետականությունից հրաժարվելուն, իսկ դա հիմնական կռվաններից մեկն է՝ շրջանառության մեջ դնելու համար․ քանի որ չենք սիրում, ուրեմն արժանի չենք պետականության։ Ես կարծում եմ, որ շատ պարզ երեւում է, որ այդ հայտարարության նպատակը հենց դա էլ եղել է»։
Պատմաբանին հարցրինք նաեւ, թե հայ ժողովրդի հայրենասիրության մոդելի հետ ի՞նչն այն չէ՝ նկատի ունենալով, որ Փաշինյանը նաեւ հայերի հայրենասիրության մոդելն է քննադատում, այն ներմուծված համարում։ «Մեծագույն ողբերգությունն այն է, այդ թվում ես էլ եմ ողբերգություն ապրում որպես ՀՀ քաղաքացի, քանի երկրում վարչապետն այնպիսի անձ է, որը փորձում է վերագրել իրեն մեծ առաջնորդի, մեծ գաղափարախոսի դեր՝ այն դեպքում, երբ այդ մարդն ընդամենը գրել է մի խայտառակ գիրք՝ խայտառակ բովանդակությամբ, որին ես որպես պատմաբան եմ ծանոթացել, այլ ոչ թե որպես ընթերցող։ Որպես պատմաբան՝ ցանկացա ուղղակի կարդալ ու հասկանալ, թե ով է այսօր ղեկավարում, թե ով է նաեւ իմ ու իմ համաքաղաքացիների անվտանգության համար պատասխանատու անձը։ Չեմ խորանում գրական ճաշակների մեջ, բայց երբ խոսքը վերաբերում է հայրենասիրության մոդելին, պատմությունը քննելուն ու քննարկելուն, ես ունեմ խոսքի լիարժեք իրավունք, որպեսզի ասեմ իմ խոսքն ու կարծիքը։ Հետեւաբար, ասում եմ հետեւյալը․ եթե կա հասկացություն կամ կեղծ ընկալում, որ հայրենասիրությունը պետությանն է վերաբերում, դա կոպտագույն սխալ է, դրանով հերքվում է հայրենիքի գաղափարը, պատմական հիշողության գաղափարը, ինքնության գաղափարը, որոնք այսօր գլոբալ աշխարհում թիրախավորված են։ Այստեղից մենք պետք է մտավախություն հայտնենք, թե արդյոք չի՞ սպասարկում իշխանական ներկայիս վերնախավն այդպիսի մի պատվեր։ Իմ դիտարկումները, բազմաթիվ ուժերի, անձանց հետ շփումների փորձառությունը՝ վերջին 3-4 տարվա, բերում է այն վտանգավոր եզրահանգմանը, որ իրականացվում է հետեւողական աշխատանք, որպեսզի մեզ կտրեն մեր հիմնական ինքնությունից։ Եթե դու չունես ինքնություն, քո արմատները պատմությունից կտրված են, հիշողությունից կտրված են, ապա դու ընդամենը վերածվում ես օրգանիզմների մի հավաքույթի, ինչը շատ ձեռնտու է այն մարդկանց ու այն ուժերին, որոնք կազմակերպեցին ու բերեցին ներկա իշխանությանը, որոնք էլ, ըստ պատվերի, իրականացնում են բոլոր այդ ցանկությունները։ Իհարկե, այստեղ պետք է արձանագրենք, որ հստակ երեւում է թիրախավորումը, եւ հենց այնպես, օդի մեջ հայտարարություններ չեն արվում, դրանց փոխարեն կարող էր բանակի, անվտանգության, Հայաստան-սփյուռք կապերի, Արցախի մասին խոսել, չէ՞, բայց ոչ, արհեստական օրակարգ է ստեղծվում այնպիսի հարցերի շուրջ, որոնց շուրջ սկսվում է բանավեճ սոցիալական ցանցերում, ինչ-որ պաշտոնյաներ սկսում են վատ ձեւակերպված մտքեր շրջանառության մեջ դնել։ Դա զանգվածների վրա ներազդելու տեխնոլոգիան ու տակտիկան է, եւ ասելու, որ այսպիսի խնդիր ունենք։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ իր թիմը, ո՛չ էլ իրենց Հայաստանում առաջ բերած ուժը երբեք չեն կարող հավակնել լինել այն կենտրոնը, մտքի այն դարբնոցը, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պատմությունը, մեր հիշողությունը եւ այն ամենը, ինչը կապված է հայի ինքնության հետ։ Դրանք ի սկզբանե դատապարտված փորձեր են, մանավանդ այն ուժերի կողմից, որոնք ունեն չափազանց ցածր ինտելեկտուալ կարողություններ»։