Հասարակություն

Խնածախցին այդքան փող չունի, որ գազ քաշի

Խնածախցին այդքան փող չունի, որ գազ քաշի

Ձմռանն «անսպասելիորեն» տեղացած ձյունը կաթվածահար է արել Երևանը: Ձյան տեղումից հանկարծակիի եկած քաղաքային իշխանություները նույնիսկ հետաձգեցին դասերը դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Հետաքրքիր է, թե ինչ իրավիճակ է մարզերում, մանավանդ բարձր լեռնային գոտում:
«Հրապարակը» կապ հաստատեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ, հասկանալու համար, թե իրենց մո՞տ էլ է ձմեռը «անսպասելի» եկել` ձյան տեսքով:
«Մեզ մոտ երկու-երեք սանտիմետր բարձրությամբ ձյուն է դրել: Այնպես չի, ինչպես Երևանում»,-ասաց Միրզոյանը:
Ընդամենը ադրբեջանական դիրքից 150 մետր հեռավորության վրա գտնվող գյուղը գազաֆիկացված չէ՝ ընդամենը մեկ տասնյակ բնակիչ է հնարավորություն ունեցել գազի գիծ քաշելու: Միրզոյանը տեղեկացնում է, որ բնակիչները ֆինանսական հնարավորություն չունեն ու գազ քաշեն:
«Մեզ դեռևս աջակցության համար դիմող չի եղել, բայց հնարավոր է դեռ դիմեն: Մարդիկ ամեն մեկն իր տունը տաքացնելու ճարը փորձում է լուծել»,-ասում է Միրզոյանը: Քառասունչոսրօրյա պատերազմից հետո բնակիչները կորցրել են ոչ միայն հսկայական արոտավայրեր ու մշակելի հողատարածքներ, այլև զրկվել են անտառներից, որտեղից բերում էին ձմռան վառելիքը:
Գյուղում լրջագույն խնդիր է աշխատատեղերի բացակայությունը, աշխատանքը կարող էր առանց այն էլ սոցիալական բարդ պայմաններում ապրող մարդկանց համար փրկություն լինել: «Նորակառույց դպրոցի շնորհիվ մի քանի հոգի աշխատանք գտավ, սակայն դա չի լուծում, գյուղում աշխատանքի բացակայության խնդիրը լուրջ է, իսկ եթե աշխատանքի հարցը լուծվեր՝ դա բնակիչների համար մեծ օժանդակություն կլիներ»,-հավելում է Միրզոյանը: Բարեբախտաբար, գյուղից հեռացողներ չկան:                                                                                            

Անցած տարվա մայիսին Դեբեդի հեղեղումից ամենաշատ վնասներ կրել էր Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրը: «Հրապարակի» հետ զրույցում բնակավայրի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը պատմել էր, որ նույնիսկ փրկարարները չեն կարողացել մտնել գյուղ և գյուղի բնակչությունը տարհանվել է իրենց երիտասարդների կողմից՝ գյուղական տեխնիկայով:
«Այս պահի դրությամբ բնակարանների վերանորոգումները դեռևս ընթացքի մեջ են: Գիտեք, որ փաստաթղթային ընթացք կար ու քանի որ շատերը հնարավորություն չունեին փաստաթղթեր ներկայացնել, գործընթացը դրա հետևանքով հետաձգվեց»,-ասաց Պետրոսյանը:
Քարկոփի ղեկավարը տեղեկացրեց, որ բոլոր բնակիչները գյուղ են վերադարձել, միայն մեկ հոգի դեռ չի վերադարձել՝ վերջինիս տունը փլուզվել էր հեղեղի ժամանակ ու համայնքային բնակարան է վերջինս ստացել, ուր էլ շուտով կտեղափոխվի բնակվելու:
Ինչ վերաբերվում է փոխհատուցումներին, ապա բնակարանների վերանորոգման փոխհատուցումներից բնակիչները շատ գոհ են: Հետաքրքրվեցինք, իսկ ոչ բնակելի տարածքների համար փոխհատուցումները տրվե՞լ են, բնակավայրի ղեկավարը պատասխանեց, որ ովքեր ներկայացրել են սեփականության վկայականներ՝ ամբողջությամբ են ստացել փոխհատուցում, իսկ ովքեր չեն ներկայացրել՝ ստացել են միայն փոխհատուցման հիսուն տոկոսը: Հարցին` այգիներ կամ կենդանիներ կորցրած մարդկանց բավարարե՞լ է ստացած փոխհատուցումը, հերմինե Պետրոսյանը ասաց․ «Դե, իննսուն տոկոսը, կարծում եմ, պիտի որ շատ գոհ լինեն»:
Ինչ վերաբերում է տները տաքացնելուն, ապա Քարկոփում պատկերն այլ է, մարդկանց տները գազաֆիկացված են և տները տաքացնում են գազի միջոցով: «Բնակարային վերանորոգումների փոխհատուցումների շնորհիվ այն բնակիչները, ովքեր գազ չունեին՝ առիթ եղավ, որ իրենք էլ գազաֆիկացնեն իրենց բնակարանները, այնպես որ այդպիսի խնդիր չունենք: Իսկ ինչ ձյուն եկել էր, արդեն հալվել է, մեզ մոտ ձմեռը ավելի մեղմ եղավ»,-ասաց Քարկոփի ղեկավար Հերմինե Պետրոսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image