Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահանգները սկսեց հարվածներ հասցնել նաեւ Իրանին։ Իրանը պատասխանեց տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։ Մենք Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։
- Թվում էր, թե ԱՄՆ-ն ու Իրանը վերջապես բանակցում են, սակայն փոխըմբռնման հուշագրից հետո նորից ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, սա դառնում է երկարատեւ ու հյուծող պատերա՞զմ։
- Առիթ ունեցել եմ ասելու, որ սա չավարտված պատերազմ է, որն իր տրամաբանական ավարտին չի հասել, եւ հրադադարը, որ հաստատվել է, չափազանց փխրուն է, եւ բանակցություններում հաջողության հասնելու հավանականությունն էլ հարաբերական է։ Կա շատ կարեւոր հանգամանք՝ Իրանը թելադրող դիրքում է․ այն պայմանները, որոնցով կողմերը համաձայնել էին նստել բանակցությունների սեղանի շուրջ, միանշանակորեն Իրանին ձեռնտու էին, եւ սա ենթադրել է տալիս, որ Միացյալ Նահանգներն ու Թրամփի վարչակազմը դժվար թե կարողանան համաձայնել դրանց հետ ու այդ պայմաններով նստել բանակցությունների շուրջ։ Իսրայելի գործոնը, իհարկե, դերակատար է, բայց ես կասեի՝ այս փուլում ոչ այդքան ուղղակի, որովհետեւ ներկա դրությամբ այս պայմանները ձեռնտու չեն ԱՄՆ-ին, եւ իրենք փորձելու են դա փոխել։ 3 կարեւոր բան է խախտել ԱՄՆ-ն, առաջինն այն էր, որ մինչ բանակցությունների վերջնական ավարտը, համաձայնագրի ստորագրումը եւ Հորմուզի նեղուցի կարգավիճակի հստակեցումը, նեղուցից նավարկությունը տեղի է ունենալու Իրանի վերահսկողության ներքո։
- Բայց ԱՄՆ-ն այլ բան է հայտարարում։
- ԱՄՆ-ն այլ բան հայտարարեց, փորձեց սա խախտել եւ փորձեց Օմանի տարածքով այլ միջանցք ստեղծել, որպեսզի իր վերահսկողության ներքո տեղի ունենար, այսպես կոչված, անցումը։ Դա շատ կարեւոր հանգամանք էր, որը խախտվեց, եւ Իրանը արձագանքեց։ Ու հիմա, ինչքան էլ Թրամփն իրեն կոտորի ու հայտարարի, որ բաց է նեղուցը, իրականում բոլորը խոսում են այն մասին, որ նեղուցը փակ է, որեւէ երթեւեկություն տեղի չի ունենում։ Երկրորդը կապված էր Իրանի ակտիվների հետ, որ որոշակի մասը պիտի ապասառեցվեր, եւ սա եւս խախտվեց՝ Միացյալ Նահանգները սկսեց պայմաններ թելադրել, այս դեպքում պայմանավորվածությունների խախտում էր դա։ Եվ երրորդը վերաբերում էր Իրանի նավթի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը՝ բանակցությունների ընթացքում, ինչը նույնպես խախտվել է։ Այս հիմնական դրույթները խախտվել են, ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, եւ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում։ Հիմա մենք կարող ենք ասել, որ կողմերի միջեւ որեւէ բանակցություն տեղի չի ունենում, այդ բանակցային խմբերը, որ պիտի ձեւավորվեին ու աշխատեին, այդ մասին որեւէ տվյալ չկա։
- Իսրայելական կողմի շահագրգռությունը, իհարկե, հասկանալի է, նույնիսկ մամուլում լուր հրապարակվեց, որ իսրայելցիները մահափորձ են ուզում իրականացնել Աբբաս Արաղչիի ու Ղալիբաֆի դեմ։ ԱՄՆ-ի կողմից պայմանների խախտման հարցում իսրայելական կողմի մե՞ղքն է, թե՞ ԱՄՆ-ն սեփական դեմքը փրկելու, ընտրություններից առաջ դիվիդենտներ շահելու համար է անում։
- Ե՛վ-ե՛ւ, որովհետեւ այդ փուլում ակնհայտ էր, որ Իսրայելը փորձելու է ցանկացած գնով տապալել, եւ մանավանդ հստակ է այն տեղեկությունը, որ թիրախավորելու է բանակցային երկու գլխավոր դեմքերին՝ Ղալիբաֆին եւ Արաղչիին։ Միացյալ Նահանգները փորձեց դա չեզոքացնել՝ թե՛ իր դեմքը փրկելու, թե՛ սաղմնային վիճակում գտնվող գործընթացը չվիժեցնելու համար, սա հստակ էր։ Բայց ես նշեմ, որ հիմա շատ բան է փոխվել առաջին օրերի համեմատությամբ։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կփորձի գնալ նման արկածախնդրության, այսինքն՝ շարքից հանել բանակցային գործընթացի կարեւորագույն դեմքերին, մանավանդ նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում բանակցային գործընթացի համար։ Չեմ էլ կարծում, որ Իսրայելը ներկա դրությամբ կփորձի գնալ նման արկածախնդրության, քանի որ այդ դեպքում պատերազմի հետեւանքներն Իսրայելի համար սարսափելի են լինելու՝ Իրանի պատասխանը։ Հատկապես որ իսրայելական փորձագիտական շրջանակները խոսում են այն մասին, որ պատերազմից հետո Իսրայելի ոչ պաշտպանական, ոչ հարձակողական արսենալը վերականգնված չէ՝ ներքաշվելու համար մեկ այլ լայնածավալ պատերազմի մեջ։
- Պատերազմը բավականին ծանր ու հյուծիչ էր նաեւ Իրանի համար, ու չնայած Իրանի հասարակությունը միավորվեց, բայց խնդիրները դեռեւս կան, որքա՞ն կդիմանա Իրանը։
- Պատերազմն իր հետեւանքներն է ունեցել Իրանի համար՝ թե՛ ենթակառուցվածքային, թե՛ տնտեսական, թե՛ մարդկային ռեսուրսի առումով։ Սա ակնհայտ է, ոչ ոք չի կարող հակառակը պնդել։ Իրանը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, եւ պատերազմն ու դրան հետեւած ճնշումներն ավելի են սաստկացրել այդ տնտեսական խնդիրները, բայց երկրի դիմադրողականությունը պահպանվում է։ Դրա վառ ապացույցն անցյալ շաբաթ հանգուցյալ հոգեւոր առաջնորդի հուղարկավորության եւ թաղման արարողությունն էր, որը վերածվեց աննախադեպ, այսպես կոչված, քաղաքական ուժի ցուցադրության միջազգային ասպարեզում։ Հատկապես որ արեւմտյան կողմն էլ է խոստովանում միլիոնավոր մասնակցության մասին, իրանական շրջանակները, հենվելով իրենց ունեցած տվյալների վրա, նշում են 40-43 միլիոն մարդու մասնակցության մասին։ Եվ շատ մեծ էր թիվը նրանց, ովքեր ցանկանում էին, սակայն չկարողացան մասնակցել։ Նաեւ հուղարկավորության արարողությունը, որը տեղի ունեցավ Իրաքում՝ Մեջեւ եւ Ջերբելլա քաղաքներում։ Դա եւս ուժի յուրահատուկ ցուցադրում էր, Իրանի տարածաշրջանային դերակատարման, տարածաշրջանային ազդեցության ցուցիչ։ Պատմության մեջ եզակի դեպքերից էր երեւի՝ երկրի առաջնորդի համար նման մասշտաբներով հուղարկավորություն են կազմակերպում այլ երկրում։
- Իսկ որքա՞ն կարող է դիմանալ Իրանը։
- Քաղաքական առումով Իրանը պատրաստ է, ինչ վերաբերում է ռազմական առումով, բոլորը գիտեն, որ թեեւ Թրամփը թե՛ 12-օրյա պատերազմի, թե՛ դրանից հետո, թե՛ 40-օրյա պատերազմի, թե՛ այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի օդուժը, ոչնչացրել է Իրանի ծովուժը, հրթիռային եւ ԱԹՍ հնարավորությունները, բայց փաստը մնում է փաստ, որ Իրանը դրանք պահպանում է, Իրանը շատ արագ վերականգնում է իր ռազմական ներուժն այդ առումով, եւ այն պատասխան հարվածները, որ հասցնում է, դրա պարզ ապացույցն է։ Ռազմական առումով թեեւ կորուստները մեծ են եղել, բայց բոլոր տվյալները փաստում են այն, որ Իրանը կարողանում է շատ արագ վերականգնել այդ ամենը եւ պատասխան հարվածներ տալ։ Իսկ ենթակառուցվածքների առումով, այո, մեծ են կորուստները, այստեղ եւս փորձ է արվում վերականգնվելու։ Այն, թե արդյոք Իրանը կկարողանա վերականգնվել, տեսականորեն, այո, բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ Իրանը հնարավորություն ունի մտնելու հերթական ասիմետրիկ ձեւաչափով պատերազմի մեջ։
- Իսկ ինչպիսի՞ն են լինելու այդ պատերազմի ծավալները։
- Այդ պատերազմի ծավալները շատ ավելի մեծ են լինելու, քան անցած 40-օրյա պատերազմի ծավալները։
- Այսինքն, Իրանը ժամանակն իզուր չի կորցրել։
- Չի կորցրել,12-օրյա պատերազմը, որն անցած տարի ամռանը տեղի ունեցավ, շատ կարեւոր փորձադաշտ էր Իրանի համար։ Իրանը կարողացավ գտնել թե՛ իր թույլ կողմերը, թե՛ բացերը, թե՛ ուժեղ կողմերը, թե՛ այն ռազմավարությունն ու մարտավարությունը, որ պիտի կիրառի։ Բայց պիտի նշեմ, որ Իրանը բացարձակապես ցանկություն չունի պատերազմի մեջ ներքաշվելու։ Որպես պետություն, ամեն ինչ անելու է մինչեւ վերջին պահը՝ խուսափելու պատերազմից, բայց եթե, այսպես կոչված, ձեռնոցը նետվեց, կպատերազմեն, իհարկե։ Մի շատ կարեւոր նրբություն էլ կա․ հանգուցյալ հոգեւոր առաջնորդի հուղարկավորության ժամանակ, թաղման արարողության ժամանակ միլիոնանոց մասնակիցների պահանջը մի բան էր՝ չընկրկել թշնամու առջեւ, չհրաժարվել այն բոլոր կարմիր գծերից, որոնք ժամանակին նշել էր հանգուցյալ առաջնորդը, պահպանել այդ բոլոր կարմիր գծերը եւ մանավանդ լուծել հանգուցյալ առաջնորդի եւ մնացյալ բոլոր նահատակների վրեժը։ Սրանք կարեւոր մեսիջներ էին՝ հասարակության կողմից հղված, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Եվ այդ պահանջը որոշակիորեն հանրության կողմից կա, անմիջապես հուղարկավորության արարողությունից հետո նոր գերագույն գլխավոր առաջնորդը հանդես եկավ երախտագիտության ուղերձով՝ ուղղված ժողովրդին, մասնակիցներին, որտեղ նշեց, որ ամեն գնով ժամանակի ընթացքում հարմար առիթին լուծելու են ոչ միայն առաջնորդի, այլեւ բոլոր նահատակների արյան վրեժը։ Սա նաեւ շատ կարեւոր քաղաքական մեսիջ էր։ Սա ուղղված էր բոլորին, ու որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել իրենց կարմիր գծերից, սկզբունքներից ու այն ամեն ինչից, ինչը բխում է իրենց ազգային անվտանգության շահերից։ Թե այդ վրեժը երբ ու ոնց կլինի, ոչ ոք չի կարող ասել։