Ռուսասեր կամ ռուսամետ կողմնորոշում ունեցող մարդիկ հաճախ հարցնում են, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները, ունենալով Հայաստանի նկատմամբ ազդեցության հսկայական լծակներ, տեսնելով, թե ինչպիսի հակառուսական քաղաքականություն է վարում Փաշինյանի իշխանությունը, ինչպես է վերջինս Հայաստանը վերածել Արեւմուտքի եւ նրա մաս կազմող Թուրքիայի գաղութի, Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու հարցում որեւէ աջակցություն չեն ցուցաբերում Հայաստանի ընդդիմությանը: Սրա պատասխանը շատ պարզ է. Արեւմուտքից գաղութային կախվածություն ունեցող Ռուսաստանը չի կարող օգնել այլ երկրի՝ ազատվել գաղութային կախվածությունից: Այլ կերպ ասած՝ քաչալը ճար անող լիներ, իր գլխի համար կաներ: Ճիշտ է` Ռուսաստանի կախվածությունն Արեւմուտքից ավելի փոքր է, քան Հայաստանինը, բայց, միեւնույն է` այդ կախվածությունն ակնհայտ է:
Նախորդ օրը Ռուսաստանի Պետդումայում Ռուսաստանի ՊԴ «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված բրիֆինգում անդրադարձավ նաեւ Ռուսաստանում առկա գնաճին եւ աղքատությանը, որի հիմնական մեղավորը, ըստ նրա, երկրի Կենտրոնական բանկի կողմից վարվող սխալ ֆինանսավարկային քաղաքականությունն է: Հրապարակայնորեն դիմելով ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինային՝ նա ասում էր. «Տիկին Նաբիուլինա, անցյալ տարվա հուլիսից Դուք սկսեցիք բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Որքա՞ն է աճել գնաճը. երկու անգամ: Հեյ, տիկին Նաբիուլինա, Դուք ընդհանրապես ադեկվա՞տ եք, թե՞ ոչ։ Ի՞նչ հիմարություններ եք դուրս տալիս»: Ըստ Միրոնովի՝ ԿԲ-ն եւ նրա նախագահն իրականացնում են ոչ թե Ռուսաստանի տնտեսության եւ տնտեսվարողների շահերից բխող քաղաքականություն, այլ կատարում են Արժույթի միջազգային հիմնադրամի հրահանգները, որոնց նպատակն է՝ թույլ չտալ, որ Ռուսաստանի տնտեսությունն աճի:
Ոչ միայն Ռուսաստանի Կենտրոնական բանկը, աշխարհի երկրների ճնշող մեծամասնության կենտրոնական բանկերը կառավարվում են ԱՄՀ-ի կողմից եւ փաստացի չեն ենթարկվում այդ երկրների կառավարություններին, դրանք սահմանադրորեն կառավարությունից անկախ կառույցներ են: Այդ մեխանիզմը ներդրվել է 1944 թվականին ստեղծված, այսպես կոչված, Բրետոն-Վուդյան ֆինանսական համակարգի ներդրմամբ, որի հիմնական նպատակը եղել է աշխարհի գաղութացումը՝ ամերիկյան դոլարի միջոցով: ԱՄՀ-ն եւս Բրետոն-Վուդյան համակարգի ծնունդ է, այդ համակարգի գործունեությունն ապահովող մեխանիզմի շատ կարեւոր մաս: Խորհրդային Միությունից Բրետոն-Վուդյան կոնֆերանսին մասնակցում էր արտգործնախարար Մոլոտովը, որը ստորագրել է համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, բայց ԽՍՀՄ այն ժամանակվա առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը, եւ ԽՍՀՄ-ն այդպես էլ մաս չկազմեց Բրետոն -Վուդյան համակարգին, հետեւաբար եւ՝ Արժույթի միջազգային հիմնադրամին: Միայն ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո խորհրդային, այսպես կոչված, անկախ հանրապետությունները դարձան ԱՄՀ անդամներ եւ հնազանդորեն կատարում են այնտեղից իջեցված ցանկացած հրահանգ:
Միրոնովը քննադատում է ՌԴ ԿԲ նախագահին, բայց չի կարող քննադատել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, չի կարող ասել, որ երկրի նախագահն այնքան թույլ է, որ չի կարող դեմ գնալ ԱՄՀ-ին եւ աշխատանքից հեռացնել Նաբիուլինային: Ինչպե՞ս` կասեք դուք, Ռուսաստանի նախագահը պատերազմում է Արեւմուտքի դեմ, ամեն օր Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ ամենախիստ քննադատության են ենթարկում ԱՄՆ եւ ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների, իսկ ՌԴ նախագահն այդքան համարձակություն չունի մի ԿԲ նախագահ պաշտոնանկ անել` վախենալով Արեւմուտքի հակազդեցությունի՞ց:
1809 թվականին ներկայիս դրամական համակարգի հիմնադիրներից մեկը` Մայեր Ամշել Ռոտշիլդն ասել է. «Ինձ տվեք երկրի փողերը թողարկելու եւ վերահսկելու իրավունք, եւ ինձ բոլորովին չի հետաքրքրի, թե ով է այդ երկրում օրենքները սահմանում»: Ռոտշիլդի ասածն այն էր, որ երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ վերահսկողությունն ավելի կարեւոր է, քան նույնիսկ օրենսդիր իշխանության նկատմամբ ունեցած վերահսկողությունը, իսկ թե ինչ են խոսում պատգամավորները, նախարարներն ու մյուս բոլորը, օդ է: Փողը յուրաքանչյուր երկրում թողարկում է տվյալ երկրի Կենտրոնական բանկը, եւ ունենալով վերահսկողություն կենտրոնական բանկերի նկատմամբ՝ Միացյալ Նահանգները, ըստ էության, վերահսկում է այդ երկրներին, նրանց տնտեսական հնարավորությունները:
Միրոնովը միակը չէ, որ քննադատում է Էլվիրա Նաբիուլինային եւ նրան մեղադրում Ռուսաստանի տնտեսական աճը կասեցնելու ձգտման մեջ: Ռուսաստանի բազմաթիվ տնտեսագետներ եւ ֆինանսիստներ տեւական ժամանակ է՝ հայտարարում են, որ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է տնտեսական ակտիվության նվազման, գնաճի եւ աղքատության: Այս պահին Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 21 տոկոս է, համեմատության համար ասենք, որ Ճապոնիայում այն 0,25 է, Շվեյցարիայում՝ 0,5, Չինաստանում՝ 3,1, եվրագոտում՝ 3,15, իսկ ԱՄՆ-ում՝ 4,5, Հայաստանում՝ 7,5: Ռուսաստանում խոսակցություն կա, որ մինչեւ տարեվերջ տոկոսադրույքը կարող է բարձրանալ եւս 3 կետով, դառնալ 24 տոկոս: Նման բարձր տոկոսադրույքը թույլ չի տալիս, որ արտադրողները, արդյունաբերողները վարկեր վերցնեն եւ արտադրություն զարգացնեն:
Պատկերացրեք` ռուսական ձեռնարկությունը վարկը վերցնում է 21 տոկոսով, իսկ չինականը, եվրոպականը` 3 տոկոսով, ինչպե՞ս կարող են նրանք հավասար պայմաններում մրցակցել, երբ վարկի տոկոսադրույքն արդեն մտնում է ապրանքի արժեքի մեջ՝ թանկացնելով այդ ապրանքը: Սա այնքան պարզ ճշմարտություն է, որի մասին իմաստ չունի վիճել կամ վիճարկել: Բայց, չնայած Ռուսաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունից նման համընդհանուր դժգոհությանը եւ քննադատությանը, այդ քաղաքականությունն իրականացնող անձը շարունակում է պաշտոնավարել: Պատճառն այն է, որ նրա թիկունքին կանգնած է ԱՄՀ-ի նման հզոր կառույց: Պուտինը կարող է ազատել երկրի վարչապետին, ԱԳ նախարարին կամ Պնախարարին եւ ում ասես, բայց ո՛չ ԿԲ նախագահին, քանի որ, ինչպես նշեցինք, նրա ձեռքին է գտնվում այնպիսի մի հզոր լծակ, ինչպիսին փողի թողարկումն է, իսկ ըստ Ռոտշիլդի` ով վերահսկում է երկրում փողի թողարկումը, նա էլ վերահսկում է երկիրը:
Հիմա, այս պայմաններում, երբ ՌԴ նախագահն ի վիճակի չէ ազատել իր ղեկավարած երկրի ԿԲ նախագահին, ինչպե՞ս կարող է աջակցել մեկ այլ երկրում իշխանափոխության իրականացմանը: Ինչպե՞ս կարող է Արեւմուտքի կողմից վերահսկվող Ռուսաստանը դեմ գնալ Արեւմուտքի դրածո Փաշինյանին: Իհարկե, չի կարող: